Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:19

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ, վեր կենալով, Հիսուս նրա հետևից գնաց, և Նրա աշակերտները ևս»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:18
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:
   
    Հիսուսը վեր կացավ գնաց նրա հետևից Իր աշակերտներով հանդերձ:

    Հոգիների և մարմինների Բժիշկն առանց ծանրութեթև անելու գնաց նրա հետևից՝ մեռելին հարություն տալու և այդ մարդու կիսակատար սիրտը դրանով կատարելության բերելու, որովհետև ամենուր մարդկանց փրկության մասին էր հոգում: Իսկ աշակերտներին հետևից տարավ խոսքով ու գործով նրանց վարժեցնելու համար: Ղուկասը միայն երեք [աշակերտի] մասին է խոսում, նմանապես և Մարկոս (Ղուկ. 8։51, Մարկ. 5։37), իսկ [Մատթեոսն] անորոշաբար ասում է՝ «աշակերտներով հանդերձ»: Կամ միայն [այդ երեքին] տարավ, քանի որ Մատթեոսը դեռ նոր էր եկել, ինչպես և մյուսները, ուստի [այդ երեքին] պատվում էր, որպեսզի մյուսներն էլ ցանկությամբ լցվեին՝ հետևելու նրանց առաքինություններին, որով և նրանց պատվին հաղորդակից կդառնային, կամ էլ [ավետարանիչն] այստեղ «աշակերտներ» է կոչում այն հավատացյալներին, ովքեր ելան գնացին հրաշքը տեսնելու: Ոմանք [գնացին] մեծարելու համար այդ մարդուն, ով եկավ աղաչեց, ոմանք էլ նրանցից էին, որ դեռ թանձրամիտ էին և ոչ այնքան հոգու, որքան մարմնի բժշկություն էին ցանկանում, ուրիշներ էլ հենց իրենց ցավերից հարկադրված գնացին աշակերտների հետևից: Ահա սրանց ամենքին [ավետարանիչը] «աշակերտներ» է կոչում. բայց երբ [Հիսուսը] տուն մտավ, ըստ Ղուկասի՝ միայն այն երեքի հետ առանձնացավ:
    Իսկ այլաբանորեն՝ երբ Տեր Աստված պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում գտնվող ամեն ծառից կուտես, բացի մեկից» (հմմտ. Ծննդ. 2։16-17), և անձնիշխանությամբ զարդարված Ադամն իսկույն կերավ [արգելված ծառի] պտղից, մերկացավ և լսեց Տիրոջ քայլքի ձայնը. «Ո՞ւր ես, Ադա՛մ», երկրպագությամբ մոտեցավ ու ասաց. «Ձայնդ լսեցի և վախեցա»: [Աստված] ասաց. «Ինչո՞ւ ես մերկ»: Պատասխանեց. «Այս կինը, ում տվեցիր ինձ, այն ծառից տվեց ինձ, և կերա» (Ծննդ. 3։9-12): [Այդ կնոջն] է, որ այստեղ [ավետարանիչը] հիրավի «դուստր» է կոչում, որովհետև Ադամի կողից ստեղծված լինելով՝ ինչ-որ առումով նրա դուստրն էր, և [Ադամը]՝ իբրև նրա հայրը, խնամք էր տանում [նրա մասին], իսկ նա էլ՝ իբրև նրա դուստրը, հնազանդվում նրան: Եվ ճշմարտապես է ասվում «հենց նոր վախճանվեց», որովհետև ասվել էր. «Այն օրը, որ ուտես նրանից, մահով կմեռնես» (հմմտ. Ծննդ. 2։17): [Եվ դստեր հայրն] աղերսելով ասում է [Տիրոջը]. «Ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և կապրի»: «Ձեռք» ենք հասկանում Հոր Միածին Որդուն՝ ըստ այսմ. «Քո աջն ու Քո բազուկը» (Սաղմ. 43։4), և թե՝ «Առաքի՛ր ձեռքդ և փրկի՛ր ինձ» (հմմտ. Սաղմ. 143։7), նաև՝ «Իմ եղբորորդին ձեռքը երկարեց պատուհանից» (Երգ 5։4), Ով և վեր կացավ Իր երկայնմտությունից և եկավ, Իր մարմինը մահվամբ «դրեց» Ադամի և Եվայի վրա, ինչով [մարդը] հավիտենական կյանքը ստացավ, ինչպես [Տերն Ինքն] ասաց. «Եկա, որ կյանք ունենաք» (հմմտ. Հովհ. 10։10), և թե՝ «Ես եմ հարությունն ու կյանքը» (Հովհ. 11։25): Իսկ «աշակերտ» այստեղ հասկացիր հրեշտակներին, ովքեր [Նրա] սպասավորները եղան Նրա ծննդյան ու խաչելության ժամանակ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:18