Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ ահա մոտեցավ մի բորոտ և, երկրպագելով Նրան, ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։
   
    Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»:
   
    Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց Նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»:

    Ուշադրությո՛ւն դարձրու այստեղ Տիրոջ իմաստությանը, թե ինչպես էր բազմազան օգուտներ պարգևում մերձավորներին, որովհետև հրաշքներից անցավ խոսքերի, խոսքերից դարձյալ գալիս է հրաշքներ գործելու, որպեսզի խոսքը հրաշքներով ապացուցի և խոսքով հրաշքները հաստատի, ինչպես նաև ընդունել տա իշխանությամբ Իր սովորեցրածը: Բայց դու տե՛ս այս մարդու խելամտությունն ու հավատը, որ չխանգարեց [ուսուցմանը], այլ սպասեց պատեհ ժամանակի՝ իրեն փրկության պարգևին պատրաստելու համար: Մանավանդ որ չէր էլ համարձակվում ամբոխի մեջ մտնել, այլ երբ [Հիսուսն] իջավ լեռից, ջերմ հավատով ու անկեղծ սիրով երկրպագեց, մարմնի խոնարհմամբ հաստատեց մտքի աներկևանությունը  1 և խոսքով էլ կնքեց այն: Որովհետև չասաց. «Աղոթի՛ր, որ մաքրվեմ», ոչ էլ՝ «Տե՛ր, մաքրի՛ր ինձ», այլ իշխանությունը Նրան հանձնեց՝ ասես ասելով. «Կարողությանդ տեղյակ եմ, բայց կամքիդ՝ ոչ», որպեսզի ցույց տա, որ իշխանությունը կամքի արգասիքն է: Եվ որ հաճելի եղավ Տիրոջը, հայտնի է նրանից, որ [Տերը] չարհամարհեց, այլ ըստ նրա կարծիքի՛ պատասխանը կազմեց. «Կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր»: Իսկ Պետրոսն այսպես [չվարվեց], այլ ասաց. «Ինչո՞ւ եք շշմած նայում մեզ» (հմմտ. Գործք 3։12):

    Բայց անհրաժեշտ է քննել, թե ինչո՛ւ [բորոտն] ասաց. «Եթե կամենաս, կարող ես»: Նախ՝ ինձ թվում է՝ այդ մարդը հրեա էր և քահանաներից իմացած լինելով Հիսուսի մասին, թե Օրենքին հակառակ է և [Սուրբ] Գրքին թշնամի, կարծում էր, թե Նա չի կամենում հրեաների բժշկությունը: Եվ երկրորդ՝ գիտեր, որ ո՛չ բոլոր մեռյալներին է Նա կենդանացնում և ո՛չ բոլոր հիվանդներին բժշկում, այլ ում կամենում է, նրան է բժշկում, ուստի [ասաց]. «Թեպետ ես արժանի չեմ, սակայն միայն կամենալդ բավական է ինձ մաքրելու»:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եվ ահա մի բորոտ, մոտենալով Նրան, երկրպագում էր ու ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։
   
    Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

2-4․ Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: Յիսուս իր ձեռքը երկարեց, [դիպավ] նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր նրանց Մովսէսի հրամայած ընծան՝ իբրեւ վկայութիւն»:
   
    Հիսուս շրջագայում էր Գալիլիայում, մի քաղաքից մյուսն էր գնում, քարոզում և բժշկում։ Բազմաթիվ հրաշալի բժշկություններից մեկն էլ այս անգամ հիշատակում են երեք ավետարանիչները։ Դա բորոտի անմիջական բժշկությունն է։ Ժամանակագրական կարգը պահում ենք՝ հետևելով Մարկոսին ու Ղուկասին։ Քանիցս նշեցինք, որ Մատթեոսը նմանատիպ նյութերը միմիյանց հետ հավաքելու, կուտակելու ոճին է հետևել։ Նա նախ քարոզությունների ամփոփումն է տալիս, այնուհետև պատմում բոլոր հրաշքների մասին։
    Այդ բժշկության տեղը հայտնի չէ։ Ղուկասը գրում է «Եւ եղեւ ի հասանելն նորա ի մի ի քաղաքացն Գալիլիոյ», ուր մի բորոտ դուրս եկավ դեմ-հանդիման՝ դեռ քաղաք չմտած, որովհետև բորոտները, իբրև վարակիչ հիվանդությամբ տառապողներ, պետք է քաղաքից դուրս, ամայի տեղերում մնային  (Ղևտ․ 13։46):  Հիսուսին տեսնելով՝ բորոտը ոգևորվում է, հույսի մի նշույլ է ծագում նրա սրտում․ նա, որ բոլոր տեսակի հիվանդություններ բժշկում է, իրեն ևս կարող է բժշկել։ Ուստի վստահաբար աղաչում է, ծունկի է գալիս, խոնարհությամբ երկրպագում և ասում «Տեր, եթէ կամիս, կարող ես զիս սրբել»։ Բորոտի խոնարհությունը և վստահ շեշտը ներքին և խորին համոզմունքի արձագանքն էին, իր հաստատուն հավատքի փաստերը։ Հիսուս իր շնորհներն ևս ցույց տալու այլ պայման չուներ։ Հետաքրքրության համար պահանջողներին մերժում էր, հավատքով խնդրողներին ՝ ընդունում։ Բորոտի խնդրանքը վերջին պայմանին համապատասխան էր։ Գութը շարժվեց, մոտեցավ, երկարեց ձեռքը, հասցրեց բորոտին և ասաց․ «Կամիմ սրբեաց»։ Եվ ահա կատարվեց հրաշքը․ կեղևները թափվեցին, ողջ մարմինը մաքրվեց, բորոտության հետք անգամ չմնաց, բոլորովին առողջ մարմին դարձավ։
    Օրենքը պահանջում էր, որ բորոտությամբ վարակվողները քննվեին քահանաների կողմից, ստանային պղծության որոշումը և նոր միայն հեռացվեին։ Բժշկվելու պարագայում ևս պետք է քահանաների քննությանը ենթարկվեին, որպեսզի հաստատվեր արատների անցած լինելը և կատարվեր մաքրվելու արարողություն, որից հետո նոր միայն կարող էին քաղաք մտնել և ընդունվել ընտանեկան հարկից ներս։ Այսպիսին էր Ղևտացիների գրքում նկարագրված արարողությունը։ Մաքրվողը պետք է երկու հավ բերեր, որոնցից մեկը քահանան մորթում էր, արյունը լցնում էր խեցեղեն ամանի մեջ, հետը խառնում մաքուր ջուր, որից հետո եղևնու և զոպայի ճյուղերից կարմիր հյուսվածքաթելով մշտիկ կազմում և դրանով յոթն անգամ հավի արյունը ցանում մաքրվողի վրա։ Նույն արյամբ թրջում էր նաև կենդանի հավին և ազատ արձակում։ Մաքրվողն էլ լվացվում էր ամբողջությամբ, թրջում մազերը, լվանում հագուստները, յոթը օր մնում հսկողության տակ։ Յոթերորդ օրը կրկնվում էին նույն գործողությունները և ութներորդ օրը մատուցվում զոհեր՝ երկու հատ տարեկան գառ, մեկ որոջ և մի չափ էլ նաշիհ ու յուղ։ Մաքրվողի ականջի բլթակները, ձեռքերն ու ոտնածայրերը օծվում էին արյամբ ու յուղով, որոջն էլ ողջակեզ էին անում։ Միայն այսպես էր կարողանում մաքրվողն իր տուն վերադառնալ։ Աղքատները, երկու գառան և մեկ որոջի փոխարեն, երկու տատրակ և մեկ գառ էին միայն նվիրում ( Ղևտ․ 14։1-32
Հիսուս, բորոտին բժշկելուց հետո, հրամայեց անմիջապես քահանայի մոտ գնալ, ենթարկվել մաքրվելու քննության և կատարել օրինական արարողությունները։ Որքան էլ Հիսուս մովսիսական օրենքների դադարելն էր ծանուցում, սակայն երբեք դրանց պահպանությունը չանարգեց և դրանց կատարմանը միշտ հավատարիմ մնաց։ Քահանայի քննությունն արդեն պիտի հաստատեր Իր գործած հրաշքը։ Հարկ չկար, որ բորոտն այն ամենուր տարածեր։ Նրա խոսքը չեր կարող նույն ուժն ունենալ, ինչ կունենար օրինական քննությունը։ Հետևաբար, բժշկված բորոտին հրամայեց լուռ մնալ և ամեն տեղ չխոսել։
    Սակայն բորոտը չէր կարող զսպել ուրախությունը և չտարածել հրաշալի բժշկության լուրը։ Նա ամենուր խոսում ու պատմում էր այդ մասին։ Ուստի լուրը շուտով տարածվեց բոլոր հեռու և մոտիկ քաղաքներում։ Կամ բորոտն էր նշանավոր մի անձնավորություն և կամ դիպվածն էր նշանավոր, որովհետև այդ բժշկության լուրը հետաքրքրեց ամենքին։ Ամեն կողմից դիմողների թիվը շատացավ, քաղաքներն ու գյուղերը իրար անցան։ Այլևս անհնար էր դառնում Հիսուսի մի տեղից մյուսն անցնելը՝ առանց ճանապարհին խռնված հիվանդների հանդիպելու։ Ստիպված էր անցնել անսովոր ճանապարհներով։ Հեռանում էր անմարդաբնակ վայրեր, բայց այդ տեղերում էլ միայնակ չէր մնում։ Ժողովուրդը փնտրում, գտնում էր և հիվանդներին Հիսուսի մոտ բերում ու առողջացած վերադարձնում։