Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ երբ Հիսուս իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մարդկանց՝ տագնապի մեջ»։
Սինագոգի առաջնորդներն առանձնապես աչքի էին ընկնում նրանով, որ նրանց տներում որպես մահացածների համար սգի նշան հնչում էին սրինգներն ու ծնծղաները։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
23-24. Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».
Երբ Հիսուսը եկավ իշխանի տուն և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ, ասաց նրանց. «Դո՛ւրս եկեք. աղջիկը մեռած չէ, այլ քնած»:
Սա ժողովրդապետին ուղղված հանդիմանություն էր, որովհետև Նրա հանդեպ կատարյալ հավատ չուներ, ինչպես [արյունահոսությունից տառապող] կինը, ուստիև կոծողներ ու լաց լինողներ էին մտել նրա տուն: Իսկ «դուրս եկեք» խոսքը երկու կերպ կարելի է հասկանալ: Կամ՝ թողե՛ք այդ հեթանոսական, անհուսությունից բխող սովորությունը, կամ էլ՝ դո՛ւրս եկեք: Ինչո՞ւ. քանի որ Նրա կյանքն անփառունակ էր աշխարհում, որպեսզի չասեին, թե բազմության առաջ է անում, որ նրանից փառք որսա:
«Աղջիկը մեռած չէ»:Նախ խոսքով հարություն է տալիս հոգուն մեղքերի միջից և այնուհետև գործով՝ մարմնին՝ մահվանից: Երկրորդ՝ նշանակում է, որ ոչ թե դրսից մի ուրիշ հոգի է ներս բերում մարմին, այլ նրա՛նը, որովհետև ինչպես որ ննջեցյալն է իր հոգով հառնում, այսպես և սա: Երրորդ՝ կատարվածի թեթևությունն ու դյուրությունն է հայտնում, որովհետև ինչպես որ մեկը քնածին է արթնացնում, [ասում է Տերը], այդպես Ես մեռելին եմ հարություն տալիս: Չորրորդ՝ քանի որ մահը մեղքի ծնունդն է, իսկ [աղջիկը], տասներկու տարեկան լինելով, տակավին անմեղ էր, ուստի [Տերը] չասաց, թե մեռած է, այլ՝ «քնած»: Եվ հինգերորդ՝ քանի որ ասացին, թե մեռել է, Նա էլ ասաց. «Ո՛չ, քնած է», որով Իր զորության հետ մեկտեղ հայտնեց նաև Իր ամենատես բնությունը, որպեսզի կամ Նրա զորությունը խոստովանեին, երբ [աղջիկը] հարություն առներ, քանի որ իրենք ասացին, թե մեռել է, կամ էլ, եթե մահը ժխտեին, [Հիսուսի] ամենագիտությունն ընդունեին, քանի որ իրենք, [աղջկա] մոտ լինելով, ասում էին, թե մեռել է, իսկ Նա հեռվից ասում է, թե չէ՛, քնած է: Թեև իսկապես մեռել էր, բայց քանի որ Կյանքն էր առընթեր, ասում էր, թե [աղջիկը] քնած է:
Եվ ծիծաղում էին Նրա վրա:
Հիրավի՛. ամեն ոք, որ ճշմարտությունն է խոսում, տգետների կողմից ինչ-որ ժամանակ ծաղրվում է, ինչպես Ղովտը, որ փեսաների կողմից ծաղրվում էր (Ծննդ. 19:14), երբ ազդարարում էր քաղաքի այրվելու մասին, և մենք, որ հանդիմանվում ու ծաղրի առարկա ենք դառնում անհավատների կողմից, երբ խոսում ենք հրեշտակահավասար կյանքի մասին: Որովհետև նյութի թանձրությունն իբրև ծածկոց ունենալով և անհավատության վարագույրով փաթաթված՝ չեն հավատում անտեսանելիին՝ ըստ այսմ. «Մերժվում են ճշմարտախոսի խոսքերը» (Հոբ 6։25), և՝ «Արդար մարդը ծաղրի ենթարկվեց» (հմմտ. Հոբ 9։23), բայց հետո ճշմարիտ դեպքերով կշտամբվում ու հանդիմանվում են, ինչպես Հոբի բարեկամները (Հոբ 42։7-8):
Ավետարանիչը սա գրեց մեկ այլ բան ևս նկատի առնելով. աղջիկն իսկապես մեռել էր, բայց նրանք չէին հավատում հարությանը, ուստի երբ [աղջիկը] հարություն առներ, բերանները կփակեին և [Հիսուսի] մասին բարուրանքներ չէին հնարի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
23-26. Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է». եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ: Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:
Տեռատես կնոջ բժշկությունը կատարվեց Կափառնայումի ծովեզերքից դեպի Հայրոսի տունը գնալիս։ Հիսուս մի պահ էլ ճանապարհին կանգ առավ։ Բայց խեղճ Հայրոսի սիրտն անհանգիստ էր։ Հիսուսի ուշանալը նրա համար կենաց ու մահու վայրկյաններ էին թվում։ Մինուճար դստերը գրեթե հոգեվարքի մեջ էր թողել և վազել դեպի ծովեզերք։ Հիսուս ցանկություն էր հայտնել գալ։ Մի պահ Հայրոսի սիրտը մխիթարվել էր։ Սակայն տեռատեսի միջադեպը կրկին նրա սիրտը տագնապի էր մատնել։ Ի վերջո, Հիսուս նորից սկսել էր առաջ գնալ։ Բայց ահա հեռվից շտապով դեպի Հայրոսն էին գալիս մեկ-երկու մարդիկ։ Հայրոսն ընդառաջ է գնում՝ որևէ լուր իմանալու։ Հանկարծ տխրում է։ Ասում են․ «Աղջիկը մեռավ, զուր տեղը մի՛ հոգնեցնի վարդապետին, բժշկության ժամանակն անցավ»։ Հիսուս, տեսնելով նրանց խոսելը, հարցնում է, թե ի՞նչ են ասում։ Լսում է նրանց հաղորդած գույժը, սակայն, առանց այլայլվելու, շարջվում է դեպի Հայրոսը և ասում․ «Մի՛ շփոթվիր, մի՛ վհատվիր, հավատքդ կատարյալ պահիր և աղջիկդ կապրի»։ Մատթեոսը չի հիշատակում երկրորդ անգամ եկողներին, այլ միանգամից աղջկա մահանալն է նշում։
Առաջ են գնում։ Հասնում են Հայրոսի տունը, որն արդեն մեռելատուն էր։ Կոծ ու արցունք էր ամենուր, սգավորների բազմություն, ժողովրդապետի պատվին՝ ծանոթների ամբոխ, խառնաձայն գոռում-գոչյունով բազմաթիվ լաց լինողներ։ Հիսուս հանդարտորեն ներս է մտնում, ամենքին պատվիրում է լացն ու կոծը դադարեցնել, լռեցնել հուսահատ ողբերը։ «Աղջիկը մեռած չէ, այլ՝ քնած», - ասում է Հիսուս՝ համոզված շեշտով։ Բայց տնեցիները, ծանոթները, լաց եղողները, որ աղջկա վերջին շունչ տալն էին տեսել, Հիսուսին համարում էին անիմաստ խոսքեր վաճառող և փորձում էին ծաղրել։
Հիսուս անվրդով քաջալերում է Հայրոսին ու կնոջը։ Այս երկուսին ու Իր աշակերտներից միայն երեքին՝ Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին, որ Իր հետ տուն էին եկել, վերցնելով՝ մտնում է այն սենյակը, ուր գետնի վրա էին դրել մեռած աղջկան։ Հինգից բացի՝ մնացած ներկա եղողներին դուրս է անում և փակում դուռը։ Այնուհետև մոտենում է աղջկա անշնչացած մարմնին, բռնում ձեռքից ու հրամայական շեշտով ասում․ «Աղջիկս, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն կանգնում է։ Ղուկասն ասում է․ «Դարձաւ ոգի նորա», որով աղջկա իրավամբ մեռած լինելն է հաստատում։ Մարկոսը ճշտորեն մեջ է բերում Հիսուսի գործածած բառերը՝ Տալիթա կումի։ Սա ժամանակին հրեաների գործածած խոսակցական արամերենն է և թարգմանվում է այսպես․ «Աղջիկ դու, քեզ ասեմ, արի՛» Ղուկասն այն թարգմանել է՝ «Արի՛, կա՛ց մանուկ դու»։ Մատթեոսը բավարարվում է միայն իրողությունները հիշելով՝ առանց շատ մանրամասների։ Մինչդեռ Մարկոսը, հակառակ իր համառոտ ոճին, Հայրոսի աղջկա պատմության մասին ամենից երկարն է գրել։
Անհնար է բացատրել Հայրոսի ու կնոջ ուրախությունը, ինչպես նաև նույն տան մեջ խռնված բազմության զարմանքը հայտնել, երբ բացվում է սենյակի դուռը, և մեռյալ կարծված աղջիկը ողջ, առողջ, զվարթ ու կայտառ, ինքնուրույն քայլելով՝ մոր հետ միասին դուրս է գալիս սենյակից՝ անուշ քնից արթնացածի նման։ Հիսուսը շուռ է գալիս ծնողների կողմը և ապսպրում, որ մի քիչ կերակուր տան աղջկան, որով թե՛ իրավամբ կենդանացած և թե՛ կատարյալ առողջացած լինելը պիտի հաստատվեր։ Որքան էլ Հիսուս հայտարարեց, թե պատահածի մասին այստեղ - այնտեղ տարածելու կարիքը չկա, տարածելն ավելորդ է, այնուհանդերձ, անհնար էր մեծադղորդ եղելությունը գաղտնի պահել։ Հայրոս ժողովրդապետի միամոր դստեր վերակենդանանալու մասին խոսվեց ողջ Գալիլիայում։ Նայինցի այրու որդու հարությունից հետո՝ սա երկրորդ հարության հրաշքն էր, որ պատմում են Ավետարանները, և երեք Ավետարանիչներն էլ այն ներկայացնում են իբրև իսկական հարության հրաշք։ Հետևաբար, բոլորովին անտեղի և ավետարանական պատմություններին անհարիր է կարծել, թե պարզապես առերևույթ մի մահվան պարագա էր Հայրոսի աղջկա միջադեպը, որպիսիք երբեմն պատմվում են, և տեսնողներ ևս եղել են, թե ինչպես մեռած կարծվածը թաղվելուց հետո կենդանի է եղել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: