Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:33

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ խոզարածները փախան և, քաղաք գնալով, պատմեցին ամեն ինչ, նաև այն մասին, ինչ որ պատահել էր դիվահարների հետ»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:32
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

33-34. Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:
   

    Խոզարածները փախան, գնացին քաղաք և պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը: Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ:

    Խոզարածներն այն պատճառով փախան, որ դևերը նրանց մեջ էլ չմտնեին և խորասույզ չանեին: Իսկ գերգեսացիները, թեպետ չէին կամենում, որ [Հիսուսը] գար, սակայն այդ դեպքից հարկադրված և այդ հրաշքի պատմությունից ազդված՝ քաղաքի բոլոր բնակիչները, հոծ բազմությամբ վազելով, մեծ պատվով Նրան ընդառաջ ելան:

    Երբ տեսան Նրան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռանա:

    Երբ ստույգ իմացան տեղի ունեցածի մասին, մանավանդ երբ տեսան այնպես, ինչպես լսել էին խոզարածներից, իրենց գավառից քշեցին Նրան, Ով կարողություն ուներ քշելու դևերին իրենց երկրից, որովհետև ահաբեկվեցին այդ երկրի բնակիչները, թե չլինի թե մի օր էլ իրենց, որ տանջվում էին դևերի ձեռքին, ծովի մեջ դատարկեր: Նաև քանի որ հաճույքասեր ու փափկակյաց էին, խուսափում էին Նրանից, որպեսզի Իր վարդապետությամբ և զարմանալի հրաշքներով աշակերտ չդարձներ իրենց և իրենց չար գործերից չհեռացներ՝ ըստ այսմ. «Անմիտը խոսակից չի դառնում իմաստուններին» (հմմտ. Առակ. 15։12): Այլև ոմանք երկյուղածությունից էին աղաչելով ասում, որ գնա իրենց սահմաններից՝ իրենց արժանի չհամարելով այդ մեծ շնորհին, ինչպես Պետրոսն ասաց. «Հեռո՛ւ գնա ինձնից, Տե՛ր, որովհետև մեղավոր մարդ եմ ես» (Ղուկ. 5։7), հարյուրապետն էլ [ասաց]. «Արժանի չեմ, որ հարկիս տակ մտնես» (Մատթ. 8։8):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28