Ա. Լոպուխին
20-23. Նոյն սկսեց հող մշակել և խաղողի այգի տնկեց [20] և նա գինի խմեց ու հարբեց և մերկ պառկեց իր վրանում: Եվ Քամը` Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: Սեմն ու Հաբեթը հագուստներ վերցրեցին, դրեցին իրենց ուսերին և ետ-ետ գնալով, ծածկեցին իրենց հոր մերկությունը, նրանք մեջքով էին կանգնած և իրենց հոր մերկությունը չտեսան: (Սինոդական թարգ․)
Այս տողերը բացահայտում են այն պատճառը, որից էլ ծնունդ առավ Նոյի կարևոր մարգարեությունը:
Խաղողի այգի տնկեց…Հայաստանը, որտեղ Աստվածաշնչի վկայությամբ հանգրվանեց Նոյի տապանը, համարվում է խաղողի հայրենիքը:
Եվ նա գինի խմեց ու հարբեց… Խաղողի և դրա հյութի չափավոր գործածությունը հիանալի և առողջարար բուժիչ միջոց է, ուստի այս առումով Նոյի կողմից խաղողի մշակությունը լավ ու օգտակար գործ էր: Բայց նախաջրհեղեղյան մարդկությունը բնավ տեղյակ չէր դրան ու գինի օգտագործելուն: Այս ամենին առաջինը ծանոթանալու առիթը վիճակվեց Նոյին, և միանգամայն բնական է, որ նա, չիմանալով գինու ուժի և դրա ներգործության մասին, խմեց ավելի քան կարելի էր, և հայտնվեց վերը նշված իրավիճակում: «Սկսեց» արտահայտությունն իսկ ( LXX ) արդեն վկայում է, որ հենց նա սկիզբ դրեց գինու օգտագործմանը, ապա հարբածության տրվեց` բացարձակ անիրազեկության, գինի խմելու չափը չիմանալու հետևանքով: Նույնիսկ արդարների նմանօրինակ սխալները համարվում են նախազգուշական լավագույն միջոցներ` ընդդեմ մեր ինքնավստահության (Ա Կոր. 10:12), նաև առավել ազդու դեղամիջոց այն դեպքերի համար, երբ մեզ պատում է հուսահատությունն ու փոքրոգությունը` մեր իսկ մեղսավորության պատճառով (Եր. 8:4): «Դրա համար էլ նկարագրված է,-ասում է Ոսկեբերանը,- ոչ միայն որդիների առաքինությունները, այլև մեղքի մեջ ընկնելը, որպեսզի մենք վերջիններից խույս տանք, իսկ առաջիններին ընդօրինակենք» (Զրույց 29):
Եվ Քամը` Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունն…Քամը տեսավ այն մերկությունը, որն այնքան ցավալիորեն նկատեցին մեր նախածնողներն այն պահին, երբ արգելված պտուղը ճաշակեցին (Ծննդ. 3:7) և ամոթի զգացումից քողարկեցին իրենց այդ մերկությունը: Մինչդեռ Նոյը շատ քիչ բանով էր մեղավոր կատարվածի մեջ: Առաջին, ինչպես երևում է համատեքստից, նա դա արել է երազի մեջ և, բնականաբար, անգիտակցաբար, երկրորդ` նա դա արել է իր վրանում, ուր չպետք է թափանցեր կողմնակի և անպարկեշտ որևէ հայացք, և որտեղ ցանկացած մարդ իրավունք ունի ինքն իրեն առավել ազատություն տալու և անկաշկանդ լինելու իր գործողություններում:
ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին…վերջին այս արարքը բացահայտում է Քամի ամբողջ մեղքը: Եթե նա ակամա վկան լիներ այսօրինակ, ինչ-որ չափով անվայելուչ տեսարանի և իր տեսածին հատուկ նշանակություն չտար, ապա ոչ մի մեղք էլ գործած չէր լինի: Բայց Սուրբ Գիրքը հակառակն է ասում: «Տեսածն այդպիսի փութաջանությամբ եղբայրներին պատմելն ապացույց է խորապես փչացած էության. հորը նվաստացնող նրա արարքում առկա է չարախնդություն, իր հպարտությունն ու առավելությունը շեշտելու միտում և ամոթի իսպառ բացակայություն» (Գ.Կ. Վլաստով): Բացահայտելով Քամի` շատ հստակ արտահայտված շարժառիթները, մենք կարող ենք ասել, որ նա հեգնում էր հորը եղբայրների առաջ, սխալ լույսի տակ ներկայացնելով, թե ինչպես իրենց հայրը` վեցհարյուրամյա այդ ծերունին, ով անսասան հենասյունն էր արժանապատվության և հավատքի, կարող էր հասնել նման ծիծաղելի իրավիճակի: Նա, տեսածի մասին հայտնելով, հավանաբար, ծաղրում էր հոր ամոթալի վիճակը, ուշադրություն չդարձնելով իմաստունի խրատին, թե`«Մի’ փնտրիր փառք` հորդ անպատվության մեջ» (Հովհ. Ոսկեբերան, զրույց 29), (Սիր. 3:10, Ելից. 21:17, Ղև. 19:3, Մաթ. 15:4, Առ. 30:17): Կարծես թե Քամն ուրախ էր, որ հենց նա, ով խիստ նիստուկացի տիպարն էր և իր անբարո վարքուբարքի զսպողն էր, այժմ ինքն է հայտնվել անպատշաճ վիճակում` հարբած լինելու պատճառով:
Սեմն ու Հաբեթը հագուստներ վերցրեցին ... ծածկեցին իրենց հոր մերկությունը… Այսօրինակ գործողությամբ նրանք ոչ միայն չխրախուսեցին Քամի արարքը, այլև ոչնչացրին այդ արարքի պատճառը: Եվ եթե Քամը դրսևորեց արատավոր հակում, խեղված երևակայություն, որդիական սիրո ու պարտքի բացակայություն, ապա Սեմն ու Հաբեթը, հակառակը, մեզ համար եղան` ողջախոհության, ամոթխածության և հոր հանդեպ ունեցած որդիական վսեմ սիրո ու ակնածանքի ուսանելի օրինակ, այն էլ այնպիսի բացառիկ պահին, երբ նա` հայրը, ակներևաբար, արժանի չէր դրան:
նրանք մեջքով էին կանգնած և իրենց հոր մերկությունը չտեսան…Չնչին, բայց շատ հատկանշական մի մանրամասնություն է սա, որ ապացուցում է, թե նրբանկատության ինչ աստիճանի էր հասնում Նոյի այս երկու արժանավոր որդիների բարոյական ընկալումը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց:
(Արարատ թարգ․) Եվ Նոյն սկսեց մշակել հողը ու մի այգի տնկեց:
(Գրաբար) Եւ սկսաւ Նոյ, այր հողագործ զերկիր գործել. և տնկեաց այգի՛։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: