Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ անձրևը եկավ, ու գետերը հորդեցին, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված»։
   
    Այստեղ անձրևի, գետերի և քամիների պատկերներով Հիսուս փոխաբերաբար մատնանշում է մարդկային դժբախտություններն ու փորձությունները, ինչպիսիք են՝ զրպարտությունը, չարախոսությունները, վշտերը, մահը, մերձավորների կորուստը, մարդկանց կողմից վիրավորանքներ կրելը և ամեն տեսակի չարիք, որ այս կյանքում կարող է պատահել: Բայց չնայած այդ ամենին, - ինչպես ասում է Փրկիչը, - ոչինչ չի կարող պարտության մատնել արդարի հոգուն: Դրա պատճառն այն է, որ արդար մարդու հոգուն հիմնված է ժայռի վրա: Այստեղ Իր գործածած «ժայռ» բառով Քրիստոս նկատի ունի Իր ուսմունքի ամրությունը: Եվ իրոք, Նրա պատվիրանները շատ ավելի ամուր են, քան ժայռը. դրանց օգնությամբ արդար մարդը վեր է բարձրանում բոլոր տեսակի մարդկային փոթորկահույզ ալիքներից, քանի որ նա, ով խնամքով պահպանում է Հիսուսի ավանդած պատվիրանները, հաղթահարում է ոչ միայն մարդկանց հալածանքները, այլ նաև` սատանայի պատրանքները (խաբկանքներն ու խորամանկ հնարանքները):

    Եվ որ ասվածը պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, դրա վկան է Հոբը, որը սատանայի բոլոր պատրանքների ժամանակ անսասան մնաց: Նույնը կարող են վկայել նաև առաքյալները, որոնք, երբ ողջ աշխարհը ալեկոծող փոթորկահույզ ալիքների, ժողովուրդների, բռնակալների, իրենց իսկ հայրենակիցների ու օտարների, դևերի ու սատանայի և բոլոր խաբեպատիր հնարանքների հարձակումներին ենթարկվեցին, ժայռից էլ ավելի ամուր գտնվեցին և ջախջախեցին այդ բոլոր «հակառակորդներին»: Ուրեմն, ի՞նչը կարող է ավելի երանելի լինել, քան այսօրինակ կյանքը: Եվ այս երանությանը հասնելու խոստումը մեզ չի կարող տրվել ո´չ հարստության, ո´չ մարմնական ուժի, ո´չ փառքի, ո´չ իշխանության, ո´չ էլ որևէ այլ զորության կողմից. այն մեզ կարող է ընձեռնվել միայն առաքինություն ձեռք բերելու շնորհիվ: Առաքինի կյանքով ապրելուց բացի որևէ այլ ճանապարհ (որևէ այլ «կյանք») անհնար է գտնել` բոլոր տեսակի չարիքներից լիովին ազատ լինելու համար: Դրա վկաները նաև դուք եք՝ դուք, որ չարախոսությունների եք ականատես լինում նույնիսկ թագավորական պալատներում, և խռովություններ ու ապստամբություններ եք տեսնում անգամ հարուստների տներում: Մինչդեռ առաքյալների հետ նման որևէ բան տեղի չունեցավ: «Այդ ինչպե՞ս, - կհարցնես դու, - մի՞թե նրանց հետ ոչ մի այդպիսի բան չպատահեց: Մի՞թե նրանց հետ ոչ մի դժբախտություն չեղավ»: Իհարկե, պատահեց, և հենց սա է ամենից զարմանալին, որ նրանք բազմաթիվ չարախոսությունների ենթարկվեցին, բազմաթիվ ամպեր ճայթեցին նրանց վրա, սակայն, այդուհանդերձ, պատուհասած այդ փորձությունները բնավ չսասանեցին նրանց խիզախությունը և չընկճեցին նրանց: Դեռ մի բան էլ, ընդհակառակը, առանց որևէ արտաքին օգնության միջոցների պայքարելով այս փորձությունների դեմ` Քրիստոսի առաքյալներն ամեն ինչ պատվով տարան և հաղթահարեցին: Նույն կերպ նաև դու այդ բոլոր դժվարություններին քմծիծաղով կվերաբերվես, եթե ջանաս խնամքով կատարել Քրիստոսի պատվիրանները:

    Ամենից զարմանալին հենց այն է, որ չարախոսող մարդիկ ոչ միայն բնավ չեն կարողանում վնասել նրանց, ում փորձում են վնասել, այլև իրենց այդ փորձերով նույնիսկ ավելի փառավոր են դարձնում իրենց «զոհերին»: Ի՞նչը կարող է համեմատվել այն բարիքի հետ, երբ մենք ընտրում ենք ապրել միայն ու միայն այսօրինակ առաքինի կյանքով: Ասելով, որ առաքինության ճանապարհը նեղ է և վշտերով լեցուն` Փրկիչն Իր ունկնդիրների ջանքերը քաջալերելու համար անմիջապես ցույց է տալիս նաև այդ ճանապարհով ընթացողների անվտանգ ապահովությունն ու մեծագույն վայելքը, մինչդեռ հակառակ ճանապարհը մեծամեծ վտանգներ ու վնասներ է պարունակում: Նշված համեմատություններով իսկ Հիսուս ցույց է տալիս թե´ առաքինության գործերի համար նախատեսված պարգևները, և թե´ մեղքերի համար սահմանված հատուցումը: Այն, ինչը ես միշտ ասել եմ, այժմ էլ կասեմ. Փրկիչն ամենուրեք կերտում է Իր ունկնդիրների փրկությունը երկակի ճանապարհով՝ և´ առաքինության նկատմամբ ջերմեռանդություն առաջացնլով, և թե´ մեղքի հանդեպ ատելություն սերմանելով:

    Քանի որ կլինեին այնպիսի մարդիկ, որոնք, թեև հարգանք էին տածելու Փրկչի խոսքերի նկատմամբ, սակայն դա ցույց չէին տալու իրենց գործերով, ուստի Քրիստոս նախօրոք նրանց մեջ երկյուղ է առաջացնում Իր խոսքերով. չնայած այն հանգամանքին, որ ասված խոսքերը բարի են, բայց միայն դրանք լսելը բավարար չէ փրկության համար: Անհրաժեշտ է նաև այդ խոսքերին հնազանդություն ցուցաբերել, որն արտահայտվում է գործերով, ու հենց սրանում է խնդրի բուն էությունը: Եվ այստեղ Հիսուս ավարտում է Իր խոսքը՝ ունկնդիրներին մեծ վախի մեջ թողնելով: Ինչպես որ դեպի առաքինություն ուղղորդելով` Հիսուս Իր ունկնդիրներին քաջալերում էր ոչ միայն ապագա բարիքներով՝ հիշատակելով արքայությունը, երկինքը, անասելի պարգևները, մխիթարությունը և այլ անթիվ բարիքներ, այլ նաև ներկայով` մատնանշելով ժայռի ամրությունն ու անսասանությունը, այդպես էլ մեղքից հեռու պահելու պարագայում Քրիստոս սպառնում է ոչ միայն սպասվող հետևանքներով՝ խոսելով հատվող ծառի, չմարող կրակի ու Երկնքի արքայության փակ մուտքի մասին, ինչպես նաև «ձեզ չեմ ճանաչում» խոսքերով, այլ նաև վախ է ներշնչում ներկա դժբախտությունների մասին սպառնալիքով, որոնք ներկայացվում են կործանվող տան պատկերի ներքո:

    Ահա թե ինչու Հիսուս հանդես է գալիս ավելի արտահայտիչ խոսքով՝ Իր ասելիքը ներկայացնելով առակի տեսքով: Եթե Փրկիչը պարզապես ասեր, որ առաքինի մարդն անհաղթելի է, իսկ մեղավորն իսկույն կործանվում է, այդժամ Նրա խոսքն այն ուժը չէր ունենա, որն ունի այժմ, երբ Իր միտքն արտահայտելու համար Փրկիչն օգտագործում է ժայռի, տան, գետերի, անձրևի, քամիների և նմանօրինակ այլ պատկերներ:

    «Եվ անձրևը եկավ, ու գետերը հորդեցին, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված» - Ոչինչ ավելի անվտանգ չէ, քան առաքինությունը, և ոչինչ ավելի անպատիվ չէ, քան մեղքը: «Եթե ցանկանայիր ընկալել նրա կյանքի ճանապարհը, ապա նրա ուղիները անկայուն են, և դու չես ճանաչի դրանք» (հմմտ. Առակ. 5:6): Ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ առաքինի մարդը չի խաբվում մարդկանց խորամանկությանը, որ նա անհաղթելի է մնում այն ժամանակ, երբ երկնքից պատիժներ են իջնում: Նույն կերպ նաև` Քրիստոս ցույց է տալիս ոչ թե ներքին փորձությունը, այլ ա´յն, որն իջնում է երկնքից, երբ ասում է. «Եվ անձրևը եկավ»: Հիսուս այստեղ «անձրև» է անվանում երկնքից ուղարկված փորձությունները, իսկ «ու գետերը հորդեցին» խոսքով բնութագրում է սատանայի ծառայակիցների խորամանկությունը և, ի վերջո, ամփոփում է` ասելով. «և քամիները փչեցին...բայց այն չկործանվեց…»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:24
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:24
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1