Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:26

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա»։
   
    Փրկիչը արդարացիորեն այդպիսի մարդուն «անխելք» է կոչում: Իրոք որ, ո՞վ կարող է ավելի անմիտ լինել, քան նա, ով տուն է կառուցում ավազի վրա, ջանք է գործադրում, բայց պտուղ և հանգստություն չի ստանում, այլ փոխարենը պատիժ է կրում: Իսկ այն, որ տարատեսակ մեղքերին նվիրված անձինք նույնպես ջանքեր են գործադրում, դա բոլորին հայտնի է: Ե´վ հափշտակողը, և´ շնացողը, և´ զրպարտիչը շատ աշխատանքներ են տանում և անհանգստություններ են կրում, որպեսզի իրենց ամբարշտությունն ի կատար ածեն, սակայն այդ աշխատանքներից ոչ միայն օգուտ չեն ստանում, այլև մեծ վնաս են կրում: Այդպես նաև Պողոսը, նկատի ունենալով այս նույն գաղափարը, ասում է. «Ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն» (Գաղ. 6:8): Այդպիսի սերմնացանին են նմանվում նրանք, ովքեր կառուցում են ավազի վրա՝ շնության, շռայլության, հարբեցողության, զայրույթի և այս տեսակ այլևայլ մոլությունների հիման վրա:

    Այդպիսին էր Աքաաբը, մինչդեռ Եղիան` դրա հակառակը: Մեղքին հակադրելով առաքինությունը՝ մենք ավելի լավ ենք տեսնում նրանց միջև եղած տարբերությունը: Եղիան իր տունը կառուցեց ժայռի վրա, իսկ այն մյուսը (Աքաաբը)՝ ավազի վրա, և այդ պատճառով էլ, թեև թագավոր էր, վախենում և դողում էր մարգարեից, որը միայն մեկ թիկնոց ուներ: Այդպիսին էին հրեաները, մինչդեռ առաքյալները` դրա հակառակը: Ուստի վերջիններս, չնայած իրենց փոքր թվին և կապանքներով շղթայված լինելուն, ժայռին հատուկ ամրություն էին ցուցաբերում: Սրան հակառակ` հրեաները, չնայած իրենց բազմությանը և զինվածությանը, ավազին հատուկ թուլություն էին ցուցաբերում և ասում էին. «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց» (Գործ. 4:16): Տեսնո՞ւմ ես, որ խռովության մեջ են ոչ թե կալանավորվածներն ու շղթայվածները, այլ նրանք, ովքեր կալանավորել և շղթայել են: Ի՞նչը կարող է սրանից ավելի տարօրինակ լինել: Դու կալանավորում ես, և դու ինքդ էլ խռովվո՞ւմ ես: Այդպես էլ պետք է լինի: Քանի որ հրեաներն ամենը կառուցել էին ավազի վրա, այդ իսկ պատճառով էլ նրանք բոլորից ավելի տկար էին: Սա էր նաև նրանց մյուս խոսքերի պատճառը. «Ի՞նչ եք անում, որ ցանկանում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել» (հմմտ. Գործ. 5:28): Այդ ի՞նչ ես ասում: Դու ինքդ ես տանջում, և դեռ մի բան էլ դո՞ւ ես վախենում: Դու ես հալածում, և դու ի՞նքդ ես սարսափում: Դու ես դատում, և ինքդ դողո՞ւմ ես: Ահա թե որքան անզոր է մեղքը….

    Առաքյալները, սակայն, այդպես չէին խոսում. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել» (Գործ. 4:20): Տեսնո՞ւմ ես նրանց վսեմ ոգին: Տեսնո՞ւմ ես այն ժայռը, որը «ծիծաղում» է ալիքների վրա: Տեսնո՞ւմ ես այդ անշարժ տունը: Եվ, որ ամենից զարմանալին է, առաքյալները ոչ միայն չէին վախենում թշնամական բոլոր չարախոսություններից, այլև, դրանց ենթարկվելով, էլ ավելի համարձակ էին դառնում և իրենց թշնամիներին մեծ խռովության մեջ էին գցում: Նա, ով հարվածում է ադամանդին, ինքն է վնասվում, նա, ով գնում է խայծի դեմ, ինքն է խոցվում և ծանր վերքեր ստանում: Նմանապես նաև, նա, ով չարախոսում է առաքինագործ մարդկանց, ինքն է վտանգի ենթարկվում: Մեղքը որքան ավելի է զինվում առաքինության դեմ, այդքան ավելի թույլ է դառնում: Եվ ինչպես որ նա, ով կրակն է իր հագուստի մեջ է դնում, այդպիսով բոցը չի մարում, այլ այրում է հագուստը, այնպես էլ նա, ով հալածում է առաքինագործ մարդկանց, ճնշում և կապանքների մեջ է դնում նրանց, այդպիսով իրականում ավելի պայծառափայլ է դարձնում վերջիններիս, իսկ ինքն իրեն կործանում է: Եվ իրոք որ, որքան ավելի շատ դժբախտություններ կրես՝ խստակյաց կյանք վարելով, այնքան ավելի ամուր կդառնաս: Որքան ավելի կառչես իմաստությանը, այնքան ավելի քիչ կարիքներ կունենաս, իսկ որքան քիչ կարիք ունենաս, այնքան ավելի կամրանաս և կգերազանցես բոլորին: Այդպիսին էր Հովհաննեսը, և դրա շնորհիվ նրան ոչ ոք չէր կարող վշտացնել: Դեռ, ընդհակառակը, նա ինքը վշտացրեց Հերովդեսին: Այս Հովհաննեսը, ոչինչ չունենալով, ապստամբեց տիրակալի դեմ, իսկ սա` Հերովդեսը, իր թագով, ծիրանիով և այլևայլ անթիվ զարդերով զարդարված լինելով, դողում և վախենում էր ամեն ինչից զրկված մարգարեից ու նույնիսկ չէր կարողանում առանց սարսափի նայել նրա (Հովհաննեսի) կտրված գլխին: Իսկ այն մասին, որ Հերովդեսը Հովհաննեսի մահից հետո էլ մեծ սարսափի մեջ էր, լսի´ր, թե ինչ է ասում հենց ինքը` Հերովդեսը. «Սա այն Հովհաննեսն է, որին ես սպանեցի» (հմմտ. Ղուկ. 9:9):

    «Սպանեցի» բառը ցույց է տալիս, որ Հերովդեսն իր այդ քայլով չէր հպարտանում, այլ զսպում էր իր վախը և հաշտեցնում էր իր խռովված հոգին՝ հիշելով, որ նա ինքն է սպանել Հովհաննեսին: Առաքինությունն այնքան զորեղ է, որ նույնիսկ առաքինի մարդու մահից հետո էլ ավելի հզոր է, քան կենդանի մարդիկ: Դրա համար էլ Հովհաննեսի կենդանության օրոք նրա մոտ էին գալիս մեծ հարստության տեր մարդիկ և հարցնում էին նրան. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք» (Ղուկ. 3:10): Այդքան բան ունեք, և ցանկանում եք ձեր երջանկության ճանապարհը սովորել նրանից, ով ոչինչ չունի՞: Հարուստները՝ աղքատի՞ց: Զինվորները՝ նրանի՞ց, ով նույնիսկ տուն չունի: Այդպիսին էր նաև Եղիան, ուստի նույն համարձակությամբ էր խոսում ժողովրդի հետ: Հովհաննեսն ասում էր. «Իժերի ծնունդներ» (Մատթ. 3:7). իսկ սա (Եղիան)՝ «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով» (Գ Թագ. 18:21): Այս նույն Եղիան նաև ասում էր. «Սպանեցիր, և դեռ ժառանգությո՞ւն ես վերցնում» (հմմտ. Գ Թագ. 21:19), իսկ Հովհաննեսը, թե՝ «Օրինավոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս» (Մատթ. 14:4):

    Տեսնո՞ւմ ես ժայռը, և տեսնո՞ւմ ես, թե որքան հեշտությամբ է քանդվում ավազի վրա կառուցված տունը: Ինչպե՞ս է այն հեշտությամբ ընկրկում նեղությունների ժամանակ: Ինչպե՞ս է այն հեշտությամբ տատանվում, եթե անգամ պատկանի թագավորին, ժողովրդին կամ տիրակալին: Մեղքն իր հետևորդներին ամենաանմիտն է դարձնում, և ավազի վրա կառուցված տունը ոչ պարզապես քանդվում է, այլ կործանվում է մեծ ավերումով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

26-27. Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»:
   
    Եվ ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի հիմար մարդու, ով իր տունը կառուցեց ավազի վրա: Անձրևներ թափվեցին, գետեր բարձրացան, քամիներ փչեցին ու հարվածեցին տանը, և փլավ, և նրա կործանումը հույժ մեծ էր:

    Տարակուսելի է, թե ինչու այս վարդապետության սկզբում [Տերն] ասաց. «Ով իր եղբորը «հիմար» ասի, դատաստանի ենթակա կլինի» (հմմտ. Մատթ. 5։22), իսկ այստեղ ավազահիմն տուն կառուցողին «հիմար» է կոչում: Պետք է գիտենալ, որ այնտեղ խոսքը վերաբերում էր հավասար անձանց կամ էլ [Տերն] անտեղի ասելն արգելեց՝ սովորական զրույցներում միմյանց չծաղրելու համար, իսկ այստեղ [խոսքն] անհավասարներին [է վերաբերում]: Եթե մեկը, վարդապետի կարգավիճակում լինելով, պատշաճ պատվիրանն է հայտնում ծանոթ անձանց, իսկ նրանք, ծանրալուր լինելով, չեն հասկանում, իրավացիորեն է «հիմար» կոչում [նրանց]՝ ասես սաստելով՝ ըստ այսմ. «Տակավին դուք է՞լ եք անմիտ» (հմմտ. Մարկ. 7։18), Պողոսն էլ [ասում է]. «Ո՛վ անմիտ գաղատացիներ» (Գաղ. 3։ 1): Այդպես էլ Տերը նրանց հիմարի հետ համեմատեց, երբ Իր բազմօրինակ վարդապետությունը նրանց ջամբելուց հետո [տեսավ], որ նրանք անմտության մեջ մնացին: [Կարելի է հասկանալ] և ա՛յլ կերպ. երբ մեկը [հիմար] է, պետք է [նրան այդպես] կոչել, ինչպես որ կույրին «կույր» են ասում. որովհետև ոչ թե ես եմ [այդպես] կոչում, այլ նա է այդպիսին, իսկ երբ [այդպիսին] չէ, պետք չէ ծաղրելով [այդպես] կոչել: Եվ լավ ասաց [Տերը]. որովհետև ո՞վ է ավելի անմիտ, քան նա, ով ավազի վրա է տուն կառուցում, որովհետև չարչարվում է և հանգիստը չի վայելում, դեռ փոխարենը պատիժ էլ է կրում:

    Բայց ովքե՞ր են [հիմարները]: Նախ՝ ինձ թվում է՝ նրանք են, ովքեր թերահավատ են և երկու տեսակ շենք են կառուցում: Ոմանք գողությունը, պոռնկությունը, հափշտակությունը, ցասումը և այլ նմանատիպ չարիքներ են իբրև փայտ, խոտ և եղեգ կառուցում կիսակատար հավատի վրա, կառուցելիս շատ նեղություն ու տառապանք կրում և ոչ միայն օգուտ չեն ստանում, այլև վնասվում են: Որովհետև երբ պատիժների քամիները փչում են, ընկնում են ցավերի, հիվանդությունների և այլ փորձությունների մեջ՝ ըստ առաքյալի. «Այդ պատճառով էլ ձեր մեջ շատ հիվանդներ ու ախտաժետներ կան» (Ա Կոր. 11:30), և ցավերի շատանալու ժամանակ, ինչը [Տերը] «գետ» անվանեց, մեղքերով ծանրացած՝ տխրահռչակ մահվամբ վախճանվում են, ինչպես սոդոմացիք  (Ծննդ. 18), Նոյի ժամանակաշրջանի մարդիկ  (Ծննդ. 7), նրանք, ովքեր ավազահիմն աշտարակը կառուցեցին (Ծննդ. 11։1-9), և այլ շատեր՝ ըստ այսմ. «Նրանց հիշատակն աղաղակաձայն կկորչի» (հմմտ. Սաղմ. 9։7), և՝ «Ով մարմնի մեջ է սերմանում, այնտեղից ապականություն կհնձի» (Գաղ. 6։8): Ոմանք էլ առաքինության շենք են կառուցում, բայց ավազի վրա, որովհետև նրանց հույսը երկնքում չէ հաստատված, այլ միայն երկրայինի մասին են մտածում և [այդ շենքի կառուցմանը] ձեռնարկում մարդկային փառքի և գովեստների համար: Կամ էլ որովհետև ոմանց հաճոյանալու համար չարիքներ են գործում, որոնք չարի սադրած փորձությամբ գալիս իջնում են, ինչպես ագռավները՝ լեշի վրա, և նախ հուսահատության մեջ գցում և ապա դրա մեջ խորացնելով՝ ամբողջապես կործանում, ինչպես Ադամին՝ ըստ այսմ. «Լեռը, որ փլչելու է, կփլչի, վեմն իր տեղից դուրս կգա, ջրերը ողորկ կդարձնեն քարերը, ջրերը կողողեն երկրի հուռթի դաշտերը» (Հոբ 14։18-19), կամ անհավատության մեջ [գցում], ինչպես Հուդային և այլ շատերի, քանի որ չունեին հավատ կատարյալ հոգով՝ համբերելու փորձություններին, ուստի բոլոր անկումներից առավել ծանր անկումն ունեցան և բնավ ոտքի չեն կանգնելու, որովհետև ուրացան Քրիստոսին և չարիքներով մոլորվելով՝ նույն վիճակի մեջ մնացին:

    [Տերը] երկրորդ անգամ նրանց է «հիմար» կոչում, ովքեր ամբողջովին անհավատ են և չհավատացին Աստծո Որդու գալստյանը, որովհետև ինչպես որ լույսն աչքերն է լուսավորում, այդպես հավատը միտքն է պայծառացնում: Այն չընդունեցին թլփատվածների որդիները և այլ շատեր, ովքեր մնացին հիմարության խավարի մեջ՝ ըստ այսմ. «Աստված կուրացրեց անհավատների աչքերը և ապուշացրեց նրանց սիրտը, որպեսզի աչքերով չտեսնեն ու դարձի չգան, և չբժշկեմ նրանց» (Հովհ. 12։40, հմմտ. Ես. 6։10): Սրանց, միանման լինելու պատճառով, [Տերը] նմանեցնում է մեկ հիմարի: Նրանք, թեպետ կառուցում են բարի գործերով, ընկերների հանդեպ սիրով, աղքատների հանդեպ ողորմությամբ և դատավարության մեջ զրկյալների իրավունքները պաշտպանում են, սակայն այս աշխարհի ծովի փորձությունների առատանալու ժամանակ և երբ նեռի օրոք գետի նման փորձանքներ վրա հասնեն, այդ ժամանակ ամպերն անձրևների հետևից կգնան, և երբ Աստծո հրամանի քամին բախի այս աշխարհի նյութական տանը, արեգակն ու լուսինը խավարեն, աստղերը թափվեն, երկնքի զորությունները շարժվեն, նրանք իրենց ընդունայն գործերից ոչ մի օգուտ չեն ունենա, քանի որ հավատ չունեն, ինչպես արդեն ասել ենք: Ինչո՞ւ. որովհետև գործն ասես մեռած մարմին լինի, որը հոգի չունի, և սա չի կարող զոհասեղանին մատուցվել, ինչպես և երբ միայն հավատ կա, սա ևս մեռած է, որովհետև մեկը միշտ է մեռած, մյուսն էլ հետո է մեռնում, ուստի երկուսն էլ անընդունելի են: Այս պատճառով էլ մեռածը՝ իբրև մեղսասեր, միշտ կապարի նման տարածվում է ծովի հատակին, և նրա համար Տիրոջ կողմից պատրաստված է ահավոր կործանում՝ «հույժ մեծ»: «Մեծ»՝ գալիք հատուցումների պատճառով, որովհետև ամենքի առաջ են դատվելու, և «հույժ»՝ որովհետև չհավատացին Որդուն և անվախճան կմնան Նրա բարկության ներքո (Հովհ. 3։31): Սա՛ է նշանակում «հույժ»-ը՝ ըստ այսմ. «Անօրեն մարդկանց կործանումը չար է» (Առակ. 1։18). ասես ասում է՝ ծանր ու անվերջ են տանջվելու:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1