Ծննդոց գրքի մեկնություն 9:12

Ա. Լոպուխին

12-17. Եվ Տեր Աստված ասաց Նոյին. «Ահա այս է այն ուխտի նշանը, որը Ես հաստատում եմ Իմ և ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև` գալիք բոլոր սերունդների համար. [12] Իմ ծիածանը կտեղադրեմ ամպերի մեջ: Եվ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջև (հավիտենական) ուխտի նշանը: Եվ երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, ապա (Իմ) ծիածանը թող երևա ամպերի մեջ. և Ես կհիշեմ Իմ ուխտը, որ հաստատել եմ Իմ ու ձեր միջև և շնչավոր բոլոր էակների միջև: Եվ այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան: Եվ (Իմ) ծիածանը կլինի ամպերի մեջ, և Ես կտեսնեմ այն և կհիշեմ իմ ու երկրի վրա գտնվող բոլոր շնչավոր էակների միջև իմ հաստատած հավիտենական ուխտը: Եվ Տեր Աստված ասաց Նոյին. «Ահա այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջև և երկրի վրա գտնվող բոլոր էակների միջև»: (Սինոդական թարգ․)

   

   Որպես համաշխարհային ջրհեղեղի չկրկնվելու արտաքին և տեսանելի նշան, Աստված մարդուն ծիածանը ցույց տվեց, մթնոլորտային այդ հայտնի երևույթը, որ առաջանում է ջրային թափանցիկ միջավայրում արևի ճառագայթների բեկումից ու ցրումից: Ինչ վերաբերում է այն հարցին թե ինչպես հասկանալ այդ նշանի բուն նշանակությանը, ապա այստեղ մեկնաբանների կարծիքները տարբերվում են. ոմանք մտածում են, որ ծիածանն առաջին անգամ հայտնվել է հենց այդ պահին, որ դրանից առաջ այն գոյություն չի ունեցել, քանի որ անձրևներ չեն տեղացել բնավ, և որ երկիրը ոռոգվել է միայն մառախուղի և ցողի միջոցով, ինչի մասին կարելի է եզրակացնել 2-րդ գլխի 6-րդ համարից: Մյուսներն էլ առավել հիմնավոր այն պնդումն են անում, թե ծիածանը նախկինում էլ գոյություն է ունեցել, սակայն առաջ այն ընդամենը մթնոլորտային ու երկնային անկարևոր մի երևույթ է եղել, իսկ հիմա արդեն նրան տրվում է խորհրդանշական հատուկ գործառույթ: Իսկ այն հանգամանքը, որ այս նպատակի համար ընտրվել է հենց ծիածանը, և ոչ թե մեկ այլ երևույթ, լիովին արդարացված է. բանն այն է, որ ծիածանը, այսինքն մեր կողմից տեսանելի արևի ճառագայթների բեկման արդյունքը, երևում է միայն այն դեպքում, երբ ամպերն իրենցով չեն ծածկում ողջ երկնակամարը, այլ ճեղք են թողնում արևի շողերի համար, իսկ անձրևն իրենից չի ներկայացնում ջրային համատարած այն զանգվածը, որ կարող է հեղեղի սպառնալիք դառնալ: Բնագետները հիմա էլ դիտարկում, նկատում են, որ արևադարձային անձրևների ժամանակ ծիածան չի հայտնվում: Այսպիսով, ծիածանի երևալն ինքնին բնական ապացույցն է այն բանի, որ անձրևը սպառնալից բնույթ չունի և նման չէ մինչջրհեղեղյան տեղատարափին (Ծննդ. 7:11 ): Հենց այս բնական և իրական երևույթին էլ Աստված արտոնեց խորհրդանշական հատուկ դեր, ընտրելով այն որպես նշան՝ Նոյի հետ Իր ուխտի համար: Համանման օրինակ կարող է լինել, ասենք, փորի վրա օձի սողալը, որ խորհրդանիշ է դարձել ստորության, կամ էլ մկրտության խորհրդի ժամանակ ջրում ընկղմվելը, որ խորհրդանշում է սկզբնական մեղքից մաքրվելը:

   Սուրբ Գրքում մենք հանդիպում ենք ծիածանի խորհրդանշական իմաստի այլ արտահայտությունների. կայծակի հետ միասին ծիածանը ծառայում է որպես աշխարհի դեմ Աստվածային դատաստանի մի բնորոշ հատկանիշ (Ելից` 9:23, 34, Սաղ.17:14 ), կամ էլ հանդիսանում է Աստվածային վեհության ու փառքի նշան (Եզ. 1:27-28, Սիր. 43:12-13,Հայտ. 4:3,10:1): Ծիածանի առանձնահատուկ խորհրդավորության գաղափարը, ըստ երևույթին, արտացոլվել է նաև հեթանոսական շրջանի համընդհանուր առասպելներում, որոնցում այն նկարագրվել է երկնային նուրբ Էակի` պատգամաբերուհու կերպարով, ով երկիր է հասցնում ուրախության, խաղաղության ավետիսը և հայտնում աստվածների բարյացակամությունը:

   Եվ երբ երկրի վրա ամպեր կուտակեմ, ապա (Իմ) ծիածանը թող երևա ամպերի մեջ… «կուտակել-բերել» բայը սուրբգրային լեզվում գլխավորապես գործածվում է վերահաս վտանգ կամ սպառնալիք արտահայտելու համար (Ծննդ.6:17 և այլն): Այսպիսով, վտանգի սպասման ամենասաստիկ պահին Տերը խոստանում է ուղարկել ծիածան` իբրև թողության և երկնային պատժից փրկվելու նշան:

   և Ես կհիշեմ Իմ ուխտը…Սա ոչ ավելին քան մարդու մասին աստվածային նախախնամության մարդակերպ նկարագրության գաղափարն է, երբ մարդու նմանությամբ Տերը հիշում է մարդկանց  մասին ամեն անգամ, երբ թաքնված ինչ-որ վտանգ է սպառնում նրանց: Աստծո այս ընդհանրական նախախնամական վերաբերմունքը մարդկանց հանդեպ չի բացառում նաև աստվածային այդ նախախնամության բացառիկ, հատուկ գործողությունները, որը բխում է Աստծո և Նոյի միջև կնքված ուխտից:

   Ահա այս է նշանն այն ուխտի…Սրանք են ուխտի և դրա նշանակության մասին բավականին ծավալուն խոսքի եզրափակիչ բառերը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է.
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ Ես դնում եմ Իմ ու ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական սերունդների համար:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Ա՛յս է նշան ուխտին զոր ես տաց ընդ իս և ընդ ձեզ, և ի մէջ ամենայն շնչոյ կենդանւոյ որ է՛ ընդ ձեզ, յազգս յաւիտենից։