Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
19-20 . «Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում»։ «Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք»։
Թեև Փրկիչը չհրամայեց պատժել նրանց, այլ միայն` զգուշանալ նրանցից, սակայն դա արեց մի կողմից՝ մխիթարելու համար նրանց, ովքեր վիրավորվում են չար մարդկանց կողմից, և մյուս կողմից էլ՝ վախեցնելու համար վիրավորողներին և նրանց հորդորելու ուղղվել: Այս չար մարդկանց համար Հիսուս պատիժ է սահմանում՝ ասելով. «Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում»: Այնուհետև, մի փոքր մեղմելով Իր խոսքը, ավելացնում է. «Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք»: Որպեսզի Իր ունկնդիրները չկարծեն, թե Ինքը միայն սպառնալիքներ է հնչեցնում, Քրիստոս հուզում է նաև նրանց սրտերը՝ Իր ուսմունքը ներկայացնելով խորհրդի ու հորդորի տեսքով:
Այստեղ, ինձ թվում է, Հիսուս նկատի ունի նաև հրեաներին, որոնք այդպիսի (վատ, չար) պտուղներ էին բերում: Այս պատճառով էլ Հիսուս նրանց հիշեցնում է Հովհաննեսի խոսքերը՝ պատժի նկարագրությունը հաղորդելով միևնույն բառերով: Եվ Հովհաննեսն էլ նույնն էր ասում՝ հրեաներին հիշեցնելով կացնի, հատվող ծառի և անմար կրակի մասին: Եվ թվում է, թե այստեղ միայն մեկ պատիժ է սահմանվում՝ այրումը: Իրականում, սակայն, եթե մեկը ավելի ուշադիր քննի, կգտնի երկու պատիժ. նա, ով այրվում է, անկասկած զրկվում է նաև Արքայությունից, և այս վերջին պատիժը դեռ մի բան էլ ավելի սաստիկ է, քան առաջինը:
Գիտեմ, որ շատերը սարսափում են միայն գեհենից, բայց ես կարծում եմ, որ երկնային փառքից զրկվելն ավելի դաժան տանջանք է, քան գեհենը: Եթե սա խոսքով հնարավոր չէ պատկերել, ապա դրանում զարմանալի ոչինչ չկա. մենք, ի վերջո, չգիտենք նաև հավիտենական բարիքների երանության չափը, որպեսզի հստակ տեսնենք այդ բարիքներից զրկվելու հետևանքով առաջացող դժբախտությունը: Իսկ ահա Պողոսը, որը հստակ պատկերացնում էր այդ ամենը, հաստատեց, որ Քրիստոսի փառքից զրկվելն ամենից սարսափելի պատիժն է: Դա մենք ինքներս էլ կիմանանք, երբ մեզ վրա զգանք այդ ամենը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
19-20. Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»:
Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, հատվում և կրակն է գցվում: Ու րեմն՝ նրանց պտղի՛ց կճանաչեք նրանց:
Սրանով հայտնում է Աստծո նախախնամական տեսչությունը, թե միշտ այցելում է Իր արարածներին և ինչպես որ արժանավորներին պատվում է, այդպես անարժաններին էլ դատում: Նաև ցույց է տալիս Արարչի աննախանձ լինելը, որ թեպետ գիտի, որ ամբարիշտների կատարելիք չար գործերը՝նրանց ծննդից մինչև մահ, սակայն քաղցր կամքով թույլ է տալիս գոյանալ, ծնվել, հասակով աճել և նյութական արարածների հաճույքները վայելել, որպեսզի կամ փոխվեն ու պիտանի դառնան՝ ըստ այսմ. «Ի՞նչ պիտի անեի Իմ այգուն, որ չարեցի» (Ես. 5։4), կամ էլ անդարձ մնալով նույն [վիճակում]՝ անպատասխան լինելով՝ դատվեն: Ուստի երբ [Աստված] երկար ժամանակ ներում է, բայց [մարդը] դեպի բարին բնավ չի շտապում, վերջինս հատվում է, ո՛չ [Աստծուց], Ով բարիքների աղբյուրն է, այլ կամ իր իսկ գործերի հետևանքով, կամ [Աստծո] սպասավոր զորքի և աթոռակից արդարության, ինչպես որ Նաբուքոդոնոսոր արքայի տեսիլքում սուրբ հրեշտակը հատեց ծառը (Դան. 4:7-12) : Նախ [հատվում է] մարմնի կյանքից և ապա՝ փառավոր արքայությունից, ինչն ավելի ծանր է, քան գեհեն [ընկնելը], և դրանից հետո [գցվում է] մշտնջենավոր կրակի մեջ՝ ըստ Հովհաննես [Սկրտչի]. «Ահա տապարը ծառի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, հատվում և կրակն է գցվում» (Մատթ. 3։10): Եվ թող քեզ ապացույց լինի հրեա ժողովուրդը, որ [Տիրոջ] սպառնալիքներով չզգաստացավ և հատվեց թագավորության ու քահանայության փառքից, ընկավ գերության ու ծառայության փորձության կրակի մեջ և նաև ժառանգելու է գեհենի կրակը: «Նրանց պտղից,- ասում է,- կճանաչեք նրանց»: Երբ խոսքն օրինակով կնքում է, այնուհետև վստահեցնում է, որ դյուրին է նրանց ճանաչել գործերի միջոցով, եթե ոչ թե իմիջիայլոց, այլ մեծ քննությա՛մբ ուշադրություն դարձնեք:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: