Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
26-27. «Եվ նրանց ասաց. «Դուք ինչո՞ւ եք այդքան վախկոտ, թերահավատնե՛ր»։ Ապա, վեր կենալով, սաստեց հողմերին ու ծովին, և կատարյալ խաղաղություն եղավ»։ «Իսկ մարդիկ զարմացած ասում էին. «Ո՞վ է սա, որ հողմերն ու ծովն էլ են հնազանդվում նրան»։
Փրկիչը հրաշք է գործում նաև առանց ժողովրդի ներկայության, որպեսզի Իր աշակերտներին չմեղադրեն քիչ հավատ ունենալու մեջ: Ուստի, իր հետ վերցնելով միայն նրանց, Հիսուս ուղղում է նրանց, և նախքան ջրերի ալեկոծությունը հանդարտեցնելը, Նա հնազանդեցնում է աշակերտների հոգիների ալեկոծությունը՝ հանդիմանելով նրանց այսպիսի խոսքերով. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, թերահավատնե՛ր»: Եվ, միաժամանակ, սովորեցնում է, որ վախը առաջանում է ոչ թե փորձությունների հարձակումներից, այլ հոգու տկարությունից:
Իսկ եթե մեկն ասի, որ աշակերտները Հիսուսին մոտեցան և արթնացրին Նրան ոչ թե վախի պատճառով և ոչ էլ թերահավատությունից մղված, ապա ես կասեմ, որ հատկապես հենց դա (վախը և թերահավատությունը) էր նրանց՝ Փրկչի մասին ոչ պատշաճ կարծիքի ապացույցը:
Աշակերտները վստահ էին, որ Հիսուս, վեր կենալով, կարող է խաղաղեցնել փոթորիկը. բայց որ Նա դա կարող է անել նաև քնած ժամանակ՝ դրանում վստահ չէին: Եվ ի՞նչ զարմանալի բան կա նրանց անկատարության մեջ այս պարագայում, երբ նրանք նույնիսկ բազմաթիվ այլ հրաշքներից հետո դեռևս խիստ անկատար էին մնում:
Այս իսկ պատճառով էլ Քրիստոս հաճախ էր հանդիմանում նրանց, օրինակ, այն ժամանակ, երբ ասում էր. «Դեռևս դո՞ւք էլ անհասկացող եք» (Մատթ. 15:16): Ուստի մի՛ զարմացիր, որ ժողովուրդը Հիսուսի մասին այդքան էլ բարձր կարծիք չուներ, երբ նույնիսկ աշակերտներն էին դեռևս անկատար մնում:
«Մարդիկ զարմացած, - նշում է ավետարանիչը, - ասում էին. «Ո՞վ է սա, որ հողմերն ու ծովն էլ են հնազանդվում նրան»։ Այնուամենայնիվ, Քրիստոս չհանդիմանեց նրանց այն բանի համար, որ Իրեն մարդ անվանեցին, բայց, իհարկե, ակնկալիք ուներ, որ ժամանակի ընթացքում հրաշքներով խրատելով նրանց, կփոխեր Իր մասին այդ սխալ կարծիքը: Իսկ ինչո՞ւ էին Նրան մարդ համարում: Ա´յն պատճառով, որ Հիսուս ուներ մարդկային կերպարանք, քնում էր և նավի վրա էր: Ահա թե ինչու նրանք տարակուսանքի մեջ էին և ասում էին. «Ո՞վ է սա»: Քանի որ երբ քունն ու արտաքին տեսքը Հիսուսի մեջ ցույց էին տալիս մարդուն, այդժամ ծովն ու խաղաղությունը բացահայտում էին Նրա մեջ Աստծուն:
Թեև Մովսեսն էլ ժամանակին նման մի հրաշք էր գործել, սակայն այստեղ նույնպես բացահայտվում է Քրիստոսի առավելությունը, որովհետև Մովսեսը հրաշք էր գործում որպես ծառա, իսկ Քրիստոս՝ որպես Տեր: Քրիստոս գավազան չմեկնեց, ինչպես Մովսեսը, ձեռքերը դեպի երկինք չբարձրացրեց, աղոթքի կարիք չուներ, այլ, որպես Տեր, որը հրամայում է Իր ծառային, և որպես Արարիչ՝ արարածին, Իր մեկ խոսքով և հրամանով Քրիստոս հնազանդեցրեց և խաղաղեցրեց ծովը, ու փոթորիկն անմիջապես բոլորովին հանդարտվեց, այնպես որ ալեկոծությունից ոչ մի հետք չմնաց: Ավետարանիչը սա նկարագրում է այսպես. «Եվ կատարյալ (մեծ) խաղաղություն եղավ»:
Եվ այն, ինչ ասվել էր Նրա (Հիսուսի) Հոր մեծության մասին, Նա (Հիսուս) կրկին բացահայտեց Իր գործերով: Իսկ ի՞նչ էր ասվել Հոր մասին: «Կասի, - ասում է մարգարեն, - և փոթորկոտ քամի կբարձրանա» (հմմտ. Սաղմ. 106:25): Այդ նույն կերպ նաև այստեղ է ասվում. «Ասաց…և մեծ խաղաղություն եղավ»:
Ահա թե ինչու մարդիկ մեծապես հիանում էին Նրանով, մինչդեռ նրանք չէին հիանա, եթե Քրիստոս վարվեր Մովսեսի նման: Ծովից հեռանալուց հետո Քրիստոս գործեց մեկ այլ, ավելի մեծադզու մի հրաշք:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
[Հիսուսն] ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»:
Այս սաստից պարզ է դառնում, որ [Հիսուսն] այն պատառով առանձնացրեց աշակերտներին, որպեսզի նրանց թերահավատությունը ժողովրդին հայտնի չդառնար: Ուստի նախքան ջրին սաստելը նրանց մտքի հուզմունքն է հանդարտեցնում, որպեսզի ամրանան և մի փոքր տագնապից չտրտմեն: Նաև սովորեցնում է, որ ոչ թե փորձություններն են վախ ծնում, այլ մտքի տկարությունը:
Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց քամուն ու ծովին, և մեծ խաղաղություն տիրեց:
Այն բանից հետո, որ աշակերտների մտքից խռովալից վախը սաստի միջոցով ցրեց, [սաստը] ծովին ուղղեց՝ հրամայեց իբրև արարածի հնազանդվել Արարչին, և իսկույն մրրիկը դադարեց, ու ծովում ալեկոծության հետք չերևաց: Եվ սա գավազանով [չարեց], ինչպես Մովսեսը (Ելք 14։16), ոչ էլ դեպի երկինք ձեռքերի տարածմամբ, այլ միայն խոսքով՝ խաղաղվելու հրամանով, սանձակոծեց ապստամբած ծովի բռնությունը և իսկույն բարեխառն ու տաք օդով լցրեց ծովը. սա՛ է հայտնում ավետարանիչը՝ [ասելով]. «Մեծ խաղաղություն տիրեց»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8։23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: