Ծննդոց գրքի մեկնություն 9:22

Սրբ. Եփրեմ Ասորի

Եվ Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը և դուրս եկավ և պատմեց իր երկու եղբայրներին: 

«Եվ Քամը՝ Քանանի հայրը, - ասում է, - տեսավ իր հոր մերկությունը և ծիծաղեց» (Ծննդ. 9:22): Արդ, այն բանի համար, որ նա իր հոր վրա ծիծաղեց, իր զավակով անեծքի և ծաղրի արժանացավ: Եվ քանի որ Սեթի որդիները խմեցին օտար աղբյուրից, հեղեղի ջրերով հատուցում ստացան: Եվ քանի որ Ռուբենը օտար աղբյուրից ջուր խմեց, ուստի նրան իր հայրն ասեց. «Մոլորվեցիր, ջրի նման մի՛ եռա» (Ծննդ. 49:4): Եվ քանի որ Եսավը պահեց թշնամությունը, եղբոր նկատմամբ ոխակալ եղավ, նրա հանդեպ հավիտենական թշնամություն պահվեց, և նրա լեռները դարձան ավեր ապականություն: Եվ փարավոնը, քանի որ խորհեց ժողովրդի վրա հինգ չարիքներ գործել, ուստի նա տասնահարվածյան հատուցում ստացավ: Եվ Ռոբովամը քանի որ ականջ դրեց իր տարեկից ընկերների խրատներին, ուստի ծերերի ծաղր ու ծանակին արժանացավ: Եվ Հերոբովամը քանի որ ոսկյա երինջներ ձուլեց և դրանց պաշտեց, դրա համար էլ նա շների կերակուր դարձավ: Եվ այն ասորեստանցին, որ հայհոյեց իր շրթունքներով, ծաղրեց իր քթով, երասանն անցկացվեց նրա քթով և բերանակապ դրվեց նրա դնչին: Եվ ժողովուրդը քանի որ արհամարհեց Սելովի ջուրը, որը հանդարտ հոսում էր, այդ պատճառով էլ նրանց վրա թափվեց հզոր և հորդ գետերի անհուն, վարարուն ջուրը (Եսայի 8:6-7): Եվ Նաբուգոդոնոսորը քանի որ իր ոսկե պատկերը ստեղծեց, դրա համար էլ նրա չորս կողմը հողմը շաչեց, նրա երեսին երկնքի չորս հողմերը շնչեցին և յոթը դարերը ցողով թաղեցին նրան: Քանի որ նա իր անձն Աստված կարծեց, մարդկային կերպարանքը նույնպես նրանից վերցվեց և նրան գազանի սիրտ տրվեց: Քանի որ Համանը մտադիր էր ջնջել վերացնել Հակոբի որդիներին, Հակոբի դուստրը նկատի ունի Եսթերին (տե՛ս Եսթեր գլուխ 5-7) ջնջեց վերացրեց նրա հիշատակը տասնյակ որդիների հետ հանդերձ: Եվ Հերովդեսը երդվեց և ստեց արդարների արյունը հեղելու համար, որդը եռաց և դուրս եկավ նրա բերանից: Եվ Հերովդեսի դուստրը, որ խնդրեց Հովհաննեսի գլուխը սկուտեղի վրա, նրա գլուխը դրեց սառը սկուտեղի վրա: Գամերը գաղաատացի էր, և ահա մակաբայեցիները վկայում են, որ նրանց դեմ պատերազմի մարտ են մղել:

Հաբեթի որդիներից սկիզբ առան նաև Քամի որդիները, և Քանանի որդիներից և Սեմի որդիներից մինչև Փարեսի եղբայր Հեկտանի որդիները: Յոթանասուն երկու որդիներ համրվեցին, որոնք յոթանասուն երկու սերունդ եղան, և Սեմի որդիները՝ Ելամը, Ասուրը և ապա Արփաքսադը, երկրորդ տարում ասում է Ելամ, Ասուր և հետո Արփաքսադ: Իսկ արդ, ո՞ւր են Եղամի և Ասուրի ծնունդները, քանի որ ահավասիկ յոթանասուն երկու են լեզուների, տոհմերի գլխավորները: Եվ եթե նրա անդրանիկը Ելամն էր, ինչո՞ւ ասաց, ասում է. «Սեմը հարյուրամյա հասակում, ջրհեղեղից երկու տարի հետո ծնեց Արփաքսադին» (Ծննդ. 11:10): Այլ հարկավոր էր հետևել Աբրահամի պատմելուն՝ Եբերի որդուց՝ Փարիսից, Սաղայի որդուց, Արփաքսադի որդուց: Եվ եբրայեցին քանի որ Աբրահամ անվանվեց, քանի որ նա գետի մյուս կողմից էր, կամ էլ Եբերից էր նա: Կամ որ ասում է. «Հարյուրամյա որդի Սեմը», այսինքն մինչև հինգ հարյուր տարի հետո Աստված Նոյին երևաց, և հետո վերջինս ամուսնացավ: Սրա համար երբ երկու տարի անցավ, այդ ժամանակ այն երկու տարին անցնելուց հետո, որ հայտնությունից հետո էր, հարյուրամյա կոչվեց, սակայն՝ Նոյից վեց հարյուր տարի անց:

 

Ա. Լոպուխին

Եվ Քամը` Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին:  (Սինոդական թարգ․) [22]

Տե՛ս  Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 9:20
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին:
(Արարատ թարգ․) Եվ Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը ու դուրս գալով՝ պատմեց իր երկու եղբայրներին:
(Գրաբար) Եւ ետե՛ս Քամ հայր Քանանու զմերկութիւն հօր իւրոյ, և ել պատմեաց երկուց եղբարց իւրոց արտաքոյ։