Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Արդ, ով խախտի այս փոքրագույն պատվիրաններից մեկն անգամ և այդպես ուսուցանի մարդկանց, նա ամենափոքրը կկոչվի Երկնքի արքայության մեջ. իսկ ով կատարի և ուսուցանի, նա մեծ կկոչվի Երկնքի արքայության մեջ»։
Տերը, վերացնելով Իր առնչությամբ եղած բոլոր տեսակի կասկածները և փակելով նրա´նց բերանները, ովքեր կհամարձակվեին հակադարձել Իրեն, արդեն սկսում է երկյուղ առաջացնել և խիստ սպառնալիքներ հնչեցնել՝ Իր կողմից ներմուծվող օրենքը պաշտպանելու համար: Իսկ այն, որ Նրա արտաբերած խոսքերը վերաբերում են ոչ թե հին պատվիրաններին, այլ ա´յն պատգամներին, որոնք Քրիստոս Ինքն էր մտադիր տալ, ակնհայտորեն երևում է հետևյալից. «Որովհետև, ասում եմ ձեզ, — ասում է Նա, — եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների և փարիսեցիների արդարությանը, դուք չեք մտնի Երկնքի արքայություն» (Մատթ. 5:20): Եթե Հիսուսի հնչեցրած սպառնալիքները վերաբերեին հին օրենքը խախտողներին, ապա Նա ինչո՞ւ պետք է ասեր՝ «եթե չգերազանցի»: Նրանք, ովքեր անում էին նույնը, ինչ փարիսեցիները, անկասկած, չէին կարող վերջիններիս նկատմամբ որևէ առավելություն ունենալ` համաձայն արդարացի ապրելակերպի կանոնների: Իսկ ո՞րն էր այդ առավելությունը: Ա´յն, որ չպետք է բարկանալ, չպետք է կնոջ վրա նայել ցանկասիրությամբ:
Հիսուս ինչո՞ւ է այս նոր պատվիրաններն անվանում «փոքր»` այն դեպքում, երբ դրանք այդքան կարևոր և վսեմագույն են: Որովհետև Նա Ի´նքն էր տալիս այս օրենքը: Եվ ինչպես որ Նա խոնարհեցնում է Ինքն Իրեն և շատ տեղերում համեստորեն է խոսում Իր մասին, այդպես է խոսում նաև Իր օրենքի´ մասին՝ այդպիսով մեզ ուսուցանելով միշտ համեստ լինել: Բացի այդ, քանի որ Հիսուսին կարող էին մեղադրել նորամուծություն մտցնելու մեջ, ուստի Նա ժամանակավորապես արտահայտություններն օգտագործում է համեստ ձևաչափով: Իսկ ահա երբ լսում ես «Երկնքի արքայության մեջ ամենափոքրը» խոսքերը, այլ բան մի՛ հասկացիր, քան միայն` գեհենը կամ տանջանքը: «Արքայություն» ասելով էլ՝ Քրիստոս ի նկատի ունի ոչ միայն գալիք բարիքների վայելքը, այլ նաև հարության ժամանակը և ահեղ Երկրորդ գալուստը:
Իսկապես որ, արդյոք հնարավո՞ր է, որ նա, ով իր եղբորը հիմար անվանի և խախտի մեկ պատվիրան, նետվի գեհեն, մինչդեռ նա, ով խախտի ամբողջ օրենքը և ուրիշներին էլ դրդի նույնն անել, արքայության մեջ հայտնվի: Հետևաբար, այստեղ նկատի չի առնվում դա, այլ այն, որ օրենքը խախտողն այդ ժամանակ կլինի ամենափոքրը, այսինքն՝ կլինի մերժվածն ու վերջինը, իսկ ահա այդ վերջինը, անկասկած, նետվելու է գեհեն: Աստված լինելով՝ Քրիստոս կանխատեսում էր շատերի անփութությունը, կանխատեսում էր, որ ոմանք Իր խոսքերը չափազանցություն կհամարեին և այս օրենքի մասին այսպես կխորհեին՝ «դժվար թե պատժվի նա, ով իր եղբորը հիմար կանվանի: Դժվար թե «շնացող» հորջորջվի նա, ով միայն կնայի կնոջ վրա»: Օրենքի հանդեպ նմանօրինակ արհամարհական վերաբերմունքը կանխելու համար Հիսուս սարսափազդու սպառնալիք է հնչեցնում թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի դեմ, այսինքն՝ թե´ նրանց դեմ, ովքեր խախտում են օրենքը, և թե´ նրանց դեմ, ովքեր ուրիշներին են դրդում խախտել օրենքը: Իմացած լինելով այդ սպառնալիքների մասին՝ ջանանք ինքներս չխախտել օրենքը և չթուլացնենք բոլոր նրա´նց ջերմեռանդությունը, ովքեր ցանկանում են պահպանել այն:
«Իսկ ով կատարի և ուսուցանի, նա մեծ կկոչվի Երկնքի արքայության մեջ»: Մենք պետք է օգտակարը գործենք ոչ միայն ինքներս մեզ, այլ նաև` ուրիշների համար. նա, ով միայն ինքն է առաքինի, միևնույն պարգևը չի ստանում, ինչ նա, ով իր հետ ուրիշին էլ է առաքինության առաջնորդում: Ինչպես այն ուսուցումը, որը չի արդարացվում համապատասխան գործերով, դատապարտում է ուսուցանողին, քանի որ, ինչպես ասում է առաքյալը, «ուրիշին ուսուցանելով` ինքդ քեզ չե՞ս ուսուցանում» (Հռոմ. հմմտ. 2:21), այդպես էլ բարի գործերը, եթե մենք միևնույն ժամանակ նաև ուրիշներին չառաջնորդենք բարեգործության, ավելի փոքր վարձատրության կարժանանան:
Այսպիսով, երկու պարագայում էլ պետք է կատարյալ լինել. նախևառաջ ինքներս մեզ ուղղելով` այնուհետև պետք է ջանքեր գործադրենք նաև ուրիշներին ուղղելու համար: Ահա թե ինչու Քրիստոս առաջին տեղում գործերը սահմանեց, ապա՝ ուսուցումը` այդպիսով ցույց տալով, որ միայն այդ եղանակով կարելի է հաջողությամբ ուսուցանել, իսկ հակառակ դեպքում այս պատասխանին կարժանանան. «Բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ» (Ղուկ. 4:23): Ամեն դեպքում, եթե մեկը, չկարողանալով ուսուցանել ինքն իրեն, ուրիշներին ուղղելու մասին մտածի, նա շատերի համար ծաղրի առարկա կդառնա, իսկ ավելի ճիշտ՝ նա ընդհանրապես չի կարողանա ուսուցանել, քանի որ նրա գործերը կհակասեն նրա ուսուցմանը: Իսկ եթե մարդ կատարյալ լինի երկու պարագայում էլ, ապա «նա մեծ կկոչվի Երկնքի արքայության մեջ»:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի:
Ով լուծարի 1 այս փոքր պատվիրաններից որևէ մեկը և այդպես սովորեցնի մարդկանց, երկնքի արքայության մեջ «փոքր» կկոչվի:
Երբ նախասացյալ խոսքով՝ «Չեկա խափանելու Օրենքը կամ Մարգարեներին, այլ լրացնելու», [Տերն] Իրեն ազատեց [հրեաների] չար կասկածներից, որ [Նրան] Օրենքի խափանիչ էին համարում, այնուհետև [Օրենքը] խախտողներին ահավոր սպառնալիքով է դիմում. «Ով լուծարի այս փոքր պատվիրաններից մեկը»: «Լուծարել» է ասում խափանելը. ով պատվիրաններից որևէ մեկը խափանի, ասում է, և այդպես խափանել սովորեցնի մարդկանց՝ չար լինելով և չարիքների ուսուցիչ, «փոքր» կկոչվի արքայության մեջ: Այսինքն՝ գեհենի ժառանգ կդառնա. որովհետև արքայությունից փոքր պետք է հասկանալ գեհենը: Եվ [Տերն] «արքայություն» է կոչում ոչ միայն [երկնային] փառքը, այլև հարությունը և [Իր] ահավոր [Երկրորդ] գալուստը:
Նաև՝ ով անձամբ խափանի այս սահմանված պատվիրաններից որևէ մեկը և ճշմարտությունն այդպիսի կյանքով սովորեցնի մարդկանց, «փոքր» կկոչվի: Ինչո՞ւ: Որովհետև քարոզողի զեխ կյանքն աշակերտներին թույլ չի տա անկեղծորեն հավատալ այդ պատվիրանին, ուստի կհակառակեն. «Եթե ճշմարիտ է [այդ պատվիրանը], ինքդ ինչո՞ւ չես կատարում»: Եվ այսպիսի կյանքով արհամարհել կտա ոչ միայն իրեն, այլև Օրենքը. ըստ առաքյալի՝ «Որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես» (Հռոմ. 2:21): Այս պատճառով էլ [Տերն] ասում է, որ արքայության մեջ [այդպիսին] «փոքր» կկոչվի, քանի որ ըստ իր աշխատանքի պիտի վարձատրվի: [Պիտի վարձատրվի] կամ այստեղ, ինչպես հարուստը (Ղուկ. 16:19-31)՝ [երկրային] բարիքներով վարձատրությամբ, որը [Տերը] «փոքր» է կոչում դրա անցավոր լինելու պատճառով, կամ էլ այն տեղ, որովհետև փառքը տարբեր է լինում՝ ըստ առաքյալի. «Արևն ա՛յլ փառք ունի, լուսինն ու աստղերը՝ ա՛յլ» (հմմտ. Ա Կոր. 15:41), որոնք [Տերն] ավելի փոքր ստեղծեց, քան արեգակը: Այդպիսին էլ կլինի այնպիսի [մարդու] փառքը: Եվ որ սա այսպես է, հաստատվում է հաջորդ [խոսքով]: Եվ անառակ կյանքի դիմաց [մարդը] պատիժ կրում է կա՛մ այս տեղ, կա՛մ այնտեղ:
«Որևէ մեկը» խոսքը լսողների մեջ վախ է առաջացնում: Եթե մեկ [պատվիրանի] պատճառով փառքը նվազում է, ապա եթե [մարդը] խափանի բոլորը կամ [պատվիրանների մեջ] մեծը, ի՞նչ տեղ կժառանգի:
Բայց [մեկնիչներից] ոմանք համարում են, որ [Քրիստոսն այստեղ միայն] Ի՛ր պատվիրանը [նկատի ունի], և «փոքր» կոչվելու պատճառ են դիտում այն, որ ինչպես որ Նա, Ով բոլորից մեծ էր՝ ըստ սաղմոսասացի (Սաղմ. 95:4), Իրեն «փոքր» կոչեց, այդպես էլ [«փոքր» է կոչում] Իր պատվիրանները, որպեսզի մեզ խրատի չափի մեջ մնալ, որովհետև Նրա [գործած և ասած] ամեն բան մեզ օրինակ ծառայելու համար էր: Կամ էլ, քանի որ այդ ժամանակ Մովսեսի [պատվիրանները] մեծ էին համարում, [Տերն] Իր խոսքը կազմեց ըստ լսողների կարծիքի:
Իսկ ով կատարի և սովորեցնի, «մեծ» կկոչվի երկնքի արքայության մեջ:
Որովհետև պարտավոր ենք ոչ միայն մեր հոգին շահել, այլև շատերի, ինչպես որ Ինքը [Տերն] էլ Իր մասին չէր հոգում, այլ շատերի, ուստի չասաց. «Ով կատարի, «մեծ» կկոչվի», այլ ով նաև «սովորեցնի», ինչպես որ Ինքը ևս և կատարում էր, և սովորեցնում: Ինչպես սովորեցնելն առանց [սովորեցրածը] կատարելու դատապարտում է [սովորեցնողին], այդպես էլ ով կատարում է և ուրիշներին չի սովորեցնում, իր փառքը փոքրացնում է, ինչպես [Տերն] ասաց: Այդ պատճառով էլ երկու կերպ է պետք կատարյալ լինել և ապա՛ փառքով «մեծ» կոչվել երկնքի արքայության մեջ՝ ըստ արևի փայլի, որովհետև «արդարներն արևի պես են փայլելու արքայության մեջ»,- ասում է [Տերը] (Մատթ. 13:43): Քանի որ [արևն] ավելի մեծ է, քան մյուս լուսատուները, [սրանով Տերն արդարների] փառքի մեծությունն է ցույց տալիս, ինչպես որ «Ելքի» գրքում [Առաջավորության] հացի սեղանը կոչվում է «ոսկեպսակ» 2, որը ժառանգելու են [հոգևոր] ուսուցիչները շատերին իրենց մատակարարած խոսքի հացի դիմաց:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: