Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ճշմարիտ եմ ասում Ձեզ. մինչև երկինքն ու երկիրը չանցնեն, օրենքից ոչ մի կետ կամ ոչ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև ամեն ինչ չկատարվի»։
   
    Այս խոսքերն ունեն հետևյալ իմաստը. անհնար է, որ օրենքը մնա առանց կատարման, և նույնիսկ նրա ամենափոքր կետն անգամ պետք է կատարվի, ինչը Տերն ապացուցեց Իր օրինակով՝ բացարձակ ճշգրտությամբ պահելով օրենքը: Այստեղ Նա նաև մեզ հասկացնում է, որ ամբողջ աշխարհը ևս պետք է այլ կերպարանք ընդունի: Պատահական չէ, որ Հիսուս այսպես խոսեց, այլ Իր այս խոսքով նպատակ ունեցավ վսեմացնել ունկնդրի հոգին և ցույց տալ, որ Ինքն արդար է վարվում՝ կյանքի նոր կանոններսահմանելով: Եթե ամբողջ արարչագործությունը նոր կերպարանք պետք է ընդունի, ապա մարդկային ցեղը նույնպես պետք է կանչվի դեպի մեկ այլ հայրենիք՝ դեպի ավելի վսեմ կենսակերպ:

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
   
    Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. երկինքն ու երկիրը կանցնեն, [բայց] մի հովտ [իսկ], որ մի նշանագիր է, չի անցնի Օրենքից ու Մարգարեներից, մինչև բոլորը չիրականանա:

    Աստվածային խոսքերի՝ ճշմարտությամբ հաստատվելը ցույց է տալիս, որ հնարավոր չէ, որ երկինքն ու երկիրն անցնեն, մինչև ամեն ինչ չիրականանա, ինչպես ուրիշ [Ավետարանում] էլ [Տերն] ասում է. «Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրն անցնեն, քան Օրենքից մի նշանագիր պակասի» (Ղուկ. 16:17), և թե՝ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24:35), որով հայտնում է, որ Օրենքը Նրա կողմից է տրվել և մարգարեներն էլ Նրա [մասին վկայելու] համար են ուղարկվել:

    Իսկ «հովտ»-ը  1 հունարեն [նշանակում] է «ձայն» և մեր [լեզվով] թարգմանվում «գիր», և [նույնիսկ] այն, ինչ մի փոքր նշանագիր է, անհնար է, որ առանց իրականացման մնա նախքան երկնքի և երկրի անցնելը: Կամ էլ՝ [այս խոսքը նշանակում է, որ] մարդը պարտավոր է կատարել բոլոր [օրենքները], ինչպես և [Տերն] Ինքը կատարեց:

    Երկնքի և երկրի անցնելու մասին հիշատակելով՝ [Տերը] մի կարևոր բան է ցույց տալիս. այն, որ այս աշխարհը ոչ թե անէանալու է, այլ կերպարանափոխվելու, այնպիսի ձևով, որ տարերքները նորոգվելու են: Նախ երկիրը, կրակով այրվելով, հարթահատակ հավասարվելու է՝ թոթափելով ծանրությունը, անհարթությունն ու մթությունը, և դառնալու է ապակու պես հստակ կամ «բյուրեղ» կոչվող քարի նման, ինչպես տեսավ Հովհաննես [ավետարանիչը]  (Հայտ. 21:20): Իսկ օդը պայծառանալու է, և բոլոր խռովալից ամպրոպները վերանալու են: Այսպես մաքրվելու են կրակն ու ջուրը և միայն կարողությամբ են պահելու իրենց որակները և ո՛չ թե ներգործությամբ, քանի որ ջրի սառնությունն ու կրակի այրեցողությունը վերցվելու են մեղավորներին տանջելու համար, իսկ ջրի փայլունությունն ու կրակի լույսը կազմելու են արդարների պսակները՝ ըստ Դավթի. «Տիրոջ ձայնը զատում է բոցը կրակից» (Սաղմ. 28:7): Երկինքն էլ, քանի որ էությամբ չունի փոփոխվելու հատկություն, այլ նրա շարժումը միայն անկատարության [արդյունք] է, ուստի այն կրակով չի մաքրվելու, ինչպես երկիրը, այլ միայն նրա շարժումն է դադարելու՝ մագաղաթի պես նրա գալարվելուց հետո  (Ես. 34:4): Այդպես նաև լուսատուները՝ արևն ու լուսինը, կանգնելու են մեկն արևելքում, մյուսն՝ արևմուտքում, որ տեղ էլ հենց ստեղծվել են, և միայն յոթնապատիկ ավելի պայծառ են դառնալու՝ ըստ մարգարեության (Ես. 30:26): Իսկ կանգնելու են, որովհետև ավարտել են իրենց սպասավորությունը, և քանի որ [երկրի վրա] ծնունդները դադարելու են, դադար են առնելու և նրանք:

    Բայց անհրաժեշտ է ասել, թե ինչո՛ւ են [տարերքները] նորոգվելու: Նախ՝ ինչպես որ տարերքները եղծվեցին մարդու հանցանքի պատճառով, այդպես էլ նորոգման պիտի արժանանան մարդու փառքի պատճառով, ինչպես ասում է առաքյալը (Հռոմ. 8:19-22): Երկրորդ՝ նորոգությունն ընդունելու են մարդկանց սպասավորելու և ծառայելու դիմաց իբրև հատուցում: Երրորդ՝ փառավորված մարդուն ըստ հնարավորինս համապատասխան կերպարանք նաև աշխարհը պիտի առնի: Չորրորդ՝ աշխարհը ստեղծվեց, որպեսզի մարդն այս արարածների միջոցով՝ որպես հայելիով, տեսնի Աստծուն, Ում հնարավոր չէր տեսնել Նրա բնությամբ, իսկ հանդերձյալում պետք է հայելին մաքրել ու պայծառացնել, որպեսզի արարածների գեղեցկությամբ՝ Արարչի գեղեցկությունն առավել ճանաչվի: Բայց սա՝ ո՛չ հարկադրաբար, ո՛չ այն պատճառով, որ Աստծուն այլ կերպ տեսնել չենք կարող, ինչպես այժմ, այլ ցնծության համար, որպեսզի իմացականի պայծառության շատացման հետ պայծառանա նաև զգայականի տեսողությունը  2:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
   
    «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանագիծ է, Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի»:

    Այն ամենից, ինչ որ ասվեց Մովսեսի և մարգարեների կողմից, ներառյալ Քրիստոսի գալստյան և Նրա գործերի մասին, որոնք հրաշքներով և սքանչելիքներով կատարվեցին, ինչպես նաև ամբողջ երևելի աշխարհի մասին, [և այն մասին], որ պետք է լինի երկնքի և երկրի վախճանից առաջ, մի հովտ իսկ, որը մի տառի նիշ է, և հնչյուն է խորհրդանշում, չի լինի դատարկ:

    Այսինքն՝ ինչ որ բառ, որ թվում է սոսկ գրված և ոչ պիտանի, այնուամենայնիվ իզուր չէ գրված օրենքներում և մարգարեություններում: Եթե մեկը, սա փոքրիկ պատվիրան կարծելով, ջնջի և հաստատապես չուսուցանի, այնպիսին՝ որպես ոչ ճշմարիտ վարդապետ, երկնքի արքայությունում փոքր կկոչվի: Իսկ ով իսկապես կուսուցանի և ոչ միայն կուսուցանի, այլև ինքը կկատարի, ինչը ուրիշներին է ուսուցանում, նա մեծ կկոչվի երկնքի արքայությունում (Մատթ. 5:19):

    Որովհետև նա, ով ուսուցանում է արդարություն գործել, պարտավոր է ոչ միայն խոսքերով ուսուցանել, այլև ինքը պետք է կատարի արդարության գործերը: Ուրեմն, մանավանդ գործերով, քան թե խոսքերով կարող է ուսուցանել, ինչպես և ասվում է. «Սկսեց Հիսուս գործել և ուսուցանել» (Գործք. 1:1) և ո՛չ թե միայն ուսուցանել: Ուստի և վրա է բերում՝ այսպես ուսուցանելով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17