Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ահա մի կին, որ տասներկու տարի արյունահոսությամբ էր տառապում, հետևից մոտենալով, դիպավ Նրա հագուստի քղանցքին»։
Ինչո՞ւ այս կինը համարձակությամբ չմոտեցավ Հիսուսին: Որովհետև նա ամաչում էր իր հիվանդությունից և իրեն անմաքուր էր համարում: Եթե կինը դաշտանի ժամանակ համարվում էր անմաքուր, ապա առավել ևս նա իրեն անմաքուր կարող էր կարծել նման հիվանդությամբ տառապելու պատճառով:
Այդ հիվանդությունն օրենքով խիստ անմաքուր էր համարվում: Ահա թե ինչու է արյունահոսող այս կինը թաքնվում և ծպտվում: Բացի այդ, նա դեռևս ճշմարիտ և կատարյալ պատկերացում չուներ Հիսուսի մասին, հակառակ դեպքում նա չէր խորհի, որ կարող է թաքնվել Նրանից: Այս կինն առաջինն էր, որ ժողովրդի մեջ մոտենում է Հիսուս Քրիստոսին, քանի որ լսել էր, որ Նա բժշկում է նաև կանանց, և այժմ էլ գնում էր մեռած աղջկան բժշկելու (հարություն տալու): Այս կինը, սակայն, չէր համարձակվել Քրիստոսին կանչել իր տուն, թեև ինքը հարուստ էր։ Նա նույնիսկ չէր համարձակվել բացահայտորեն մոտենալ Փրկչին, այլ գաղտնաբար, իր հավատի ուժով միայն դիպավ Հիսուսի հանդերձին: Այս կինը չէր կասկածում և իր մտքում չէր ասում. «Արդյոք ես կբժշկվե՞մ այս հիվանդությունից, թե՞ ոչ», այլ Քրիստոսին մոտեցավ հաստատուն վստահությամբ առ այն, որ բժշկության է արժանանալու:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
20-21. Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»:
Եվ ահա մի կին, որ տասներկու տարի տառապում էր արյունահոսությունից, հետևից մոտենալով, դիպավ Նրա հագուստի քղանցքին: Որովհետև մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ Նրա հագուստին, կփրկվեմ»:
Մարկոսն ավելի ընդարձակ է խոսում այս կնոջ մասին (Մարկ. 5։25-26), թե նա վաճառել էր իր ամբողջ ունեցվածքը և ոչ մեկից բժշկության հնար չէր գտել, այլ նույնիսկ է՛լ ավելի էր վատացել, որովհետև ով հարվածել էր, նա՛ պիտի առողջացներ: Ուստի ամեն ինչ թողնելով՝ վերջին Բժշկին է ապավինում: Բայց ինչո՞ւ հետևից մոտեցավ քղանցքին և համարձակորեն առաջ չեկավ: Հավանաբար հիվանդությունից ամաչելով. որովհետև եթե նա, ով ամսականի աղտեղությունն էր կրում, պիղծ էր համարվում ըստ Օրենքի (Ղևտ. 15։19-30), ապա որքա՛ն ավելի նա, ով այդքան ժամանակ արյան կեղտոտության մեջ էր գտնվում: Եվ դու տե՛ս այդ կնոջ հավատը, որ չկանչեց իր տուն, թեև հարուստ էր, այլ լռելյայն, հավատով խիզախանալով մոտեցավ և բնավ չերկմտեց, թե կառողջանա՞, թե ոչ, այլ [Հիսուսի] հագուստին հպվելը բժշկության համար բավական պատճառ համարելով՝ մտածեց, որ եթե Նա գնում է տասներկու տարեկան մեռածի հոգին հետ դարձնելու, կարող է նաև տասներկու տարվա ցավը հեռացնել ու կտրել իր մարմնից:
Այլաբանորեն՝ «կինը» մեր ադամական բնությունն է դեպի նյութը հակվածության և իգական ախտով վարակված լինելու պատճառով: Իսկ արյունահոսությունից է տառապում անօրեն սպանությամբ և մանուկների անբիծ արյունը թափելու պատճառով՝ ըստ մարգարեի (Սաղմ. 105։37-38), ինչպես նաև դևերին մատուցված զոհերի ճենճերին խառնվելու պատճառով: Եվ մեղքերի մեջ է մնում կենդանակերպերի պարբերության՝ տասներկու տարվա ծառայությամբ, որից տարիներն են գոյանում, նաև մարմնի տասներկու անդամներով և ոսկորների մասերով, որոնք կազմվում են նույնքան ամիսների օրերի ընթացքում: Եվ ցանկությունների կատարման համար ծախելով աստվածպաշտության ունեցվածքը՝ [մարդիկ] չքավոր դարձան, ինչպես անառակ [որդին] (Ղուկ. 15։14), և ոչ մեկի միջոցով բժշկություն չգտան: Կամ էլ [ունեցվածքը] ծախսեցին աստվածպաշտության համար՝ ելնելով երկինք և իջնելով անդունդները (Սաղմ. 106։26), սակայն Աստծուն չգտան, Որով կարող էին բժշկվել, մինչև եկավ Խոսքը, Ում հրաշքների մասին և ուսմունքի խոսքերը լսելով՝ դիպան Նրա մարմին հագուստի քղանցքին՝ հետևից մոտենալով, այսինքն՝ ժամանակների լրմանը (Գաղ. 4։4, Եփես. 1:10): Կամ էլ [Հաղորդության] խորհրդի կատարումից հետո, սրտի հավատով ապավինելով, երկյուղով մոտենում ենք Նրա մարմնի խորհրդին, որով փրկվում ենք հին Ադամի առաջին հանցանքից, Օրենքի՝ մեղքերի դիմաց անեծքից և կռապաշտության արյունահեղությունից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
20-22. Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»: Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:
Հիսուս գնում է աշակերտների հետ, Հայրոսը առջևից, իսկ խուռն բազմությունը՝ ետևից, որ ամեն կողմից Հիսուսին մոտենալու, պետքերը հայտնելու, բժշկություն խնդրելու և շնորհք ընդունելու ջանքեր է գործադրում, խռնվում է և նեղում Հիսուսին։ Այդ բազմության մեջ մի կին կար՝ տխուր ու ցավագար, որ Հիսուսից բժշկություն էր սպասում։ Հիսուսին մոտենալու համար խառնվել էր դիմավորողներին ու ամեն ճիգ գործադրում էր, որպեսզի տեղ գտներ և գոնե հպվեր հագուստներին՝ համոզված լինելով, որ այսքանն էլ հերիք էր իրեն՝ բուժվելու համար հին ախտից։ Տասներկու տարի տառապում էր տեռատեսությամբ, ունեցած-չունեցածը բժիշկներին էր տվել, ծախսել դեղերի վրա։ Բժիշկների խորհրդով մի շարք բուժումներ էր ստացել, տոկացել, բայց ոչ մի գնով չէր կարղացել իր անկանոն ու հարատև արյունահոսությունը կանգնեցնել, որ օր օրի ավելի էր ծանրացել։ Ավետարանը չի ասում, թե ով է այս կինը, սակայն հավանական է կարծել, որ կափառնայումցի չէր, որովհետև, եթե տասներկու տարուց ավելի հիվանդ մեկը Կափառնայումում լիներ, ապա Գերգեսայից վերադառնալու այս անպատեհ պահին չէր սպասի՝ Հիսուսին դիմավորելու համար։ Դա կարող էր անել այնպիսի մեկը, որ հեռվից էր եկել՝ Հիսուսին որոնելու և, պատեհ առիթը բաց չթողնելով, իսկույն դիմում է Նրան։ Եվսեբիոսը նշում է, թե կինը պանիասցի էր, այսինքն՝ Կեսարիայի Փիլիպպեա քաղաքից։ Մի ուրիշ ավանդություն էլ, որ այս կնոջը Վերոնիս անունն է տալիս, առանց հայտնելու, թե խաչելության օրվա նույն Վերոնիկեն է, թե՝ ուրիշ մեկը։
Ինչ էլ որ լիներ քաղաքի կամ հենց իր անունը, միևնույնն էր, տեռատես կինը, հաստատուն կամքի շնորհիվ, կարողանում է բազմության մեջ փոքրիկ տեղ բաց անել, կամաց-կամաց սպրդելով, ետևի կողմից հասնել Հիսուսին, առանց առջևի կողմն անցնելու և իր խեղճ վիճակի մասին պատմելու, անշուշտ, ունեցած հիվանդությունն էլ հրապարակորեն պատմել ամաչելով։ Նա մոտենում է, երկարում ձեռքը և, բռնելով Հիսուսի հանդերձի քղանցքից, քսում է վրան՝ այն հաստատ համոզմամբ, թե «միայն մերձենան ի հանդերձս նորա՝ փրկիմ»։ Իրոք, նույն ժամին էլ հանդարտության զգացում է ունենում և դադարում են տառապանքները, ցավերը և զգում է, որ բժշկվել է։
Հիսուս ևս զգում է իր հանդերձի շարժվելը, հասկանում, որ այդ շարժմամբ մի բան կատարվեց, Իր զորությունը բժշկեց ինչ-որ մեկին։ Ոչ թե պատահածն Ինքը հասկանալու և իմանալու, այլ ուրշներին հասկացնելու ու իմացնելու դիտավորությամբ՝ Հիսուս շրջվում է, չորս կողմը նայում, իսկ երբ աչքով չի տեսնում, հետաքրքիր շեշտով հարցնում է իրեն շրջապատողներին․ «Ո՞վ դիպավ հագուստիս»։ Մոտիկ եղողները պատասխանում են, թե ոչինչ չեն տեսել ու ոչինչ չգիտեն։ Պետրոսն ու մյուս առաքյալները, որ մոտն էին, զարմանալով, մի փոքր էլ մեղադրելով, նկատել են տալիս․ «Ահա ամեն կողմից ժողովուրդը խռնվում է, աշխատում է հասնել քեզ, հրում ու հրմշտկում է, քսվում ու նեղում է, իսկ դու մեկի մոտենալու մասին ես խոսում և ով լինելն ես ուզում իմանալ»։ Բայց Հիսուս չորս կողմն է նայում, աչքերը հառում մոտ եղողների վրա, ցանկանում անպայման գտնել այդ մեկին։ Անշուշտ Հիսուսի հայացքը կնոջ աչքերին էլ հանդիպեց, գուցե նայվածքով անգամ վերջինիս ինչ-որ բան հասկացրեց, սակայն առանց դրա էլ կինը գաղտնի մի բան անողների նման, շփոթվում է, արածի բացահայտվելը և իր վիճակի մասին ամենքին հայտնի դառնալը տեսնելով՝ դողդողալով ընկնում է Հիսուսի ոտքերը։ Մի կոմից ամաչելով, բայց մյուս կողմից ուրախանալով՝ պատմում է իր ցավի, ցանկության, գործադրած ճիգի և բժշկության մասին։ Հիսուս ոչ թե կամենում էր Իրեն փառաբանել տալ, այլ կնոջ հավատքը և հավատքի զորությունը բացահայտել։ Ամեն ինչ լսելուց հետո՝ շրջվում է դեպի կինը և ասում․ «Մի՛ վախեցիր, աղջիկս, մի՛ շփոթվիր, քաջալերվիր ու մխիթարվիր, որովհետև
զորավոր ու գովելի հավատք ես ունեցել, որի շնորհիվ ազատվեցիր ցավիցդ։ Այսուհետև մի՛ կասկածիր։ Բոլորովին ազատվել ես քո հիվանդությունից․ գնա բարով, ապրիր խաղաղությամբ»։ Այստեղ Ավետարանի պատմությունն ավարտվում է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: