Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ Հիսուս նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է պատվիրել, իբրև վկայություն նրանց»»։
   
    Բուժելով բորոտի մարմինը՝ Քրիստոս նրան հրամայում է ոչ մեկին ոչինչ չասել, այլ ցույց տալ իրեն քահանային և ընծա մատուցել, ինչպես որ Մովսեսն էր հրամայել՝ իբրև վկայություն նրանց: Ոմանք պնդում են, որ Փրկիչն այդ բորոտին հրամայեց ոչ մեկին ոչինչ չասել ա´յն պատճառով, որպեսզի այդ մասին լսողները դավադիր մտադրությամբ չսկսեին հետազոտել, թե արդյոք բորոտն իրո՞ք մաքրվել է բորոտությունից: Սակայն այդպես մտածելը ծայրահեղ անմտություն է թվում: Բորոտն այնպես չմաքրվեց, որ նրա մաքրվելը կասկածի առարկա լիներ: Ո´չ, Քրիստոս բորոտին հրամայեց որևէ մեկին ոչինչ չասել, որպեսզի դրանով մեզ հրաժարեցներ ամեն տեսակի հպարտությունից ու փառասիրությունից: Թեև Հիսուս գիտեր, որ բորոտը չի հնազանդվի, այլ ամենքին կպատմի իր Բարերարի մասին, բայց, այդուամենայնիվ, Հիսուս կատարում է Իր սրտի փափագը: «Իսկ այդ ինչպե՞ս է, որ, - կհարցնես դու, - այլ տեղերում Նա բժշկվածներին հրամայում է պատմել իրենց բժշկության մասին: Դրանով Քրիստոս Ինքն Իրեն չի հակասում, այլ բժշկվածներին սովորեցնում է երախտապարտ լինել, քանի որ այդ դեպքերում Նա չէր հրամայում փառաբանել Իրեն, այլ` փառք տալ Աստծուն: Այստեղ հիշատակվող բորոտի միջոցով Փրկիչը մեզ հեռու է պահում հպարտությունից և փառասիրությունից, իսկ մյուս բժշկությունների միջոցով (որոնց մասին հրամայում է պատմել ամենուր) երախտագիտության զգացում է ներշնչում և ուսուցանում ամեն գործում փառք տալ Տիրոջը: Քանի որ մարդիկ սովորաբար, ծանր հիվանդության մեջ գտնվելով, հիշում են Աստծուն, իսկ բուժվելուց հետո անփութության են մատնվում, ուստի Հիսուս, հրամայելով և´ հիվանդության ժամանակ, և´ առողջության ժամանակ անդադար մտքում ունենալ Աստծուն, ասում է. «Աստծուն փա՛ռք տուր» (Հովհ. 9:24):

    Իսկ ինչո՞ւ Փրկիչն այս բորոտին հրամայեց իրեն ցույց տալ քահանային և ընծա մատուցել: Որպեսզի այդպիսով կատարի օրենքը: Հիսուս ամենուր չէ, որ խախտում էր օրենքը, ինչպես որ նաև` ամենուր չէ, որ պահպանում էր այն, այլ երբեմն այսպես էր վարվում, երբեմն՝ այնպես: Օրենքը չէր պահպանում, որպեսզի ճանապարհ հարթի ապագայի առավել վսեմ իմաստության համար, իսկ պահպանում էր, որպեսզի ժամանակավորապես զսպի հրեաների անամոթ լեզուն և խոնարհվի նրանց տկարության առջև: Եվ զարմանալի՞ է արդյոք, որ Քրիստոս այդպես էր վարվում Իր քարոզչության սկզբում, երբ նույնիսկ առաքյալները, հրաման ստանալով հեթանոսների մոտ գնալու, ամբողջ տիեզերքի համար բացելու ավետարանի ուսմունքի դռները, չեղյալ անելու օրենքը, նորոգելու պատվիրանները և դադարեցնելու այն ամենը, ինչ հին էր, - այդուհանդերձ, երբեմն հանդես են գալիս որպես օրենքը պահպանողներ, իսկ երբեմն էլ՝ խախտողներ:

    Բայց ինչպե՞ս է հնարավոր, կհարցնես դու, որ «ցույց տուր քեզ քահանային» խոսքերը վերաբերեն օրենքի պահպանմանը: Եվ լիովին վերաբերում են: Հին Օրենքը պահանջում էր, որ մաքրված բորոտն ինքը չտար իր մաքրվելու վերաբերյալ վկայությունը, այլ ներկայանար քահանային և նրան ներկայացներ իր մաքրության ապացույցը, ու միայն քահանայի դատավճռով ընդունվեր մաքուրների շարքում: Քանի դեռ քահանան չէր հայտարարում, որ բորոտը մաքրվել է, նա մնում էր անմաքուրների հետ՝ բանակատեղիից դուրս: Ահա թե ինչու Փրկիչն ասաց. «Քեզ քահանայի՛ն ցույց տուր և ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»:

    Քրիստոս չասաց՝ «ընծա՛ մատուցիր, քանի որ դա Ես եմ հրամայում», այլ ժամանակավորապես հղում արեց օրենքին, որպեսզի այդպիսով բոլոր դեպքերում փակի հրեաների բերանները, - մասնավորապես, որպեսզի նրանք չասեն, թե Հիսուս խլել է քահանաների փառքը: Այս իսկ պատճառով էլ Փրկիչն Ինքը կատարեց հրաշքը, իսկ այն փորձարկելու գործը թողեց քահանաներին և նրանց նշանակեց որպես Իր հրաշքների դատավորներ: Այսպիսով, Քրիստոսի խոսքերն իրենց մեջ պարունակում են այսպիսի մի միտք. «Ես ոչ միայն չեմ ցանկանում հակառակվել Մովսեսին կամ քահանաներին, այլև հրահանգում եմ, որ Իմ օգնությանն արժանացածները հնազանդվեն նրանց:

    Իսկ ի՞նչ է նշանակում՝ «իբրև վկայություն նրանց» խոսքը: Նշանակում է` որպես մեղադրություն, որպես մեղսագրություն և որպես վկայություն` այն պարագայում, եթե նրանք (հրեաները) չցանկանան դարձի գալ: Մասնավորապես, երբ հրեաներն ասեն. «Մենք Նրան հալածում ենք որպես գայթակղիչ և խաբեբա, որպես Աստծուն հակառակվող և օրենքը խախտող մեկի», - այդ ժամանակ, - ասում է Քրիստոս, - դու վկայի՛ր Իմ մասին, որ Ես օրենքը խախտող չեմ, որովհետև, քեզ բուժելով, հանձնում եմ օրենքի և քահանաների դատին, իսկ այդ կերպ վարվելը բնորոշ է նրան, ով հարգում է օրենքը, պատվում է Մովսեսին և չի հակառակվում հին օրենքի կանոններին: Եթե նույնիսկ օրենքի այսօրինակ պահպանումը հրեաների աչքին հաճելի թվալ չէր կարող, ապա դրանից էլ ավելի պետք է եզրակացնել Հիսուսի հարգանքն օրենքի նկատմամբ, քանի որ Հիսուս, թեև նախօրոք իսկ գիտեր, որ հրեաներն այդ դեպքից բնավ չեն խրատվի, այնուամենայնիվ, կատարեց այն ամենը, ինչ Իրենից կախված էր:

    Իսկ այն, որ Քրիստոս դա նախօրոք կանխատեսել էր, երևում է Նրա խոսքերից. Հիսուս չասաց՝ «նրանց ուղղելու կամ սովորեցնելու համար», այլ՝ «իբրև վկայություն նրանց», այսինքն՝ որպես մեղադրանք, որպես մերկացում և որպես վկայություն այն բանի, որ «Ես ամեն ինչ արեցի քեզ համար, ու թեև Ես նախօրոք տեսա, որ նրանք չեն ուղղվի, բայց, չնայած դրան, Ես չթողեցի առանց կատարման այն, ինչ Ինձ պետք էր անել, իսկ նրանք շարունակեցին մնալ իրենց ամբարշտության մեջ»: Նմանապես, մեկ այլ տեղում էլ Փրկիչն ասում է. «Եվ այս ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ պիտի գա վախճանը» (հմմտ. Մատթ. 24:14), - այսինքն՝ ի վկայություն բոլոր ազգերին, որոնք չեն լսի ու չեն հավատա:

    Իսկ ինչո՞ւ է պետք բոլորին քարոզել, - կհարցնեն Հիսուսից, - եթե ոչ բոլորն են, որ կհավատան: «Ա´յն բանի համար, - պատասխանում է Հիսուս, - որ երևա, թե Ես Իմ կողմից կատարել եմ ամենը, ինչ վերաբերում է Ինձ, և որպեսզի դրանից հետո ոչ ոք չկարողանա մեղադրել Ինձ` օրենքի մասին պատվիրանն Ինձնից չլսելու համար: Ինքը՝ քարոզությունը, վկայություն կլինի այդպիսիների դեմ, և նրանք այլևս չեն կարողանա ասել՝ մենք չենք լսել, քանի որ բարեպաշտության խոսքը կհասնի աշխարհի բոլոր ծայրերը»:

    «Եվ Հիսուս նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է պատվիրել, իբրև վկայություն նրանց»» - Դո´ւ մաքրեցիր նրան, սակայն, այդուհանդերձ, ուղարկում ես Մովսեսի օրենքի դատի՞ն: - «Այո´»: - «Իսկ ինչո՞ւ»: - «Հրեաների´ պատճառով, որպեսզի նրանք Ինձ չմեղադրեն օրենքը խախտելու մեջ»: Ահա թե ինչու, երբ Քրիստոս բժշկում էր բորոտին, նրան բուժեց այս արտասովոր եղանակով:
    ;

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»:
   
    Եվ Հիսուսն ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասե՛ս»:

    Ոմանք ասել են, թե [Տերը] թելադրեց, որ ծածուկ պահի, որպեսզի քահանաների քննության ժամանակ բորոտին զրկանք չպատճառեին: Սակայն հույժ սխալվում են, որովհետև հետո [Տերն] ասում է. «Գնա՛, քեզ ցույց տուր քահանային»: Իսկ իրականում երկու պատճառով արգելեց [խոսել այս մասին]: Առաջին՝ որպեսզի բորոտը չհպարտանար՝ իր անձով պարծենալով, թե իր արժանավորության պատճառով է մաքրություն գտել: Եվ երկրորդ՝ [Տերը] կամեցավ մեծարանք չընդունել աշխարհում՝ ըստ այսմ. «Իմ փառքը չեմ փնտրում, այլ Նրա փառքը, Ով ուղարկեց Ինձ» (Հովհ. 8։50), և թեպետ [բորոտը] համաձայն չէր եղածը թաքցնելու, սակայն [Տերն] Իր կողմից զգուշություն ցույց տվեց՝ որպես մեզ համար օրինակ և խրատ:

    «Այլ գնա քո անձը ցույց տուր քահանային և մատուցիր այն զոհը, որը հրամայեց Մովսեսն ի վկայություն նրանց»:

    Թեպետ [Սուրբ] Գիրքը [«անձ» բառն] առանց խտրության է գործածում, քանի որ երբեմն ամբողջ մարդուն է «անձ» կոչում, երբեմն՝ ամբողջ մարմինը, բայց այստեղ [Տերն] անիմաստ չի ասում՝ «Գնա քո անձը ցույց տուր»: [Այդպես է ասում], որպեսզի ցույց տա, որ մտքի հանցանքի պատճառով վերքի պալարը դրսից՝ մարմնի վրա էր երևում, ուստիև [Տերն] ասում է. «Տեսնելով մարմնիդ մաքրվելը՝ իմացիր նաև մտքիդ մաքրվելը»՝ միևնույն ժամանակ զգուշացնելով բորոտին, որ այլևս նմանատիպ մեղքի մեջ չընկնի՝ ըստ այսմ. «Ահա առողջա ցար, այլևս մի՛ մեղանչիր» (Հովհ. 5։14):

    Քահանայի մոտ ուղարկելը երեք նշանակություն ունի: Նախ՝ [քահանաների] ընտրությամբ էր հաստատվում այսպիսի [հիվանդների] առողջանալը՝ զոհի մատուցման և արյամբ սրսկման միջոցով  (Ղևտ. 14): Երկրորդ՝ [Տերը սրանով] Օրենքի [պահանջն] է կատարում, որովհետև ամեն տեղ չէ, որ [Օրենքը] խափանում էր, այլ մերթ դա էր կատարում, մերթ սա, որպեսզի խափանելով՝ զգուշությամբ ճանապարհ հարթեր ավետարանի համար, իսկ կատարելով՝ անամոթ հրեաների լեզուն պապանձեցներ: Եվ երրորդ՝ որպեսզի քահանաները չասեին, թե ինչպես որ ուսուցչությունը, այդպես նաև քահանայությունն է հափշտակել և ինքնաձեռն՝ առանց տաճարի է քահանայագործում, ուղարկում է նրանց մոտ, թե՝ դո՛ւք քննեք Իմ հրաշագործությունները [և տեսեք], որ Մովսեսի կամ քահանաներիդ հետ կռվող չեմ:

    Իսկ ի՞նչ է [նշանակում]՝ «հրամայեց Մովսեսն ի վկայություն»: Կամ [Տերն] Օրենքը կոչեց «վկայություն»՝ ըստ այսմ. «Տիրոջ վկայությունները ճշմարիտ են» (հմմտ. Սաղմ. 18։8-10), որովհետև Օրենքի մեջ գրվեց, որ բորոտին քահանան պիտի զննի, պիղծ կամ մաքուր համարի զոհի միջոցով կամ էլ հենց Օրենքն էր բորոտի մաքրության կամ պղծության վկա, որպեսզի ժողովուրդն այլևս չվախենար [բորոտից] Օրենքի կողմից նրա ընդունվելուց հետո: Կամ էլ՝ ի վկայություն և ի հանդիմանություն ու դատապարտություն, ի կշտամբություն ու ամբաստանություն հրեաների, որ այնքան հրաշքներ տեսան ու չհավատացին. [Տերը որպես թե ասում է]. «Ուրեմն թող [բորոտի մաքրվելը] վկայի, որ Իմ կողմից է ամեն ինչ ստեղծվել ու ամբողջացել, թեև նրանք, [միևնույն է], չեն ուղղվելու»:

    Այլաբանորեն՝ բորոտը մեր բնությունն էր, որ մեղանչելուց հետո աղարտվեց, ուստի աղաչում էր իր Արարչին Նրա կամքով մաքրվել մեղքերից: Իսկ ձեռքը մեկնելը [Աստծո] Որդու մարմնավորությունն է նշանակում, որովհետև ձեռքը Հոր Որդին է, որ խոնարհվելով՝ Իր մարմնով օգնության հասավ մեզ՝ տանջվողներիս՝ կամովին, Իր խաչելության միջոցով, կատարելով մեր սրբագործությունը: «Զգույշ եղիր»-ն էլ ասում է, որպեսզի [մկրտության] Ավազանով մաքրվելուց հետո [մարդը] շնորհի կնիքը չփչացնի մեղքով կամ հանդգնությամբ: Իսկ անձը ցույց տալը նշանակում է [ցույց տալ] միտքը քահանա Քրիստոսին՝ մերկ և առանց ծածկույթի՝ ըստ առաքյալի. «Բաց գլխով տեսնում ենք Տիրոջ փառքը՝ նորոգվելով Տիրոջ Հոգուց» (հմմտ. Բ Կոր. 3։18)՝ մեր մարմինը զոհ մատուցելով Տիրոջը: Մովսեսի [այս օրենքը] մտքի այս մաքրության վկայության համար խորհրդանիշ ու ստվերագրություն էր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:2