Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
9-10. «Ձեր մեջ կա՞ արդյոք այնպիսի մի մարդ, որից երբ իր որդին հաց խնդրի, նրան քար կտա»: «Եվ երբ ձուկ խնդրի, նրան օձ կտա»։
«Ձեր մեջ կա՞ արդյոք այնպիսի մի մարդ, - ասում է Քրիստոս, - որից երբ իր որդին հաց խնդրի, նրան քար կտա»: Եթե դու մարդկանց առաջ հաճախակիորեն այդպիսի վարմունք դրսևորեիր, ապա նրանց կթվայիր ծանրաբարո և դաժան մի անձնավորություն: Միչդեռ ահա Աստծուն դու էլ ավելի ես բարկացնում, երբ չես անում քեզնից ակնկալվածը: Իսկ եթե դու անընդհատ խնդրես Նրանից, թեև ուշ էլ ստանաս խնդրածդ, այնուամենայնիվ, անպայմանորեն կստանաս այն, ինչ խնդրում ես: Դրա համար էլ դուռը փակ է, որպեսզի քեզ դրդի թակելու (բախե´ք): Եվ դրա համար էլ Տերն անմիջապես չի «լսում» (արձագանքում), որպեսզի դու շարունակաբար խնդրես: Ուստի, անընդհատ խնդրի´ր, և անպայման կստանաս քո խնդրածը:
Եվ որպեսզի չասես՝ իսկ ի՞նչ կլինի, եթե ես խնդրեմ և չստանամ իմ խնդրածը, - դա կանխելու համար Փրկիչը քեզ է ներկայացնում մի առակ, դարձյալ օրինակներ (ապացույցներ) բերում է և մարդկային (կենցաղային) օրինակների օգնությամբ քեզ վեր է բարձրացնում` հույսով լցնելով: Եվ այդպիսով Քրիստոս ցույց է տալիս ոչ միայն այն, որ պետք է խնդրել, այլև այն, թե ի´նչ պետք է խնդրել. «Ձեր մեջ կա՞ արդյոք այնպիսի մի մարդ, որից երբ իր որդին հաց խնդրի, նրան քար կտա»:
Այսպիսով, եթե դու չես ստանում քո խնդրածը, ապա չես ստանում, որովհետև «քար» ես խնդրում: Թեև դու որդի ես, բայց միայն դա դեռ բավարար չէ խնդրածդ ստանալու համար: Այլ դեռ, ընդհակառակը, հենց այդ իրողությունն է խանգարում քեզ ստանալ այն, ինչ խնդրում ես, քանի որ դու, որդի լինելով հանդերձ, անօգուտ մի բան ես խնդրում: Ուստի աշխարհային ոչինչ մի՛ խնդրիր, այլ ամեն բան, ինչ որ խնդրում ես, թող հոգևոր բնույթ ունենա, և դու անպայմանորեն կստանաս քո խնդրածը: Այդպես Սողոմոնը, երբ խնդրանք հղեց Աստծուն` պատշաճ մի բան հայցելով, տե´ս, թե որքան արագ ստացավ իր խնդրածը: Ուստի, աղոթողը պետք է պահպանի երկու կանոն. առաջինը՝ խնդրել ջանասիրաբար, երկրորդը՝ խնդրել պատշաճ մի բան:
«Եվ դուք ինքներդ էլ, - ասում է Փրկիչը, - հայրեր լինելով, սպասում եք ձեր զավակների խնդրանքին, բայց եթե նրանք ձեզանից անօգուտ մի բան են խնդրում, մերժում եք նրանց, իսկ երբ խնդրում են այն, ինչ օգտակար է, համաձայնում և տալիս եք խնդրվածը»: Ուստի դու նույնպես, սա քո մտքում պատկերացնելով, մի՛ նահանջիր, քանի դեռ խնդրածդ չես ստացել, մի՛ հեռացիր, քանի դեռ չես գտել, մի՛ հետաձգիր քո ջանքերն ի գործ դնել, քանի դեռ դուռը չի բացվել քո առաջ: Եթե դու մոտենաս այսօրինակ մտադրությամբ և ասես՝ «չեմ նահանջի, քանի դեռ չեմ ստացել», - ապա, անտարակույս, կստանաս քո խնդրածը, եթե, իհարկե, խնդրում ես այն, ինչ Աստծուն (այսինքն` Նրան, Ումից խնդրում ես) վայել է տալ, և օգտակար է քեզ՝ խնդրողիդ համար: Իսկ ի՞նչը կարող է այդ օգտակար բարիքների շարքում դասվել: Այն բոլոր խնդրանքները, որոնք հոգևոր բնույթ ունեն. օրինակ, այն, որ դիմես քո սեփական մեղքերին թողություն խնդրելու համար՝ ուրիշների մեղքերը ներելուցդ հետո, «առանց բարկության և երկմտության` սուրբ ձեռքեր բարձրացնելով դեպի վեր (հմմտ. Ա Տիմ. 2:8):
Եթե այսկերպ խնդրենք, անպայմանորեն կստանանք մեր խնդրածը: Բայց այժմ մեր խնդրանքները ծիծաղելի են և ավելի շատ հատուկ են հարբած, քան թե` սթափ մարդկանց: «Իսկ այդ ինչո՞ւ է, - կհարցնես դու, - որ ես չեմ ստանում, երբ խնդրում եմ հոգևոր մի բան»: Իհարկե, ա´յն պատճառով, որ կա´մ ջանասիրաբար չես բախում դռները, կա´մ ինքդ քեզ արժանի չես դարձրել խնդրածդ ստանալուն, կա´մ էլ շատ շուտ դադարել ես խնդրելուց: Դու, սակայն, գուցե նորից ասես՝ «այդ դեպքում ինչո՞ւ, ուրեմն, Փրկիչը չի ասել, թե հատկապես ի´նչ պետք է խնդրել»: Իրականում Քրիստոս արդեն իսկ ամեն ինչ էլ ասել է նախօրոք և ցույց է տվել, թե ինչու (ինչպես) պետք է դիմել Աստծուն: Ուստի մի՛ ասա՝ «ես դիմեցի, բայց չստացա»: Միանգամայն անհնար է, որ Աստված չկատարի քո խնդրանքը` այն դեպքում, որ Նա այնքան է սիրում մեզ, որ Իր սիրով գերազանցում է նույնիսկ հայրերին, և գերազանցում է այնքան, որքան բարությունը գերազանցում է չարությանը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
9-10. Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան:
Ձեր մեջ ո՞վ է այն մարդը, ումից եթե նրա որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, օձ կտ:
Կրկնակի մեկնությամբ է բացատրում նախորդ [խոսքը]: Նախ՝ ասում է՝ անհնար է, որ չառնես, քանի որ ո՞ր հայրն է, որ երբ որդուն աղաչելիս է տեսնում, բնական գութից նեղվելով՝ խնդրածը չի տալիս: Եվ երկրորդ՝ [խնդրողն] այն պատճառով չի ստանա, որ անօգուտ բան է խնդրում, որովհետև մանուկը, քարը տեսնելով, հաց է կարծում և օձը ձկան տեղ դնում, ինչը հասկանալով՝ հայրն արգելում է [նրան], որպեսզի [մանկան] լինդերը կոշտ կերակրից չքրքրվեն, կամ օձի թույնից նա չմեռնի: [Տերը] «քար» է կոչում բնությանը հակասող բաները, իսկ «օձ»՝ մարմնական ցանկությունների իրականացումը, և անհնար է, որ Աստված օժանդակի սրանց: Իսկ հոգևոր են հացն ու ձուկը, որոնք Իր հարությունից հետո [Տերը] տվեց աշակերտներին, և դրանք Նրա արքայությունն ու արդարությունն են, որոնք Նա հայրական խնամքով, որն ունի ձեր՝ որդիներիդ հանդեպ, նախքան քո խնդրելն է առջևդ դնում և զանազան իմանալի ուտելիքներով կերակրում արդարության հացը տենչացողիդ և ցանկալի փառքի գեղեցկության ծարավն ունեցողիդ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: