Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն արդեն ստացել են»։
   
   Ահա այստեղ էլ Հիսուս այն աղոթողներին, որոնք աղոթում են հպարտությամբ, կոչում է «կեղծավորներ»: Եվ դա միանգամայն արդարացի է, քանի որ նրանք, ձևացնելով, թե աղոթում են Աստծուն, իրականում միայն մարդկանց են նայում և, այդպիսով, իրենց ներկայացնում են ոչ թե որպես աղոթողներ, այլ որպես ծիծաղելի մարդիկ: Նա, ով ցանկանում է աղոթել, ամեն ինչ թողնելով, իր հայացքն ուղղում է միայն Նրան, Ով կարող է կատարել իր խնդրանքը: Իսկ եթե, հեռանալով Նրանից, դու սկսես թափառել այլևայլ թեմաների մեջ և հայացքդ ուղղես ամենուր, ապա կմնաս ձեռնունայն, որովհետև դու ինքդ ես դա ցանկացել: Հետևաբար, Փրկիչը չի ասում, որ նման մարդիկ վարձատրություն չեն ստանա, այլ ասում է, որ նրանք կստանան իրենց վարձը, այսինքն՝ կընդունեն վարձատրություն, բայց միայն նրանցի´ց, ումից իրենք ցանկանում են ստանալ: Աստված չէ, որ այդպես է ցանկանում, այլ, ընդհակառակը, Տերն Ինքը կցանկանար Իր վարձատրություն պարգևել, բայց նրանք, մարդկանցից վարձատրություն փնտրելով, այդպիսով իսկ անարժան են դառնում պարգև ստանալ Աստծուց, Ում համար ոչինչ չեն արել: Տե´ս, որքան մեծ է Աստծու մարդասիրությունը, երբ Նա խոստանում է վարձատրություն շնորհել նույնիսկ այն բարիքների համար, որոնք մենք խնդրում ենք Նրանից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
   
   Եվ երբ աղոթես, մի՛ եղիր կեղծավորների պես, ովքեր սիրում են աղոթքի կանգնել ժողովարաններում և փողոցների անկյուններում, որպեսզի երևան մարդկանց: Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. հենց դա էլ նրանց վարձն է:

   Ինչպես ինձ թվում է, Տիրոջ այս ուսուցման նպատակն աշակերտներին փառասիրության ու մարդահաճության ախտից ազատելն է, որովհետև այս երեք առաքինությունների մեջ այս ախտն առավել է ի հայտ գալիս, քան մյուսների:Ուստիև Տերը զգուշացնում է, որովհետև գիտի, որ այդպիսի [կեղծավորը] ոչ միայն վարձ չի ստանա, այլև «թանձր հողի պես, որ սփռված է երկրի վրա, այդպես կցրվեն մարդահաճոների ոսկորները»՝ ըստ մարգարեի (հմմտ. Սաղմ. 52:6): Եվ ասում է, որ երբ ինչ-որ բարիք ես հայցում Աստծուց, կեղծավոր մի՛ եղիր օրենսգետների և փարիսեցիների պես, ովքեր «ուտում էին այրիների տները և երկար աղոթում» ժողովարաններում ու փողոցներում: Նրանք իրոք կեղծավոր էին, որովհետև իբր Աստծուն էին աղոթում, բայց աչքերը շուրջը պտտում էին՝ մարդկանց նայելու՝ չհասկանալով, որ ում աղաչում է մեկը, պետք է ամեն ինչ թողնի և միայն նրան նայի, իսկ եթե նրան թողած՝ այս ու այն կողմ է պշնում, դատարկ ձեռքով է դուրս գալիս: Նաև մի ուրիշ բանի մեջ է [Տերը] նրանց մեղադրում. նրա, որ աղոթքն արժանավոր տեղում չեն կատարում, այլ ամբոխի մեջ և մարդկանցով լի փողոցներում, և դա՝ ո՛չ պատահմամբ և մի անգամ, այլ երկար ժամանակ են սիրում [անել]: Ինչո՞ւ. որպեսզի, ասում է, մարդկանց ցույց տան, թե աղոթասեր են: Ուստի չի ասում, թե վարձ չեն ստանա, այլ թե [արդեն այն] ունեն: Եվ կամ ումի՞ց է այն, որ ցանկացան մարդկանց գովեստները, նրանց, ում առաջ [փառասիրության] ախտով մատուցեցին իրենց աղոթքները: Իսկ Աստված սա՛ չէր կամենում, այլ Ինքն էր մտածում փոխարենը հատուցել, բայց քանի որ նրանք չցանկացան, թույլ տվեց, որ իրենց կամքով շարժվեն:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

«Եվ երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան»:
   

   Չի արգելում մարդկանց առաջ աղոթել, ապա թե ոչ Աստծու տաճարում և եկեղեցիներում կարգելվեր աղոթել մարդկանց ներկայությամբ: Քանզի նա, ով ունի մաքուր սիրտ և խղճմտանք, թեպետև հազարավոր մարդիկ լինեն նրա շուրջ, պետք է աղոթի, եթե նրանց ցուցադրության  և սնափառության համար չէ աղոթելը: Իսկ եթե դրանց համար աղոթի, այդ իսկ է նրա վարձը, այսինքն՝ գովաբանվելը մարդկանցից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1