Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
25-26. «Փութով հաշտվիր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես, որպեսզի հակառակորդը քեզ չհանձնի դատավորին, իսկ դատավորը՝ դահճին, և քեզ բանտ չնետեն»։ «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես»։
Միևույն նպատակով` դատաստանի, ատյանի, գեհենի և զոհաբերություն մատուցելու վերաբերյալ հորդորներից հետո, Քրիստոս ավելացնում է հետևյալը. «Փութով հաշտվիր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես»: Մի՛ ասա. «Ի՞նչ պետք է անեմ, եթե ինձ վիրավորում են, եթե խլում են իմ ունեցվածքը և քարշ տալիս դատարան»: Քրիստոս նույնիսկ այդպիսի դեպքերում արգելում է թշնամություն անել՝ վերացնելով դրա ամեն շարժառիթ և պատրվակ: Քանի որ այս պատվիրանը հատկապես կարևոր էր, ուստի Տերն ասես «համոզում» է այն կատարել՝ մատնանշելով ոչ թե ապագա բարիքները, այլ ներկայի առավելությունները, որոնք ավելի հեշտությամբ կարող են զսպել խստասիրտ մարդկանց, քան թե դա կարող էին անել ապագայի վերաբերյալ խոստումները:
Դու ասում ես. «Նա ինձնից ուժեղ է և վիրավորում է ինձ»: Բայց արդյո՞ք նա քեզ ավելի մեծ վնաս չի հասցնի, եթե դու չհաշտվես նրա հետ և ստիպված լինես գնալ բանտ: Հաշտություն կնքելով՝ դու կզիջես ունեցվածքդ, բայց փոխարենը քո մարմինը ազատ կլինի: Իսկ եթե դու ենթարկվես դատավորի վճռին, կշղթայվես և կենթարկվես ամենախիստ պատժին: Մինչդեռ եթե խուսափես այդ վեճից, ապա կստանաս կրկնակի օգուտ. նախ՝ չես կրի որևէ տհաճություն, երկրորդ՝ դա քո կողմից առաքինության դրսևորում կլինի, այլ ոչ թե հարկադրանքի հետևանք: Եթե չես ցանկանում լսել իմ խրատները, ապա ավելի շատ վնաս կհասցնես ոչ թե հակառակորդիդ, այլ ինքդ քեզ: Տե՛ս, թե ինչպե՞ս է Քրիստոս այստեղ ևս «համոզում» քեզ իսկույն հաշտվել: Ասելով՝ «խոհե´մ եղիր («հաշտվի´ր») քո հակառակորդի հետ», Իր այդ խոսքին ավելացնում է՝ «փութով»: Բայց դրանով ևս չբավարարվելով՝ Հիսուս նոր խթան է առաջարկում արագ հաշտության հասնելու համար՝ ասելով. «Քանի դեռ նրա հետ ճանապարհին ես», որպեսզի այս ամենով ավելի ուժգին մղի և ստիպի քեզ դադարեցնել վեճը:
Իսկապես որ, ոչինչ այնքան չի խաթարում մեր կյանքի կարգուկանոնը, որքան մեր իսկ դանդաղկոտությունն ու բարի գործեր կատարելու հարցում մեր անընդհատական հետաձգումները: Նման դանդաղկոտությունը հաճախ պատճառ է դառնում, որ մենք կորցնենք ամեն ինչ: Այդ իսկ պատճառով էլ, ինչպես Պողոսն է ասում. «Մինչև արեգակի մայր մտնելը դադարեցրո´ւ թշնամությունդ», իսկ ավելի վեր՝ Քրիստոս Ինքն է հորդորում է. «Նախքան ընծադ մատուցելը հաշտվի´ր»: Այդպես էլ այստեղ է Հիսուս հորդորում նույն կերպ վարվել՝ ասելով. «Փութով…քանի դեռ նրա հետ ճանապարհին ես»,— քանի դեռ չես հասել դատարանի դռներին, քանի դեռ չես կանգնել դատավորի առջև և, վերջիվերջո, չես հայտնվել նրա իշխանության տակ: Քանի դեռ դատարան չես մտել, դու լիովին տիրում ես ինքդ քեզ, բայց հենց որ անցնես դատարանի շեմքից ներս, այդժամայն իսկ դու արդեն կախում ունես մեկ ուրիշից, և որքան էլ ջանաս, այլևս չես կարող տնօրինել ինքդ քեզ այնպես, ինչպես կուզեիր:
Իսկ ի՞նչ է նշանակում «խոհե´մ եղիիր» («հաշտվի՛ր») խոսքը: Դա նշանակում է կա՛մ այն, որ դու նախընտրում ես ընդունել վիրավորանքը, կա՛մ որ համաձայնում ես հարցը դիտարկել՝ քեզ քո հակառակորդի տեղը դնելով, որպեսզի եսասիրությունից դրդված` չխախտես արդարադատության սահմանները, այլ քո սեփական հարցին վերաբերվելով ինչպես մի օտարի դատի՝ անաչառ վճիռ կայացնես: Եթե դա քեզ համար չափազանց մեծ է թվում, մի՛ զարմացիր: Քրիստոս հենց այդ պատճառով է նախապես հռչակել բոլոր հայտնի երանությունների մասին, որպեսզի ճանապարհ հարթելով և պատրաստելով ունկնդրի հոգին` այն ավելի ընդունակ դարձնի այս բոլոր օրենքներն ընդունելուն:
Ոմանք ասում են, թե Տերը «հակառակորդ» անվան տակ նկատի ունի սատանային և արգելում է նրա հետ որևէ գործ ունենալ, ինչը, ենթադրաբար, պատգամվում է «խոհե´մ եղիիր» («հաշտվի՛ր») խոսքերով: Այս ենթադրությունը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ այս կյանքից հեռանալուց հետո հնարավոր չէ ազատվել սատանայի ձեռքից, ուստի այդժամ արդեն մեզ անխուսափելի պատիժ է սպասվելու: Սակայն ինձ թվում է, որ այստեղ Հիսուս խոսում է դատավորների, դատարան տանող ճանապարհի և բանտի մասին, ինչպես մենք բառացիորեն ականատես իսկ ենք լինում այս համարում:
Ի լրումն բարձրագույն, գալիք բարիքների արժանանալու հեռանկարից ծնվող խթանների, Քրիստոս մեզ նաև վախեցնում է ներկա կյանքում պատուհասվող հնարավոր պատիժներով: Այդպես է վարվում նաև Պողոսը՝ իր ունկնդրին «համոզելով» ոչ միայն ապագայի, այլ նաև ներկայի պատկերը ներկայացնելով: Այսպես, մեզ չարիքից հեռու պահելու համար նա չարագործին «կանգնեցնում» է սրով զինված իշխանավորի առջև. «Եթե չար գործես, վախեցի՛ր, քանի որ սուրը մեջքին իզուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա» (Հռոմ. 13:4):
Նմանապես, իշխանավորին հնազանդվելու մասին պատգամ տալով, նա որպես խթան ներկայացնում է ոչ միայն Աստծու հանդեպ վախը, այլև իշխանավորի սպառնալիքները և մեր նկատմամբ նրա հոգատարությունը. «Դրա համար, - ասում է նա, - պետք է հնազանդվել ոչ միայն պատժի վախից, այլ նաև խղճմտանքի պատճառով» (հմմտ․ Հռոմ. 13:5):
Խստասիրտ մարդկանց վրա, ինչպես արդեն ասացի, սովորաբար ավելի մեծ ազդեցություն է ունենում այն, ինչ գտնվում է նրանց աչքի առջև և ոտքերի տակ: Այդ պատճառով էլ Քրիստոս նշեց ոչ միայն գեհենը, այլ նաև դատարանը, բանտարկությունը և բանտարկության բոլոր դժվարությունները՝ ցանկանալով այս ամենի միջոցով վերացնել սպանության արմատը: Նա, ով վիրավորական խոսքեր չի արտաբերում, չի ցանկանում դատվել և չի սաստկացնում թշնամությունը, արդյո՞ք կարող է սպանություն գործել: Այսպիսով, այստեղից էլ պարզ է դառնում, որ մերձավորի օգուտը կապված է մեր օգտի հետ: Իր հակառակորդի հետ հաշտվողը շատ ավելի մեծ օգուտ է ստանում, որովհետև ազատվում է դատարանից, բանտից և բանտարկության բոլոր դժվարություններից:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
25-26. Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:
Իրավախո՛հ ե ղիր ոսոխիդ հետ նախապես, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե ոսոխդ քեզ դատավորին հանձնի, դատավորը՝ դահճին, և բանտ գցվես: Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից չես ելնի, մինչև վերջին լուման չվճարես:
Այս խոսքով [Տերը] կենսօգուտ խրատ է տալիս և հաստատում նախասացյալ հաշտությունը, թե ում հետ էլ հակառակություն ու վեճ ունենաս, ասում է, և նա քո ոսոխը դառնա ու քոնը հափշտակելով սեփականացնի, քանի որ այսպիսին է ոսոխը, և բռնությամբ քեզ քաշի-տանի դատարան, քանի դեռ ճանապարհին ես և դատավորի ատյանից տակավին հեռու, տո՛ւր, ասում է, նրա հաշիվը: Այսինքն՝ ինչ որ պահանջում է քեզնից, տո՛ւր, որովհետև սա անելով՝ երկու մեծ օգուտ կունենաս. առաջին՝ քեզ կխնայես և վշտերի մեջ չես ընկնի, և երկրորդ՝ [խնդիրը] դո՛ւ կլուծես և ո՛չ թե [ոսոխիդ] բռնությունը, ուստի դատաստանի իրավունքի կշեռքը քո կողմը կբերես և սակավ վճարով կազատվես ոսոխից: Իսկ եթե չանսաս [նրան], նրա՛ն չես վնասի, այլ քե՛զ: Որովհետև եթե առանձին ինքդ քեզ արդար էիր համարում, ապա հրապարակավ անիրավ կհամարվես, երբ նա քեզ դատավորին հանձնի, դատավորը՝ դահճին, վերջինս էլ [քեզ] բանտ գցի, որտեղից չես ելնի, մինչև վերջին լումադ չվճարես, այսինքն՝ ամբողջովին չաղքատանաս՝ մինչև վերջին լումադ տուգանք տալով՝ [ելնելով] ոսոխի իրավունքից, ինչի մասին նախապես չմտածեցիր, ինչպես նաև դատավորի և նրա պաշտոնյաների:
Բայց ինձ թվում է՝ այս խոսքն ավելի խոր իմաստ է արտահայտում: Ոսոխը խորհրդանշում է մեր մարմինը: Ինչպես այն այրին, որ ներկայանալով անիրավ դատավորին՝ մարմնի ոսոխի դեմ իրավունք էր պահանջում (Ղուկ. 18:2-5), [այդպես էլ մեր հոգին պիտի վարվի]: Ուստի Տերը խրատում է մեր հոգուն թե՝ «Քո մարմին ոսոխի հետ իրավացիորե՛ն վարվիր, քանի դեռ ընթացակից ես նրան այս աշխարհում», որովհետև դա է խորհրդանշվում «ճանապարհին» [խոսքով]: Իսկ «իրավախոհ լինելը» մարմնի կարիքները չափավորապես հոգալն և է ոչ թե մարմինը խիստ ժուժկալությամբ ճնշելը, որովհետև սա նույնպես անիրավություն է, ինչպես դրա հակառակը՝ հոգին զրկելը, այլապես անչափ ճգնությանը չդիմանալով՝ մարմինը բողոք է բարձրացնում անիրավ դատավորի՝ մտքի դեմ: Եվ վերջինս, գթալով զրկված ու տկարացած մարմնին, հրամայում է դահիճներին՝ զգայարաններին ու հոգու մասերին, առատությամբ անելու մարմնի ծախսերը՝ ցանկասիրությամբ նայելու, հաճույքասիրությամբ լսելու, ագահությամբ շվայտանալու և մեղքերի բազմազան ուրիշ տեսակներով շռայլաբար զվարճանալու միջոցով: Եվ այս հաճույքները, ասես դահիճներ դառնալով, հոգին կգցեն խավար բանտը՝ անառակ կյանքի մեջ, որից Դավիթն ազատվել էր հայցում՝ ասելով. «Բանտից հանի՛ր իմ հոգին» (Սաղմ. 141:8), բայց [հոգին] չի ելնի այնտեղից, մինչև չիրագործի մարմնով կատարվող մեղքերի վերջին տեսակները: Այսպիսի շատ [մարդկանց] ենք տեսել, ովքեր հրեշտակային վարքից ընկել են ծայրագույն թշվառության մեջ, քանի որ հոգու և մարմնի միջև իրավախոհ մատակարար չեղան:
Ոմանք էլ ոսոխ են համարում սատանային՝ ըստ առաքյալի. «Ձեր ոսոխն առյուծի պես գոչում է» (Ա Պետ. 5:8), և «ճանապարհ» են կոչում այս կյանքը: Հետևաբար՝ [Տերը] հրամայում է նախապես հաշիվները փակել, քանի դեռ այս աշխարհում ենք՝ թույլ չտալու, որ [սատանային] պատկանող որևէ բան լինի մեր մեջ, և եթե գտնվի, խոստովանությամբ այն դուրս փսխել նրա երեսին և երկնավոր Դատավորի առաջ բարի գործեր ներկայացնել, որպեսզի երբ այստեղից ելնենք, [սատանային] պարտք չմնանք՝ նրա չար կամքին հետևած լինելով: Այլապես, եթե այսպես չլինի, նա, ով այժմ մտերիմ է ձևանում, այն ժամանակ դատախազի դերն է ստանձնելու՝ [ասելով]. «Ո՛չ թե իմ խաբեությամբ ծառայեց չարին, այլ սեփակա՛ն հոժարությամբ»: Իսկ Դատավորն էլ կհրամայի հրեշտակներին, որոնց [Տերը] «դահիճներ» կոչեց, և կգցեն արտաքին խավարի «բանտը», որտեղ աչքերի լաց և ատամների կրճտում (Մատթ. 8:12, 13:42, 50 ): Եվ այնտեղից չես ելնի, ասում է, մինչև չհա տուցես վերջին տուգանքը՝ ոչ միայն խոսքերի, այլև խորհուրդների դիմաց: Իսկ «մինչև»-ն [այստեղ ցույց տալիս] ոչ թե ժամանակավորություն, այլ անեզրություն:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես:
«Քո ոսոխի հետ իրավախոհ եղի՛ր, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես»:
Երևելի ոսոխի նկատմամբ բարվոք է նախապես իրավունքներ ձեռք բերել՝ անձամբ գիտենալով նրա հանցանքներն ու անիրավությունները, որպեսզի չմատնվենք դատավորի ձեռքն ու բանտ ընկնենք, որտեղից չենք ազատվի, եթե չհատուցենք պարտքը՝ մինչև վերջին մի նաքարակիտն իսկ, որը մի դանգ կամ մի միճոն 1 է:
Ասվածը առավել պատշաճում է աներևույթ ոսոխներին և անիրավ և վատթար դիտավորություններին, որոնք լինում են սատանայի՝ բովանդակ բարու ոսոխի կողմից, որ հորդորում է գործել ամեն անիրավ գործ: Արդ, քանի դեռ ճանապարհին ենք, այսինքն` այս կյանքում, պետք է իրավախոհ լինենք, խոստովանենք մեր հանցանքները` ինքներս մեզ դատապարտելով, ու անիրավ խորհուրդները փոխարինենք օրինվորներերով, որպեսզի այստեղ [արդեն] արդարանանք` [ըստ հետևյալ խոսքի]. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես․ 43:26):
Իսկ եթե ճանապարհին չխոստովանենք և անիրավություններից արդարության չդառնանք, ապա այս երևելի աշխարհի վախճանին մերկապարանոց կկանգնենք դատավորի առջև. դատապարտվելով մեր ոսոխից՝ մեզ կմատնենք դատավորից դահիճի ձեռքը և հրեշտակների տանջանքներով կընկնենք բանտ՝ արտաքին խավարը, որտեղից չենք ելնի, եթե չհատուցենք մեր անօրենության և հանցանքների բոլոր պարտքերը, նույնիսկ մինչև փոքրագույն և նվազ հանցանքները, որոնք միայն խոսքով, խորհրդով և ակամա ենք գործել, որը վերջին գրոշ և նաքարակիտ անվանվեց (հմմտ. Ղուկ. 12:56-59):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: