Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Հիսուս շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով՝ ուսուցանելով նրանց ժողովարաններում, քարոզելով Արքայության Ավետարանը և բժշկելով ժողովրդի բոլոր հիվանդություններն ու բոլոր տկարությունները»։
Քրիստոս բոլորովին այլ կերպ է վարվում: Նա նույնիսկ այդքան հանդիմանանքների և հայհոյանքների ենթարկվելուց հետո, ինչպես ասում է ավետարանիչը, «շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով՝ ուսուցանելով նրանց ժողովարաններում, քարոզելով Արքայության Ավետարանը և բժշկելով ժողովրդի բոլոր հիվանդություններն ու բոլոր տկարությունները»: Նա մեղավորներին ոչ միայն չէր պատժում իրենց անզգամության համար, այլև նույնիսկ չէր հանդիմանում՝ դրանով իսկ ցույց տալով Իր հեզությունն ու հերքելով Իր դեմ հարուցված զրպարտությունները, ինչպես նաև՝ միաժամանակ ցանկանալով հետագա հրաշքներով էլ ավելի ամրապնդել հավատի մեջ, ու հետո միայն՝ խոսքերով հանդիմանել մեղքերի համար:
Ահա թե ինչու Քրիստոս քայլում էր քաղաքներով, գյուղերով ու նրանց ժողովարաններով՝ այդպիսով մեզ ուսուցանելով չարախոսությանը պատասխանել ոչ թե չարախոսությամբ, այլ առավել մեծ բարիք գործելով: Եթե դու բարեգործություններ ես անում քո ծառայակիցներին ոչ թե մարդկանց, այլ Աստծո՛ւ համար, ապա այդ դեպքում մարդիկ ինչպես էլ որ վարվեն, դու մի՛ դադարիր բարերար լինել, որպեսզի առավել մեծ վարձատրություն ստանաս: Իսկ ով դադարում է բարերար լինել այն պատճառով, որ իր դեմ չարախոսում են, այդպիսին ցույց է տալիս, որ ինքը բարերար է եղել ոչ թե հանուն Աստծու, այլ մարդկանց գովասանքին արժանանալու համար:
Ահա թե ինչու Քրիստոս, մեզ սովորեցնելով, որ Ինքը միայն բարություն սփռելու համար է եկել բարերար լինելու, ակնկալիք չուներ, որ տառապողները պետք է Իր մոտ գնային, ուստի Ինքն է շտապում նրանց մոտ՝ երկու ամենամեծ բարիքները պարգևելու. նախ՝ Արքայության Ավետարանը, երկրորդ՝ բոլոր հիվանդություններից բժշկություն: Հիսուս ոչ մի քաղաք չէր շրջանցում՝ այն անտեսելով, ոչ մի գյուղ բաց չէր թողնում, այլ այցելում էր ամեն տեղ: Եվ միայն այցելելով էլ չէր բավարարվում, այլ էլ ավելի մեծ հոգատարություն էր ցույց տալիս:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները:
Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, սովորեցնում նրանց ժողովարաններում, քարոզում արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր ախտերն ու հիվանդությունները:
Տե՛ս այստեղ մեր Տիրոջ հեզությունը, որ ոչ միայն չպատժեց անհավատներին, այլև նույնիսկ մի կարճ խոսքով չսաստեց: [Սա արեց] մեզ խրատելու և սովորեցնելու համար, թե պետք է չարախոսին ոչ թե ծեծով տանջել, այլ երախտիքով պատվել և բարիք գործելուց չդադարել: Ուստի [ավետարանիչն] ասում է. «Շրջում էր [բոլոր] քաղաքներով». քանի որ աշխարհ էր եկել բոլորի փրկության համար, գնում էր ամեն տեղ. ոչ քաղաքներից էր խորշում [քաղաքացիների] բազմապատիկ մեղքերի պատճառով կամ խաբվում հաճույքներով լի նրանց կյանքից, ոչ էլ մեծամտաբար Իրեն հեռու էր պահում թշվառ գյուղերից, այլ «բոլորի հետ ամեն ինչ էր լինում, որպեսզի շատերին շահեր» (հմմտ. Ա Կոր. 9։19, 22): Եվ շրջում էր, ասում է [ավետարանիչը], հետիոտն, [այսինքն]՝ ոչ թե պատվի կամ ագահության պատճառով, ինչպես այժմյան քաղաքում, այլ ուսուցանելու համար. որովհետև ժողովարանները մտնելով՝ մեկնում էր Օրենքը և վերափոխելով Նորին վերածում, ի հավելումն ավետարանում էր երկնքի արքայությունը և ուսուցանում մարմնական փառքից ու երկրավոր իրերի ժառանգությունից հրաժարվել: Իսկ սրան իբրև հաստատման կնիք՝ հրաշքներն էր շատացնում և բժշկություններն առատացնում, ինչ պատճառով ավետարանիչը չկարողացավ պատմել քարոզության [բոլոր] խոսքերի կամ զանազան ախտերի բժշկությունների մասին, այլ միայն [գրեց, որ Հիսուսը] «սովորեցնում էր արքայության ավետարանը», որով նրանց հոգին էր բժշկում, իսկ հրաշքներով առողջացնում էր նրանց մարմինը՝ այսպիսով քարոզելով, որ Ինքն է հոգիների ու մարմինների Տերը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
35-38. Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Երբ ավետարանիչները որեւէ հրաշք կամ եղելություն են պատմում ապա հետո շտապում են ավելացնել, թե Հիսուս շրջում էր քաղաքներն ու գյուղերը եւ շարունակ քարոզչական պտույտներ կատարում: Նմանօրինակ մի բացատրություն են ավելացնում նաեւ Նազարեթ այցելելուց հետո: Մենք քանիցս առիթ ունեցանք պարզաբանել, այդպիսի բացատրությունների իմաստը եւ ցույց տալ, թե ինչպես էր Հիսուս մի կողմից ուսուցանում, իցկ մյուս կողմից բազում բժշկություններ կատարում: Այնպես որ Ավետարանիչը իրավունք ունի գրել. «Բժշկէր զամենայն ախտս եւ զամենայն հիւանդութիւնս»:
Մատթեոսը այս անգամ մի հատուկ դիտողություն է ավելացնում: Ավետարանի քարոզչությունը բավականին տարածված էր Գալիլիայում եւ Գալիլիայից դուրս: Ժողովուրդը փափագում էր այն լսել եւ սովորել, նրան հետեւել ու աշակերտել, բայց քանի որ Ինքն Հիսուսն էր միայն գործում, եւ առաքյալներն ինքնուրույն չէին գերծում, ապա քարոզությունը միայ մի տեղ էր կատարվում, իսկ մյուս կողմերի ժողովուրդը մնում էր առանց ուսուցչի ու առանց առաջնորդի: Եւ տարբեր կողմեր էին ցրվում՝ Հիսուսին գտնելու համար, իզուր հոգնում էին եւ, հովիվ չունեցող ոչխարի պես, այս ու այն կողմ թափառում: Ոչխարների օրինակին Հիսուս ավելացնում էր նաեւ հունձքի օրինակը: Ավետարանին ձգտող ժողովուրդը նմանվում էր հասծ հունձքի. ամենուր դեղնած ու հասունացած արտեր էին, որ սպասում էին հնձողներին, բայց հնձողները պակասում էին: Պետք էր աղաչել բանական հունձքի ագարակատիրոջը, որ մշակներ հասցնի, եւ հունձքերն անտեր չփչանան:
Հիսուս այս խոսքերով Իր առաքյալներին նախապատրաստում էր առանձին շրջելուն եւ ոչ թե շարունակ Իր թեւի տակ եւ Իրեն կպած մնալուն: Հունձքի տերը կամ ագարակի տանուտերը Ինքն Հիսուս էր, ինչպես տեսանք սերմնացանի եւ սերմերի առակում, իսկ հունձքը՝ Ավետարանի տարածումը: Հիսուս ուրիշ անգամ եւս Իր մասին խոսել է երրորդ դեմքով՝ Իրեն Որդի Մրդո անվանելով, որը սովորական ոճ է արեւելյան խոսակցության մեջ: Այստեղ նույնպես Հիսուսի երրորդ դեմքով խոսելը մեզ չի պարտավորեցնում Հիսուսից տարբեր անձի վերագրել «Տէր հնձոց» անունը: Սակայն իմաստին օտար եւ նյութին անհարիր չի լինի, եթե «Տէր հնձոց» կեչմամբ պատկերացնենք Աստծուն՝ Հիսուսի Երկնավոր Հորը, Ում Նա միշտ հիշում էր եւ ամեն ինչ վերագրում, թեպետ մյուս կողմից հայտարարում է, թե՝ «Ես եւ Հայր իմ մի եմք» (Հովհ. 14:9 ):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: