Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

9-10. «Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, բայց ձեռքիս տակ զինվորներ ունենալով` սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ «Սա լսելով` Հիսուս զարմացավ և Իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»»։
   
    Գուցե մեկը հարցնի, թե ի՞նչ կարևոր է, որ հարյուրապետն այդպես էր մտածում: Խնդիրն այն է, արդյոք Քրիստոս հավանություն տվե՞ց և հաստատե՞ց դա: Դու շատ լավ և խոհեմաբար ես խոսում: Ուրեմն, արի քննե´նք խնդիրը, և մենք այստեղ կգտնենք այն նույնը, ինչ պատահեց բորոտի հետ: Բորոտն ասաց` «եթե կամենաս», - և այդպիսով մենք վստահություն ենք ձեռք բերում Փրկչի իշխանության մասին ո´չ միայն բորոտի, այլև հենց Քրիստոսի´ խոսքից եզրակացնելով, որովհետև Նա ոչ միայն չմերժեց այդպիսի տեսակետը, այլև առավելաբար հաստատեց այն, երբ դրա ամրապնդման համար ավելացրեց հետևյալը՝ ասելով. « Կամենում եմ, մաքրվի՛ր»:

    Նմանապես, այստեղ նույնպես պետք է քննել, թե արդյոք նման բան տեղի չի՞ ունեցել: Եվ, իրոք, կարող ենք ականատես լինել, որ այստեղ էլ նույնն է պատահել: Իսկապես որ, երբ հարյուրապետն այդպիսի խոսքեր ասաց և վկայեց Փրկչի այդպիսի իշխանության մասին, այդժամ Հիսուս ոչ միայն չդատապարտեց նրան, այլև հավանություն տվեց հարյուրապետի խոսքերին, և նույնիսկ ավելին, քան պարզապես հավանություն տալը: Ավետարանիչը չասաց, որ Փրկիչը միայն գովեց հարյուրապետի խոսքերը, այլև, ցույց տալով գովասանքի կարևորությունը, հավելեց, որ Հիսուս նույնիսկ զարմացավ, և ոչ միայն զարմացավ, այլև ամբողջ ժողովրդի ներկայությամբ հարյուրապետին մատնանշեց որպես օրինակ` վերջինիս հետևելու ցուցումը տալով:

    Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է գովասանքի արժանանում յուրաքանչյուր ոք, ով վկայում է Փրկչի իշխանության մասին: Եվ, սա լսելով, ժողովուրդը զարմանում էր Հիսուսի վարդապետության վրա (տե´ս Մատթ. 7:28), քանի որ Նա ուսուցանում էր որպես իշխանություն ունեցող մեկը: Եվ Քրիստոս ոչ միայն չմեղադրեց ժողովրդին, այլ նաև նրանց հետ իջավ լեռից և բորոտի մաքրումով հաստատեց նրանց տեսակետը: Իսկ բորոտն ասաց. «Եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել», և Քրիստոս ոչ միայն չնախատեց, այլ նաև, բորոտին բուժելով այնպես, ինչպես նա (բորոտը) խնդրել էր, մաքրեց նրան:

    Նմանապես, հարյուրապետն ասում է. «Միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի»: Եվ Հիսուս, զարմանալով նրա վրա, ասաց. «Նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»: Նույնը կարող ես ճանաչել նաև հակադարձ օրինակից: Մարթան, որը նմանատիպ ոչինչ չասաց, այլ, ընդհակառակը, ասաց` «ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա» (Հովհ. 11:22), ոչ միայն գովասանքի չարժանացավ (թեև Քրիստոս ճանաչում և սիրում էր նրան, ու չնայած այն հանգամանքին, որ Մարթան մեծապես հոգ էր տանում Հիսուսի մասին), այլ նույնիսկ նախատվեց ու խրատվեց Փրկչի կողմից, որովհետև անխոհեմաբար խոսեց: «Քեզ չասացի՞, - այսպես խոսեց նրա հետ Քրիստոս, - եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը» (Հովհ. 11:40): Այս կերպ Հիսուս մեղադրեց նրան այն բանի համար, որ նա դեռևս չէր հավատում:

    Եվ, դարձյալ, երբ Մարթան ասաց՝ «ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա», այդժամ Փրկիչը, նրանից վանելով այդպիսի մտքերը և ուսուցանելով, որ Ինքը կարիք չունի ուրիշից ինչ-որ մի բան վերցնելու, այլ Ինքն իսկ է բարիքների աղբյուրը, պատասխանեց. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհ. 11:25), - այսինքն՝ Ես չեմ սպասում զորություն ստանալուն, այլ Ինքս Ինձնով եմ կատարում ամենը: Ահա թե ինչու Հիսուս զարմանում է հարյուրապետի վրա և նրան ամբողջ ժողովրդից առավել գերադասելի է համարում, արժանացնում է Արքայության պարգևին և մյուսներին էլ հորդորում է նմանվել նրա օրինակին: Իսկ որպեսզի դու վստահ լինես, որ Քրիստոս սա ասաց մյուսներին այսօրինակ հավատ ուսուցանելու համար, լսի՛ր, թե ավետարանիչը որպիսի ճշգրտությամբ է մատնանշում այդ հանգամանքը. «Հիսուս զարմացավ, - ասում է, - և Իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում Ես այսպիսի հավատ չգտա»: Այսպիսով, ուրեմն, Հիսուս Քրիստոսի մասին բարձրախոհ միտքը առավելապես ծառայում է որպես հավատի, Արքայության և այլ բարիքների երաշխիք:

    Իրոք որ, շատ մեծ նշանակություն ուներ այն, որ հրեա ազգից չեղող մի մարդ Քրիստոսի մասին այդպիսի վսեմ պատկերացում ուներ: Ինձ թվում է, որ նա պատկերացումներ ուներ երկնային զորքերի մասին, կամ այն մասին, որ հիվանդությունները, մահը և առհասարակ ամեն բան նույնպես ենթակա են Քրիստոսին, ինչպես իրեն իր սեփական զինվորներն էին ենթարկվում: Այդ պատճառով էլ հարյուրապետն ասում էր. «Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ», - այսինքն՝ Դու Աստված ես, ես՝ մարդ. ես իշխանության տակ եմ, Դու՝ ոչ: Ուրեմն, եթե ես, մարդ լինելով և իշխանության տակ գտնվելով հանդերձ, այդքան բան կարող եմ անել, ապա Դու, Աստված լինելով և իշխանության տակ չգտնվելով, որքան ավելին կարող ես գործել: Հարյուրապետը հատկապես մեծ ցանկություն է ցուցաբերում Քրիստոսին «համոզելու», որ ինքն իր այս համեմատությունը ներկայացնում է ոչ թե որպես նմանատիպ մի օրինակ, այլ որպես անհամեմատ բարձր համեմատություն: «Եթե ես, - ասում է հարյուրապետը, - հավասար լինելով հպատակներին և իշխանության տակ գտնվելով, կառավարչի ունեցած փոքր առավելությամբ այնպիսի ուժ ունեմ, որ ոչ ոք ինձ չի հակառակվում, այլ ինչ ես հրամայում եմ, այն էլ անում են, թեև հրամանները տարբեր լինեն («սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է»), ապա որքան առավել մեծ զորություն ունես Դու:

    Ոմանք այս հատվածը տարընթերցում են նաև այսպես. «Որովհետև ես մարդ եմ», և, առանձնացնելով այս խոսքերը կետադրական նշանով, ավելացնում են՝ «իմ ծառայության տակ զինվորներ ունենալով»: Բայց դու ուշադրություն դարձրու, թե հարյուրապետը որքան հստակ ցույց տվեց իր հավատն առ այն, որ Քրիստոս կարող է կառավարել մահը՝ որպես ծառայի, և հրամայել՝ որպես Տեր: Երբ հարյուրապետն ասում է՝ «սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է», իր այդ խոսքերով արտահայտում է հետևյալ միտքը, ըստ որի` «եթե Դու հրամայես մահին չգալ նրա (հարյուրապետի ծառայի) մոտ, նա (մահը) չի գա: Տեսնո՞ւմ ես, թե հարյուրապետն ինչպիսի հավատ ուներ: Նա նախապես իսկ բացահայտեց այն, ինչը հետագայում բոլորին պետք է բացահայտվեր, այն է՝ Քրիստոս իշխանություն ունի մահվան ու կյանքի վրա և կարող է բացել ու փակել դժոխքի դարպասները: Եվ հարյուրապետը հիշատակեց ոչ միայն զինվորներին, այլ նաև ծառաներին, ինչը էլ ավելի մեծ հնազանդության նշան է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ հարյուրապետն այդպիսի մեծ հավատ ուներ, նա դեռ իրեն անարժան էր համարում Հիսուսի ներկայությանը: Իսկ Քրիստոս, ցույց տալով, որ հարյուրապետն արժանի էր նրա տուն Իր այցելությանը, նույնիսկ ավելին արեց` զարմանալով հարյուրապետի հավատի վրա, նրան գովելով և նրա խնդրածից էլ ավելի մեծ պարգև շնորհելով: Հարյուրապետը եկել էր պատանու (իր ծառայի) մարմնական առողջությունը խնդրելու, բայց վերադարձավ տուն՝ Արքայությունը ստանալով: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես իրականություն դարձավ այն խոսքը, թե՝ «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը ձեզ ավելիով կտրվի» (հմմտ. Մատթ. 6:33):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»:
   

    «Քանի որ ես ևս իշխանության տակ գտնվող մարդ եմ, բայց իմ [ծառայության] ներքո զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է. իմ ծառային թե՝ արա՛ սա, և անում է»:

    Թեպետ միայն բախտի բերմամբ [որոշ մարդկանցից] ավելի բարձր պատիվ ունեմ, սակայն բնությամբ՝ մարդկանց նույն պատիվն ունեմ, նաև կարգված եմ մի ուրիշ զորավարի [իշխանության] տակ: Բայց ինչ որ հրամայում եմ իմ փոքր իշխանությամբ, անվրեպ կատարվում է: Ուրեմն որքա՛ն ավելի Քո՛ [հրամաններն են կատարվում], որ ոչ մեկի իշխանության տակ չես կամ մարդկանց հավասար չես, այլ նրանց Տերն ու Արարիչը՝ առանց աշխատանք թափելու, որ միայն [Քո] խոսքով հնազանդվում են Քեզ ախտերն ու հիվանդությունները, նաև մահը, որովհետև եթե հրամայես, անգամ վախճա՛նը չի համարձակվի մոտենալ մարմնին, այլ Կյանքիցդ խույս տալով կփախչի, ինչպես ծառան՝ տիրոջից:

    Տե՛ս այստեղ այս մարդու հավատը, թե ինչպես է մարգարեաբար այժմ պարզորեն հայտնում այն մասին, ինչը լինելու էր հետո, այն, որ [Հիսուսը] մահվան և կյանքի իշխանն է, իջեցնում է դժոխք և հանում այնտեղից  (Իմաստ. 16։13): Նաև զինվորների օրինակով Նրան իբրև երկնային զորքերի Տերը ցույց տվեց, որոնք ըստ Նրա հրամանի են ամեն ինչ կատարում:

    Այլաբանորեն՝ [հարյուրապետը] խորհրդանշում է կատարյալ հոգուն, որովհետև նույն զին վորին չէ, որ ուղարկելուց հետո վերստին կանչում է, այլ մի ուրիշի: Միտքը, ըստ ներքին մարդու հավանելով Աստծո օրենքը, երբ տեսնում է [մարմնի] անդամների մեջ պայքարող այլ օրենք, որը հակառակ է մտքի օրենքին և գերում է դեպի մեղքը (Հռոմ. 7։23), թույլ չի տալիս երկուսին էլ միևնույն վայրում բնակություն հաստատել, քանի որ ոչ մի հաղորդություն լինել չի կարող հակառակամարտ [կողմերի] միջև՝ ըստ (Բ Կոր. 6։14): Ուստի օտարներին վտարում է, նկատի ունեմ չարի սպասավորներին, և ներս առնում իմաստություն փափագողներին, որովհետև խավարից հեռանալը բնականաբար լույսով է [պարուրում]: Այսպես, արդարության զրահը հագած՝ Հոգու զորությամբ վառվելով, հույսի վահանով և ձեռքն առնելով Հոգու սուսերը, որն Աստծո խոսքն է  (Եփես. 6։14-17), [միտքը] հեռացնում է հակառակորդներին, ինչպես այն հարսնացած երջանիկ հոգին, ով քշում էր հյուսիսային քամուն և կանչում հարավայինին  (Երգ 4։16): Եվ ծառա մարմինը, սա տեսնելով և այսպիսի մտքից՝ իբրև տիրոջից, վախենալով, ենթարկվում է հոգու իշխանությանը՝ սպասավորելով առաքինության գործերին, ինչպես որ [հոգին] էլ գտնվում է մտքի իշխանության տակ: [Այսպես մարդն] ամբողջովին Վերինի իշխանությանն է ենթարկվում: Սրա վրա զարմանալով՝ Աստված գովում է [մարդուն]՝ ըստ այսմ. «Մտքով նայեցի՞ր Իմ ծառա Հոբին, որովհետև նրա պես մարդ չկա երկրի վրա» (Հոբ 1։8), ինչպես պատմում է նաև [Ավետարանը]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5