Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:22

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց երբ Հիսուս շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Կինը նույն պահից բժշկվեց»։
   
    Իսկ ի՞նչ է անում Քրիստոս: Նա չցանկացավ, որ կինն անհայտության մեջ մնար, այլ քողազերծեց և բացահայտեց նրան բազմաթիվ պատճառներով: Որոշ անմիտ մարդիկ ասում են, թե Հիսուս Քրիստոս այդպես վարվեց փառասիրությունից ելնելով: «Ինչո՞ւ Քրիստոս նրան անհայտության մեջ չթողեց», - մեղադրաբար ասում են նրանք: Սակայն այդ ի՞նչ ես ասում, ո՜վ ամբարիշտ և անօրեն:

    Մի՞թե փառասեր է Նա, Ով ուրիշներին արգելում է խոսել և Ինքն էլ Իր անթիվ հրաշքների մասին չի հիշատակում: Ուրեմն, Հիսուս ինչի՞ համար է բացահայտում արյունահոսող կնոջը: Նախ, այդպիսով Քրիստոս այս կնոջն ազատում է իր վախից, որպեսզի վերջինս, խղճի խայթով տանջվելով՝ որպես պարգևը «գողացած» մեկը, իր կյանքը չանցկացնի տառապանքի մեջ: Երկրորդ, Հիսուս շտկում է այս կնոջը, որովհետև նա մտածում էր, թե կարող է թաքնվել Իրենից: Երրորդ, Քրիստոս բոլորին հայտնի է դարձնում այս կնոջ հավատը, որպեսզի մյուսներն էլ ձգտեն նմանվել նրան:

    Եվ բացի այդ՝ ամենքի առջև բացեիբաց ցույց տալը, որ Ինքն ամեն ինչ գիտե, նույնքան մեծ հրաշք է, որքան արյան հոսքը դադարեցնելը: Վերջապես, Հիսուս այս կնոջ օրինակով ուղղում է նաև ժողովարանի իշխանի (ժողովրդապետի) միտքը, քանի որ վերջինս իրեն պատուհասած իրավիճակում հեշտությամբ կարող էր կորցնել հավատը, իսկ դրա հետ մեկտեղ՝ մնացյալ ամեն բան: Իսկապես, չէ՞ որ այս իշխանի խնդրանքից հետո եկած մարդիկ ասում էին. «Քո դուստրը մեռավ, մի՛ անհանգստացրու Վարդապետին», իսկ նրա տանը գտնվողներն էլ ծիծաղում էին Հիսուսի վրա, երբ Նա ասաց, թե աղջիկը քնած է։ Բնական է, որ այս իրավիճակում աղջկա հայրը նույնպես կարող էր տատանվել իր հավատի մեջ:

    Ահա թե ինչու, որպեսզի աղջկա հորը հեռու պահի նման տկարությունից, Քրիստոս բացահայտում է կնոջը: Իսկ այն մասին, որ աղջկա հայրը պատկանում էր ամենակոպիտ մարդկանց թվին, հայտնի է դառնում Քրիստոսի՝ այդ մարդուն (ժողովարանի իշխանին) ուղղված խոսքից. «Մի՛ վախեցիր, միայն հավատա, և նա կփրկվի» (հմմտՂուկ. 8:50):

    Փրկիչը միտումնավորաբար ձգձգում է իր անելիքը և տուն է գալիս միայն այն ժամանակ, երբ աղջիկն արդեն իսկ մեռած էր, որպեսզի այդպիսով պարզորոշ ցույց տա, որ Ի՛նքը հարություն տվեց նրան: Այդ նպատակով Հիսուս դանդաղորեն է գնում և երկար խոսում է արյունահոսող կնոջ հետ, որպեսզի ժողովրդապետի դստերը «ժամանակ տա» մեռնելու, և որպեսզի որոշ մարդիկ էլ գան ու աղջկա մահվան մասին գույժը հայտնեն՝ ասելով. «Մի՛ անհանգստացրու Վարդապետին»: Սրա մասին վկայում է նաև ավետարանիչը՝ ասելով. «Եվ մինչ Նա խոսում էր», ժողովրդապետի տնից որոշ մարդիկ եկան՝ ասելով. «Քո դուստրը մեռավ, մի՛ անհանգստացրու Վարդապետին» (հմմտ. Ղուկ. 8:49): Քրիստոս ցանկանում էր, որ ներկաները վստահ լինեին աղջկա մահվան մեջ, որպեսզի հետո հիմքեր չունենային կասկածելու նրա հարությա՛նը: Հիսուս այդպես է վարվում բոլոր դեպքերում: Նա այդպես է գալիս նաև Ղազարոսի մոտ՝ նրա մահից երեք օր անց միայն:

    Ահա ա՛յն պատճառները, որոնցից ելնելով՝ Քրիստոս բացահայտում է կնոջը և ասում նրան. «Քաջալերվի՛ր, դուստր»: Հիսուս խոսում է նույն կերպ, ինչպես անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյակ» (Մատթ. 9:2): Կինը սարսափար էր եղել, ու դրա համար է Հիսուս ասում. «Քաջալերվի՛ր», և նրան «դուստր» է անվանում, որովհետև հավատն այդ կնոջը դուստր էր դարձրել: Իսկ այնուհետ էլ, այս կնոջը գովաբանելու համար, Քրիստոս ասում է. «Քո հավատը քեզ փրկեց»:

    Ղուկաս Ավետարանիչը մեզ շատ այլ մանրամասնություններ է հաղորդում այս կնոջ մասին: «Երբ նա մոտեցավ Հիսուսին, - ասում է Ղուկասը, - և բժշկություն ստացավ, այդժամ Քրիստոս նրան անմիջապես չկանչեց, այլ նախ հարցրեց. «Ո՞վ էր, որ Ինձ դիպավ» (հմմտ․ Ղուկ. 8:45): Իսկ հետո, երբ Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ շրջապատում ու նեղում է Քեզ, — և Դու ասում ես՝ ո՞վ դիպավ Ինձ», — (ինչն անվիճելի ապացույց էր, որ Հիսուս իսկապես մարմին էր «հագած» և բացարձակապես որևէ տեսակի հպարտություն չուներ իր մեջ, իսկ ահա ժողովուրդն էլ ոչ թե հեռվից էր հետևում Հիսուսին, այլ ամեն կողմից շրջապատում էր Նրան), այդժամ Տերը կրկին համառորեն կրկնեց. «Մեկն Ինձ դիպավ, որովհետև զգացի, որ Ինձնից զորություն դուրս եկավ» (Ղուկ. 8:46Իր այդ պատասխանն ուղղելով ունկնդիրների խստապահանջ պատկերացումներին: Քրիստոս սա ասաց, որպեսզի կնոջը ստիպի կամավորաբար խոստովանել իր արարքը: Նա միտումնավորությամբ անմիջապես չբացահայտեց կնոջ արածը, որպեսզի, ցույց տալով, որ Ինքն ամեն բան գիտե, այդպիսով համոզեր նրան կամավորաբար պատմել ամենը և պարտավորեցներ հայտնել կատարվածը, ու որպեսզի կասկածելի չթվար այն, որ Ի՛նքը սկսեր խոսել դրա մասին:

    Տե՞սնում ես այս կնոջ գերազանցությունը ժողովրդապետի նկատմամբ: Նա հաշվարկներ չարեց, չկանգնեցրեց Քրիստոսին, այլ միայն մատների ծայրով դիպավ Նրա հագուստին և, վերջինը եկած լինելով, առաջինը հեռացավ բժշկված: Ժողովարանի ղեկավարն ինքը Բժշկին տարավ իր տուն, իսկ այս կնոջ համար բավական էր միայն մեկ հպումը: Թեև կինը շղթայված էր հիվանդության կապանքներով, բայց հավատը թևավորում էր նրան: Տե՛ս, թե ինչպես է Փրկիչը մխիթարում նրան. «Քո հավատը, — ասում է Նա, —քեզ փրկեց»: Եթե Հիսուս բացահայտեր նրան Իր փառասիրությունից ելնելով, ապա չէր ավելացնի այս խոսքերը: Քրիստոս, սակայն, այսպես է խոսում, որպեսզի հավատ ուսուցանի ժողովրդապետին, գովաբանի կնոջը և նրան ուրախություն շնորհի ու օգուտ բերի, որ բնավ առավել նվազ չէ (այլ դեռ, ընդհակառակը, ավելին է), քան մարմնի առողջությունը: Իսկ որ Քրիստոս այդպես վարվեց ոչ թե Ինքն Իրեն փառավորելու, այլ կնո՛ջը մեծաբանելու և ուրիշներին ուղղելու համար, դա երևում է նաև ա՛յն իրողությունից, որ Փրկիչը հավասարապես կարող էր փառավորված լինել նաև առանց այս հրաշքի (որովհետև Հիսուսի գործած հրաշքներն իրենց քանակով գերազանցում էին նույնիսկ անձրևի կաթիլներին), ինչպես նաև ա՛յն փաստից, որ Քրիստոս կատարել էր և մտադրություն ուներ կատարել շատ ավելի փառավոր հրաշքներ, քան այս մեկն էր։ Մինչդեռ կինը, եթե Քրիստոս չբացահայտեր նրան, այդպես էլ անհայտության մեջ կմնար և կզրկվեր այս մեծ գովասանքներից: Ահա թե ինչու Տերը բացահայտեց նրան, գովաբանեց, ազատեց իր վախից (որովհետև ասվում է, որ կինը դողալով եկավ-(տե՛ս Ղուկ․ 8։47)), քաջալերեց այս կնոջն ու, նրան մարմնի առողջություն պարգևելով հանդերձ, ճանապարհեց նաև Իր ողորմությամբ ու այլ բարիքների պարգևումով՝ ասելով. «Գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ8։47):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:
   
    Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ»:

    Մատթեոսը համառոտաբար է ներկայացնում կնոջ պատմությունը, իսկ Ղուկասն ասում է, թե [Տերն ասաց]. «Ո՞վ դիպավ Ինձ»: [Տերն] ինչո՞ւ այդպես վարվեց: Նախ՝ որպեսզի մեկի միջոցով շատերին խրատեր, որ ինչպես էլ մեկը մոտենար Նրան՝ մարմնապես թե հոգեպես, Ինքը գիտեր, ինչպես և երբ ասաց Պետրոսը. «Ժողովուրդը նեղություն է տալիս Քեզ», Նա պատասխանեց. «Մեկն Ինձ դիպավ» (Ղուկ. 8։45-46), որովհետև այլ է մարմնի հպումը, և այլ՝ հավատինը. մարդը՝ մարդուն, իսկ հավատն Աստծուն է հպվում: Եվ սրանով ցույց տվեց, որ Ինքը և մարդ է, և Աստված: Երկրորդ՝ որպեսզի հրաշքը շատերից գաղտնի չմնար, այլ ամենքին հայտնի դառնար: Երրորդ՝ որպեսզի նա, ով մարմնով բժշկվեց, հոգով չվնասվեր. քանի որ [Տերը] բժշկեց նրան, [վերջինս Տիրոջն] իբրև մարգարե կճանաչեր, բայց եթե [Տերը] չիմանար, [որ Իրեն հպվել են], [կինը] կերկմտեր, թե Նա Աստված չէ: Եվ չորրորդ՝ հարց տալու միջոցով այդտեղ ավելի երկար մնալով և կնոջ հետ հաճախ խոսելով՝ կամեցավ [տասներկուամյա] աղջկա մահվանը տեղի տալ և ապա՛ նրա տուն գնալ, որպեսզի հայտնի դառնար հարության դեպքը:

    Իսկ ինչո՞ւ հենց Ինքը չհայտնեց, թե ով էր [Իրեն] հպվել: Որպեսզի նա, ով բժշկվել էր, հայտնապես վկայեր Նրա զորության մասին, Ով նրան բժշկեց ծածկապես: Ինչպես նաև չփութաց Ինքն Իր վկան լինել, քանի որ թշնամիների մեջ էր, այլ սպասեց, որ Իր գործերն Իր աստվածությունն ու ամենագիտությունը քարոզեն: Ուստի երբ [այդ կինը] դողալով առաջ եկավ, [Հիսուսն] ասաց.«Քաջալերվի՛ր, դո՛ւստր». քանի որ կինը Նրա հարցից վախեցել էր, փարատեց նրա սրտի երկյուղը և «դուստր» կոչելով՝ հարգեց, գովեց և նրա հանդեպ Իր խնամքը ցույց տվեց, ինչպես նաև հավատի միջոցով հնազանդություն պահանջեց նրանից: «Քո հավատը փրկեց [քեզ]».քանի որ [կինն] ինչպես որ բժշկվելուն հավատաց, այդպես էլ [Հիսուսի] [ամենա]գիտությանը, ուստի [Հիսուսն] ասում է. հավատի՛ն ապավինիր, որովհետև դա՛ քեզ փրկեց քո ցավերից և սայթաքումներից: Սրանով [Տերը] նաև ուղղության է բերում նրանց զեղծ միտքը, ովքեր ասում էին. «Ուսուցչին նեղություն մի՛ տուր, քանի որ դուստրդ մեռավ» (հմմտ. Մարկ. 5։35), և երբ [այդ աղջկա] տուն գնաց, և ծաղրում էին, հայրն էլ կարող էր [նրանցից] վարակվել, ուստի [Տերը նրան] սովորեցնում է, որ հավատ է անհրաժեշտ նրա երեխայի ապրելու համար:

    Եվ կինն առողջացավ այդ ժամից:

    Թեև ավետարանիչը սա գրեց բժշկությունը հաստատելու համար, սակայն հայտնապես ցույց է տալիս, որ ոչ հավատն է առանց զորության կարող հրաշքներ գործել կամ ցավեր բժշկել, ոչ էլ զորությունը՝ առանց հավատի: Որովհետև ինչպես որ աչքերի լույսը, արևի լույսին խառնվելով, դիպչում է իրերին, ինչի հետևանքով նյութի ճշգրիտ տեսքը երևում է մի ակնթարթում, այդպես էլ կնոջ հավատը, որ մտքի աչքն է, միանալով Տիրոջ զորությանը, հրաշալի փրկություն բերեց մի ակնթարթում: Իսկ այլաբանական մեկնությամբ՝ երբ [Տերն] իրականացրեց տնօրենությունը և Հոր մոտ վերադարձավ, Եկեղեցուն ասաց. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33), և՝ «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա.... գնացեք մկրտե՛ք բոլոր հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (հմմտ. Մատթ. 28։18-19): Եվ Քրիստոսի հանդեպ այս նույն հավատով է ապրում Եկեղեցին, որ հաստատված է վեմի վրա, վերին Սիոնի դուստրը՝ «ծնելով ամենքին կենդանի հույսի համար» (հմմտ. Ա Պետ. 1։3), Ավազան մոր արգանդից, երկունքով՝ ըստ առաքյալի. «Որովհետև Հիսուս Քրիստոսով, ավետարանի միջոցով, ե՛ս ծնեցի ձեզ» (Ա Կոր. 4։15), և թե՝ «Որդյակնե՛ր իմ, որոնց վերստին երկնում եմ, մինչև Քրիստոսը նկարվի ձեր մեջ» (Գաղ. 4։19):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:20