Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:29

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Նա դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»»։
   
   Այդ ժամանակ Հիսուս Ինքը, ձեռքը դնելով, ասում է. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»: Նա սա անում է, որպեսզի ամրապնդի կույրերի հավատը և ցույց տա, որ նրանք իրենք էլ մասնակցություն ունեն իրենց բժշկությանը։ Դարձյալ, Քրիստոս այսպես է վարվում նաև վկայելու համար, որ կույրերի խոսքերում հաճոյախոսություն չկար թաքնված: Փրկիչը չի ասում. «Թող բացվեն ձեր աչքերը», այլ ասում է. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»:

   Հիսուս նույնն է ասում նաև Իրեն մոտեցած շատ այլ մարդկանց, որպեսզի այդպիսով, նախքան մարմնական հիվանդությունների բժշկումը, բացահայտի նրանց սրտի հավատը, և դրանով իսկ բժշկվածներին դարձնի ավելի փորձառու, իսկ մյուսներին էլ խթանի բարու նկատմամբ առավել մեծ ջանասիրություն ցուցաբերելու հարցում: Փրկիչն այդպես է վարվում նաև անդամալույծի հետ. նախքան նրա մարմնի զորությունը վերադարձնելը, Հիսուս վերականգնում է նրա տկար հոգին՝ ասելով. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են» (Մատթ. 9:2): Նաև ժողովրդապետի աղջկան հարություն տալով՝ բռնում է նրա ձեռքը և, հրամայելով նրան ուտելիք տալ (տե՛ս Մարկ. 5:41, 43; Ղուկ. 8:54–55), այդպիսով ուսուցանում է ճանաչել իր Բարերարին: Քրիստոս նման կերպ է վարվում նաև հարյուրապետի հետ՝ ամենը վերագրելով նրա հավատին (տե՛ս Մատթ. 8:13):

   Նույն կերպ նաև, աշակերտներին ծովի փոթորկից ազատելիս, Հիսուս նախ նրանց «ազատում» է իրենց թերահավատությունից (տե՛ս Մատթ. 8:26): Այդպես է նաև այս դրվագում. թեև Քրիստոս գիտեր կույրերի ծածուկ մտքերը՝ նախքան նրանք արտահայտեին դրանք, սակայն, այդուհանդերձ, որպեսզի մյուս մարդկանց մեջ նույնպես այդօրինակ ջանասիրություն արթնացնի, Նա ամենքին բացահայտում է կույրերի մտածումները՝ այդուհետ միայն բժշկություն կատարելով և այդպիսով ցուցադրելով նրանց թաքնված հավատը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»:
   

   Պատասխանում են Նրան. «Այո՛, Տեր»:

   Տես, որ [այլևս] «Դավթի Որդի» չկոչեցին, այլ հարցից ուժ առած՝ ավելի բարձրացան և Նրան Դավթի Տերը խոստովանեցին:

   Այդժամ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի՛ թող լինի ձեզ»:

   Դիպչելով ցույց է տալիս, որ Ինքն է բժիշկը, իսկ «ըստ ձեր հավատի թող լինի» [խոսքով] նրանց մասնակից է դարձնում բժշկությանը, ինչպես նաև վկայում, որ նրանց խոսքերը ծառայություն մատուցելու համար չէին, այլ սրտից [բխած] հավատի խնդրանք:

   Եվ նրանց աչքերը բացվեցին:

   [Նրանց] ոչ միայն մարմինն ուրախացավ նյութական լույսով, այլև միտքը ցնծաց հոգևով լույսով՝ ըստ այսմ. «Դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան» (Հովհ. 9։39):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:27