Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր»։
   
    Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:28
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր:
   
    Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա և վաղը հնոցն է գցվելու, Աստված այդպես է հագցնում, որքան ավելի ձե՛զ [կհագցնի], թերահավատնե՛ր:

    Ծաղիկն իբրև գեղեցկության օրինակ բերելուց հետո այժմ էլ խոտն է հիշատակում՝ վաղանցուկ լինելու պատճառով. այսինքն՝ եթե դյուրավ խամրող խոտը, որ այսօրյա կյանք ունի և կրակի է մատնվելու, Աստված այդքան պճնազգեստ է ստեղծել, որքա՛ն ավելի ձեզ [կզգեստավորի], թերահավատնե՛ր: Սա ասելով՝ [մարդկանց հանդեպ] Աստծո սերն ու պատիվն է ցույց տալիս, որպեսզի ասի. ձեզ, ում Նա հոգի շնորհեց և ձեր մարմինը կերտեց, ում համար այս աշխարհը ստեղծեց, Օրենքը տվեց, մարգարեներին ուղարկեց, նաև Իր Միածնին չխնայեց, այլ ձեր ամենքի համար մահվան մատնեց, ինչպե՞ս Նրա միջոցով չի շնորհի ամեն ինչ: [Տերն] իրավացիորեն է կոչում «թերահավատներ», որովհետև թերահավատությունն է [աստվածային] խնամքի խափանման պատճառը, որովհետև թողնելով այն հույսը, որով ամենքը սպասում են՝ իրենց մարմնի բազկին են ապավինում և անեծքի տակ ընկնում՝ չհավատալով, որ Աստված կարող է կերակրել [իրենց] կամ իրենց մերկությունը ծածկել. ուստիև [Տերը նրանց] կոչում է «թերահավատներ», որպեսզի վատ զգան և համոզվեն [Տիրոջ խոսքի ճշմարտության մեջ]:

    Բայց քննության հարկ կա, թե եթե ծաղիկները ենթակա են կրակից ճարակման, ապա [Աստված] ինչո՞ւ է դրանք այդքան գեղեցիկ ստեղծել: Նախ՝ որպեսզի Իր իմաստությունն ու զորությունը ցույց տա, և ամենուրեք Նրա փառքը տեսնենք, նայելով ոչ միայն մեծ, այլև ամենահետին [արարածներին]՝ գովաբանենք [Նրան]՝ ըստ այսմ. «Աստծո տկարը մարդկանցից առավել զորավոր է» (Ա Կոր. 1։25): Երկրորդ՝ [որպեսզի ցույց տա] Իր աննախանձ շնորհի առատությունը, որ ոչ միայն բանական և շնչավոր [արարածներին] է բազմատեսակ շնորհներ առաքում, այլև անշունչներին ու ամենահետիններին զարմանազան գեղեցկություն պարգևում. ինչպես որ ծովում կամ ապառաժ վայրում աղբյուր է բխեցնում, վեմերի վրա անձրև ցողում, լուսատեսիլ ակներ ու մարգարիտներ դնում ծովի խորքում, այդպես էլ արմատներին ու ծաղիկներին զորություն ու անպատմելի գեղեցկություն է շնորհում: Եվ երրորդ՝ դրանք ստեղծվեցին [մեզ] խրատելու, սովորեցնելու և օգուտ տալու համար, որ նայելով՝ զգաստանանք հավատքով և անբաններից էլ անբան չլինենք:

    Իսկ այլաբանորեն՝ [այս խոսքի իմաստը] սա է: Քանի որ [Տերը] թռչունների միջոցով հրեշտակների մասին հիշեցրեց, այժմ էլ շուշանով, որը «վայրի» է կոչում, վայրենաբարո ազգերին ու այլակրոններին է ցույց տալիս: Եվ նրանց «շուշան» է կոչում փափուկ կյանքի և բարձր փառքի համար, որ աշխատանքով չէ, որ վայելում են աշխարհի փառքը, ինչպես տեսնում ենք բարբարոս ազգերին, որոնք ունեն երկիր ու նրա հարստությունը, իսկ մտքով իմաստունները, ինչպես Հովհաննես [Մկրտիչը], ում Սողոմոնի անունով է [Տերը] կոչում, չհաղորդվեցին նրանց փառքին, ինչպես ասաց Տերը նրա մասին. «Ի՞նչ ելաք տեսնելու՝ փափուկ հագուստներով զարդարված մարդո՞ւ. ահա փափուկ հագուստ կրողները թագավորների տներում են» (Մատթ. 11:8): Ուրեմն՝ եթե Աստված այդպես հարստացնում ու երկրի տերեր է դարձնում, ինչպես Նաբուքոդոնոսորին և ուրիշ շատերի, նրանց, ովքեր խոտ են՝ ըստ մարգարեի (Ես. 50։6), և միայն այս կյանքն են վայելում և ոչ թե հանդերձյալը, ինչպես ասում է [Տերը]՝ «այսօր կա և վաղը հնոցն է գցվելու», ապա որքա՛ն ավելի ձեր [մասին կհոգա], միայն թե հավատ ունենաք և չերկմտեք, դուք, որ ոչ միայն այժմյան, այլև հանդերձյալ [բարիքներն] եք ժառանգելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19