Արդեն բոլոր ամիրաներն ու Սահակ պատրիարքն իմացել էին Կոլոտի մեկնելու մասին: Նրանց խնդրանքները՝ մի փոքր էլ մայրաքաղաքում մնալու, խստիվ ու կտրուկ մերժվում էին Կոլոտի կողմից: Բոլորը հասկացել էին, որ Վարդապետը գնալու է, և հնարավոր չէ արգելք լինել նրա մեկնելուն: Սակայն մի՞թե հնարավոր չէր, որ նա ուրիշ տեղ գնա, որտեղ, ինչպես Պոլսում, Կոլոտի նման անկեղծ ու իր կոչմանը հավատարիմ եկեղեցականի կարիք լինի. ԵՐՈՒՍԱՂԵ՜Մ:
Շատ քիչ ազգեր են Երուսաղեմը սիրել այնքան, որքան հայերը, և իբրև վարձատրություն` Աստված կարծես նրանց շնորհել է Սիոն լեռան լավագույն մի բաժինը և ընդարձակ իրավունքներ սրբատեղիների վրա՝ գրեթե համահավասար կաթոլիկ և հունական եկեղեցիներին: Այս փոքր ազգն ինչպե՞ս է տիրել այդ ստվար հոգևոր հարստությանը. այցելու ուխտավորները զարմանում են, մյուս եկեղեցիները` նախանձում, իսկ հայերը միշտ պաքարում են իրենց դարավոր ժառանգությունը չկորց նե լու համար: Ահա Սուրբ Երկրի հայկական այս հարստությունը, ծանր պարտքերի տակ կքած, անվերադարձ կորստյան մատնվելու վտանգին դեմ հանդիման էր մնացել:
Քրիստոսի ժամանակներից ի վեր հայերը միշտ ապրել են Սուրբ Երկրում` փոքր կամ մեծ համայնքներով, մինչև անգամ յոթանասուն վանքեր ունենալու ճոխությամբ: Հայկական այս հարստությանը դարեր շարունակ տեր-տիրական էր կաննում Սրբոց Հակոբյանց միաբանությունը, որ հանուն համայն հայության հերոսաբար և նախան ձախնդրորեն դեմ էր կանգ նում հայապատկան սուրբ վայրերը կործանելու ձգտող բոլոր հարձակումներին: Սակայն այս անգամ սպառնացող վտանգը նրանց ուժի սահ ման նե րից շատ վեր էր, որովհետև հար ձա կու մը ներ սից էր գալիս. Առաքելական Եկեղեցու վարչական անխոհեմ մի քայլը կործանման շեմին էր հասցրել Երուսաղեմի պատրիարքությանը:
Սուրբ Երկրի հայկական իրավունքները հսկում էր Երուսաղեմի ինքնավար պատրիարքությունը, որի պատրիարքներն ընտրվում էին Սրբոց Հակոբյանց միաբանության կողմից: Այս իրադրությունը լավագույնս գործում էր դարերի փորձառության վրա հենվելով: Սակայն Կոստանդնուպոլսի պատրիարքությունը, կենտրոնական դեր ունենալով Օսմանական կայսրության մեջ, հետզհետե սկսեց որոշիչ դեր խաղալ մյուս Աթոռների վրա: Երուսաղեմի, Սսի և Աղթամարի Աթոռների գահակալ առաջնորդները միայն Պոլսի պատրիարքի և ամիրաների համաձայնությամբ կարող էին Պալատի արտոնությունը ստանալ: Երբ Պոլսի Աթոռը սկսեց համատարած կաշառքի պատճառով տկարանալ, և անարժան մարդիկ գահ բարձրացան, ուժի այս կենտրոնացումն իր կործանարար արդյունքը ցույց տվեց նաև ենթակա մյուս աթոռների վրա:
Ավետիք պատրիարքը, Երուսաղեմի Մինաս պատրիարքի հետ անձնական խնդիր ունենալով, առիթից օգտվեց և կայսերական հրովարտակով Երուսաղեմի Աթոռն ու միաբանությունը Պոլսի պատրիարքության իրավասությանը են թարկելով` միավորեց երկու պատրիարքությունները: Պոլսի պատրիարքը դարձավ նաև Երուսաղեմի պատրիարքը, ով իր ներկայացուցիչներով սկսեց Սուրբ Երկիրը կառավարել: Այդ պահից սկսած` զեղծարարությունների մի այնպիսի դուռ բացվեց, որ տասը տարվա մեջ Երուսաղեմի ամբողջ հարստությունը կուլ տվեց և եկամտի մշտահոս աղբյուրները չորացրեց: Դրա հետևան քով Սուրբ Աթոռը շնչահեղձ կքել էր ձյունահյուսի նման ավե լացող աներևակայելի հսկա պարտքերի տակ: Քանի որ ուղարկված ներկայացուցիչները՝ «փոխանորդները», «վեքիլները» կամ «տեղակալները», Պոլսի պատրիարքից կաշառքով էին այդ պաշտոնը ստանում, ինչը նրանց պետական իշխանությամբ հովանավորված ընդարձակ իրավունքներ էր տալիս, նրանցից շատ աշխարհական փոխանորդներ կեղեքումի անսահման հնարավորություններով Երուսաղեմի Սուրբ Աթոռը կործանման էին տանում:
Ահազանգն անհետաձգելի, շուտափույթ միջոցառումներ էր պահանջում Սահակ պատրիարքից, որ խուճապի մատնված՝ չգիտեր, թե այդ սպառնալիքի դիմաց ինչ պիտի աներ: Նրա հանդարտությունը փոթորկալից տագնապի էր վերածվել, իսկ քաղցր ժպիտը վաղուցվանից էր մթագին ամպոտվել: Հայոց դարավոր հարստությունն ու ձեռք բերված անգին ժառանգությունը նրա պատրիարքության օրով էր առհավետ կորստյան մատնվելու, իսկ նրա անունը պատմության պատի վրա անեծ քի սև մրով էր գրվե ու: Համայնքի տարբեր խավերի հետ իրար հետևից ժողովներ գումարվեցին, և ամիրաները հասկացան խնդրի զգետնող լրջությունը և բոլոր պառակտումները մի կողմ թողնելով` միավորվեցին վշտակիր պատրիարքի շուրջը: Փետրվարի յոթին` երկուշաբթի օրը, պատրիարքարանի մեծ դա լիճում պիտի կայանար բախտորոշիչ ժողովը, որտեղ թերևս վճռվելու էր հայկական Երուսաղեմի ապագան: Որպես հյուր` ժողովին հրավիրվել էր նաև Կոլոտը, որ Պոլսից մեկնելու իր օրերն էր հաշվում. տոմսն արդեն վճարել էր Իզմիրի համար, և մեկ շաբաթից նավը շարժվելու էր:
Պատրիարքն իրեն հատուկ հանդարտությամբ խոսքն ուղղեց իր շուրջը համախմբված երեսուն ամիրաների և մի քանի եկեղեցականների, որ ոմանց հիացում, իսկ ոմանց էլ ջղագրգռություն էր պատճառում, թե ինչպես կարող էր այդքան սառնարյուն լինել ազգային մեծ վտանգի պահին և խնդումերես երևալ իր անտեղի ժպիտով: Մարդը, սակայն, ի՞նչ աներ. բնավորությունն էր այդպիսին: Հավանաբար երբ մահվան հրեշտակը գար և ասեր. «հոգիդ առնելու եկա», այս մարդը նրան էլ «հա՜, այդ պե՞ս է, շատ լավ» ասելով` պատասխաներ նույն հանդարտությամբ ու գրեթե անտարբեր: Օրերով աշխատել էր լուծումներ փնտրել, մտահոգված էր և բավականին հուզված, իսկ այժմ իր բնական վիճակին էր վերադարձել` հանդարտ ու ժպտադեմ: Միգուցե ամիրաների հետ խորհրդակցելուց հետո հույսի ճամփա էր նրա առջև բացվել: Պատրիարքի այս կեցվածքը Կոլոտի համար առաքինություն էր, բայց նրա ժպիտի բուն պատճառը շուտով պիտի հասկանար:
– Երուսաղեմն արդեն հասել է սնանկացման եզրին: Պարտատերերը սկսել են թալանել սրբազան սպասքեղենը` կանթեղն ու աշտանակները: Այժմ պատրաստվում են դատարան դիմել, որպեսզի իրենց պարտքերը վճարվեն` վաճառքի հանելով Երուսաղեմի կալվածքները՝ վանքերն ու եկեղեցիները, թերևս Սուրբ Հակոբի Տաճարն էլ:
– Ձեր պատրիարքական վեքիլ տեղակալն ինչո՞ւ Ձեզ նախապես տեղյակ չէր պահել այդ վիճակի մասին,– հարցրեց Սարգիս ճարտարապետը,- Եթե նախօրոք իմանայինք, միգուցե ավելի շատ ժամանակ ունենայինք վիճակը փոխելու:
– Մինչև անցյալ շաբաթ եկած բոլոր նամակներն ու տեղեկություններն այնքան դրական էին, որ ես էլ Ձեզ նման անակնկալի մատնվեցի,– պատասխանեց պատրիարքը:
– Միշտ նույն խաղն են խաբեբա վեքիլները խաղում,– խոսք առավ Խոսրով Մահտեսին,– նրանց մեծ գումարներով Երուսաղեմ ենք ուղարկում, որպեսզի պարտքերը թեթևացնելով` վիճակը փոխեն և կարգ ու կանոն հաստատեն: Հասնում են այնտեղ և վար ագույն ավետիսներով լեցուն նամակներ, ուրիշների բերանով գրված գնահատականներ ու կեղծ հաշվետվություններ են այստեղ ուղարկում: Բոլոր բարի լուրերը մեզ քնացնելու համար են:
– Եկեք երեք կետ ճշտենք,– ասաց Գասպար Դպիրը,– առաջինը՝ մենք շարունակ բարի լուրեր ենք ստանում պատրիարքական տեղակալներից, երկրորդ՝ Երուսաղեմի վիճակը հետզհետե վատանում է, ու երկիրը սնանկանում է, իսկ երրորդը՝ տեղակալները հարստանում են, նույնիսկ եթե մեկ տարի մնան պաշտոնի վրա: Ուրեմն խնդրի բուն պատճառը խնդիրը լուծելիք տեղակալներն են: Նրանք են ճահիճը, և երբ մժեղներն ու գարշահոտությունն անտանելի են դառնում, մեզանից օգնություն են հայցում, որպեսզի մենք մաքրենք նրանց աղտերը: Բայց մինչև ե՞րբ: Օգնենք, բայց մեր օգնությունն ու՞ր է գնում: Ասեմ. ամբողջը ճահիճն է կուլ տալիս:
– Այո՛,– ասաց պատրիարքը դարձյալ երեսին այդ անտեղի ժպիտով,– շատ ճիշտ է բնորոշումը: Իմ ուղարկած փոխանորդներն աշխարհականներ են` ճարպիկ մարդիկ, որոնց վրա շատ հույսեր էի դրել, բայց բոլորը, դժբախտաբար, իրենց ճարպկությունը ոչ թե եկեղեցու, այլ իրենց ստամոքսի համար գործածեցին: Ունենալով այս դառն փորձառությունը` այժմ որոշել եմ մի եկեղեցական Երուսաղեմ ուղարկել` որպես պատրիարքական փոխանորդ, նվիրյալ եկեղեցական, ում կարող ենք վստահել:
Ժողովականների աղմուկը փաստում էր, որ պատրիարքի առաջարկին բոլորը միահամուռ կողմնակից են:
– Երթալիք եկեղեցականը պետք է լինի վստահելի, մաքուր նկարագրի տեր, ուշիմ և առաջնորդության ձիրքերով օժտված մեկը:
Գլուխները շարժվեցին, «այո»-ները բարձրացան, և պատրիարքը մի փոքր աշ խուժացավ:
– Ոչ միայն նվիրումի տեր, այլև դրամական գործերից հասկացող, սակայն դրամի գրավչությունից չտարվող, նյարդերը զորեղ, խոսքն ու գործը համատեղ, որպեսզի մարդիկ իրենց նվիրատվությունները հանգիստ սրտով հանձնեն նրան` իմանալով, թե ուր է իրենց դրամը գնում:
Ժողովը դարձյալ դրական արձագանքեց:
– Նաև պետք է փաստված լինի նրա դրամահավաքի կարողությունները: Պետք է խոսքի մեջ վարպետ լինի, բանիմաց ու քաղաքագետ. թե՛ եկեղեցուն քաջածանոթ, թե՛ աշխարհը լավ հասկացող: Հիմա այս պաշտոնին արժանի ո՞ւմ եք առաջարկում: Ձեր մտքում այդպիսի թեկնածու կա՞:
Պատրիարքը կարծես պատասխանը չգիտեր և իր հարցն ուրախ-զվարթ ուղղեց ժողովականներին, որոնք կարծես թե չգիտեին պատասխանը: Մի պահ լռեցին, իրար նայեցին, ձեղունը դիտեցին և ապա իրենց գլուխներն ուղղեցին Կոլոտին: Խեղճը շատ ուշ հասկացավ, որ ծուղակն է ընկել: Կախաղանն արդեն պատրաստել էին և պարանն էլ ժողովից շատ առաջ նրա վզից անցկացրել: Ուրեմն պատրիարքի ժպիտը բոլորովին անտեղի չէր. միասնաբար ճար էին գտել, ավելի ճիշտ` զոհ` իրենց մեղքը քավող, քավության նոխազ: Շատ քիչ մարդ է սակայն կախաղան ելնում առանց ընդդիմանալու, և շատ քիչ ոչխար, երբ տեսնում է դանակը: Կոլոտի համար էլ նույնը եղավ. խեղճը հազիվ էր փրկվել վանքի պարտքերի ծանրակշիռ բեռից, հիմա ուզում էին հարյուր անգամ ավելի ծանր քար վզին դնել ու ծովը նետել: Ոչ, ոչ, սա լինելիք բան չէր: Այդ գյուղի միակ խենթը Կոլո՞տն էր: Թող ուրիշի գտնեն:
– Հովհաննես վարդապետ Բաղիշեցի,– բարձրաձայն մատնանշեց Մելիտոն ամիրան, և բոլոր բերանները նույն անունը կրկնեցին` մի փոքր պոչ ավելացնելով:
– Անշուշտ, Հովհաննես վարդապետը, կասկած չկա: – Այս գործին հարմար Հովհաննես վարդապետից ավելի լավ մեկը չկա:
– Միայն Հովհաննես վարդապետն այս հարցի տակից կելնի:
Կոլոտը երբեք չէր լսել, որ իր անունը հանգերգի նման այդքան շատ հոլովվի այդքան կարճ ժամանակամիջոցում: Այդ բոլոր գովասանքներով հանդերձ` զգում էր, որ կարծես թե այդ երեսուն հզոր մարդիկ կապել են իր ձեռքն ու ոտքն աներևույթ շղթաներով՝ իրեն մորթելու տանելու:
– Շատ շնորհակալ եմ,– ձեռքերը վերբարձրացնելով` խոսեց Կոլոտը,– անձիս հանդեպ ձեր ցուցաբերած վստահության ու դրվատալից խոսքերի համար, իսկապես սրտանց շնորհակալ եմ: Սակայն ես Սուրբ Կարապետի միաբանությանն եմ պատկանում, և ինձ սպասում են այնտեղ: Նաև իմ վանահայրն ինձ այսքան երկար բացակայելու արտոնություն չի տվել: Պետք է անմիջապես վերադառնամ:
Եթե Կոլոտը դռան մոտ գտնվեր, այս խոսքն ասելուց հետո ոտքերի ամբողջ ուժով սրահից անմիջապես կփախչեր` առանց ետ նայելու, և ոչ ոք նրան չէր կարողանա բռնել:
– Մենք բոլոր արտոնությունները կստանանք, դու մի՛ անհանգստացիր, վարդապե՛տ: Վանահայրը պատրիարք Հորը և մեզ չի մերժի,– պատասխանեց Գասպար Դպիրը: Կոլոտը նեղված նրան նայեց այնպես, ինչպես Հուլիոս Կեսարն էր իրեն դաշունհա րող Բրուտոսի դեմքին նայել, և ներսում ասաց. «Եվ դո՞ւ, Գասպա՛ր Դպիր»:
– Գիտեք, որ վանքի պարտքերի համար հինգ ամիս հանգանակություն եմ կատարել: Ողջ Անատոլիայով մեկ պտտվեցի: Հավատացե՛ք, շատ եմ հոգնել, խնդրում եմ, ներեք ինձ և ուրիշ մեկի գտեք:
– Սա ի՞նչ հոգնություն է, վարդապե՛տ: Դեռ երեսունհինգ տարեկան, ուժերիդ գագաթնակետին գտնվող, առողջ ու կայտառ մեկն ես, բոլորս էլ լավ գիտենք: Հետո երկու ամսից ավել միայն Պոլսում կերար-խմեցիր, մինչև հիմա արդեն լավ հանգստացած պիտի լինեիր:
Կոլոտը գիտեր, որ դա ճիշտ է: «Ոչխարը մորթելուց առաջ շատ լավ կերցնում ու խմեցնում են»,– անցավ մտքով:
– Ես այստեղ հյուր եմ, պատահական մեկը: Եթե ես չլինեի, ուրիշի պիտի այդ պաշտոնը հանձնեիք, այդպես չէ՞: Ուրեմն մտածեք, որ ես երբեք այս քաղաքը չեմ եկել: Անպայման ուրիշ մեկը կգտնվի, նույնիսկ ինձանից ավելի կարող:
Կոլոտն իր մտքի բոլոր մկանները ծայրագույն աստիճան լարել էր` գիտակցելով, որ շախմատի խաղի վերջին շարժումների ժամը հասել է:
– Չե՞ս մտածում, որ քեզ մեր առաջարկածն Աստծո կամքն է,– միջամտեց Գառնիկ ամիրան,– Մեծ փառք է Երուսաղեմի փոխպատրիարք դառնալը: Եկեղեցական կյանքիդ կատարն է, որն ամեն եկեղեցական երազում է:
Կոլոտը լռեց, որովհետև ինչ որ ելնում էր բերանից, պատճառ էր դառնում, որ նրանք մի քիչ էլ հզորանային:
– Երեսուն տարուց ի վեր մեր համայնքն այսպիսի միասնականություն երբևէ չի ունեցել, սիրելի՛ հայր սուրբ,– կրկին խոսք առավ պատրիարքը,– այսքան շատ ամիրա և եկեղեցական որևէ գործի կամ անձի շուրջ երբեք միասնական համաձայնության չեն եկել, ինչ որ քո պարագայում իրականություն դարձավ: Նույնիսկ նրանք, ովքեր ինձ շատ չեն հավանում և հաճախ են բոլոր արածներս քննադատում,– պատրիարքը թեթևակի նայեց Մելիտոն ամիրայի կողմը,– քո պատրիարքական փոխանորդության համար ամբողջովին համաձայն են ինձ հետ: Այս մեկն սոցիալական հրաշք է և երկնառաք նշան:
– Մեզ ուրիշներն «ամիրա» են կոչում, իսկ մենք մեզ գիտենք որպես «Մահտեսի», ինչը որ ավելի մեծ պատիվ ու հավերժական տիտղոս է մեզ համար,– խոսք առավ Հարություն ամիրա Մուրադյանը: Նոր էր Ֆրանսիայից վերադարձել և դեռ անձնապես չէր ծանոթացել Կոլոտի հետ: Սա հատուկ տեղ ու պատիվ ուներ ամիրաների դասում, որովհետև արվեստասեր սուլթանի անձնական բարեկամությունն ու մտերմությունը շահած միակ հայն էր` իբրև ընտրյալ խմբի անբաժան անդամ, որ մինչև ուշ գիշեր բանաստեղծություններ էր փոխանակում սուլթանի հետ:
– Մենք Սուրբ Քաղաքը ուխտի գնացինք և մեր կյանքը նրա հետ ուխտով կապեցինք: Երդվում եմ, նախընտրում եմ իմ երեք զավակներին մեռած տեսնել, քան մեր այդ սուրբ վայրերը կորստյան մատնված: Դու կգաս, թե ոչ, վարդապե՛տ, սակայն ես պետք է անմիջապես Երուսաղեմ վազեմ` օգնելու և դարմանելու նրա վերքերը: Եթե ոչ, ապա երբ մեռնեմ, ինչպե՞ս եմ հաշիվ տալու Սուրբ Հակոբին: Եկեղեցականները թող փախչեն` իրենց ուխտը մոռանալով, ես և իմ ընկերները Երուսաղեմի մեր իրավունքներն առանց կռվի չենք հանձնի օտարներին: «Եթե քեզ մոռանամ, ո՛վ Երուսաղեմ, թող իմ աջ ձեռքն էլ մոռացված լինի»:
Հարություն ամիրայի այս խոսքերը բոլորի մեջ նոր հոգի արթնացրին` ընդհանուրի տրամադրությունը բարձրացնելով: Ամիրաները սկսեցին իրար մեջ խոսել, թե ինչ պիտի անեն, որքան դրամ պիտի տան, ինչպես անձամբ Երուսաղեմ պիտի գնան` կացությունը փոխելու, և այլն, և այլն ...
Կոլոտը հասկացավ, որ այդ վիճակը բոլորովին նման չէր Սուրբ Կարապետի պարտքերը վճարելուն, որովհետև այն պարագայում միայն վանականների պարտականությունն էր վճարել պարտքերը, իսկ Սուրբ Երկրի պարտքերը ստանձնում էին բոլոր ամիրաները և, ինչո՞ւ չէ, նաև համայն հայ ժողովուրդը: Հետևաբար ազգային-եկեղեցական ընդհանուր խնդիր էր սա, և այս շարժման համար պարզապես պարագլուխ էր հարկավոր: Կոլոտը մի քիչ հանգստացավ` ավելի լավ տեսնելով իրեն հատկացված դերը, և կշեռքի թաթը մի կողմից մյուս կողմը ծռվեց:
– Ամիրաների առնվազն կեսն այս Սուրբ Զատիկը Երուսաղեմում է անցկացնելու, վարդապե՛տ, իրենց նվերներով և առատաձեռն նվիրատվություններով,– որոշված ծրագիրը բացատրեց պատրիարքը,– պետք է փրկվեն գրավի դրված սրբազան առարկաները, վճարվեն պարտքերի անհետաձգելի տոկոսները և մեկ երրորդը և նոր պայմանագրեր կնքվեն պարտատերերի հետ: Այս բոլոր գործարքները պետք է կատարվեն մեր պատրիարքության բարձր տնօրինության ու պատասխանավության ներքո: Պարզապես մեզ հարկավոր է այս բոլորի վրա հսկող աչալուրջ ու վստահելի մեկը: Մի՛ կարծիր, որ Երուսաղեմի բոլոր պարտքերը քեզ վրա պիտի դիզենք, իսկ մենք ձեռնածալ մի կողմ քաշվենք:
Կոլոտը կրկին նախընտրեց լուռ մնալ, բայց զգում էր, որ այս առաջարկին դիմադրելը հետզհետե անկարելի էր դառնում: Պատրիարքը Կոլոտի համառությունը ջարդուփշուր անելու համար անմերժելի մի առաջարկով իր վերջին հարվածը հասցրեց նրա ամենափափուկ տեղին:
– Երբեք Երուսաղեմում չես եղել, այդպես չէ՞: Ահա քեզ ոսկե առիթ ուխտի գնալու: Ահա քեզ Տիրոջ լույս Գերեզմանը տեսնելու և «Մահտեսի» դառնալու չքնաղ պատեհություն, եթե մերժես, ամբողջ կյանքումդ կզղջաս: Ես քեզ խոսք եմ տալիս` քո ազատ ընտրության իրավունքը հարգելով: Գնա Երուսաղեմ և մնա մինչև Պենտեկոստեի տոնը: Եթե չուզենաս այնտեղ մնալ և պաշտոնդ շարունակել, ազատ ես պաշտոնդ թողնելու և ուզածդ տեղը գնալու:
Բոլորի ձեռքերը վեր բարձրացան, և դրական կարծիքի աղմուկով դաշինք կնքվեց Կոլոտի հետ, ով իր «այոն» ասաց պարզապես գլուխը շարժելով: Անմիջապես ջերմ շնորհավորանքների տեղատարափ սկսվեց` ուսին դրված ձեռքերի բարեկամական հպումներով: Պատրիարքն իր տեղից ելավ և տամկացած, բայց ժպտուն աչքերով գրկեց Կոլոտին:
Մեկ շաբաթ հետո երկու հարյուր ուխտավորների հետ ծովով ճանապարհ ընկավ դեպի Իսրայել: Կոլոտի երազը նույնությամբ կատարվել էր: Ակամա հայտնվել էր մի մեծ նավում, և ահա մայրաքաղաքը հետզհետե կոչում էր նրա տեսադաշտից: Եղանակը հրաշալի էր, քամին` բարեբաստիկ: Ժողովուրդը ճամփորդության թարմ հուզումով խանդավառ շրջում էր տախտակամածի վրա: Կոլոտը դիտում էր հորիզոնի վրա միգամած Պոլիսը: Հանկարծ մի մանկան ուրախ ճիչից սթափվեց.
– Մայրի՛կ, մայրի՛կ, նայի՛ր, առագաստները որքա՜ն խոշոր են, թիթեռի նման:
Կոլոտը տեսավ թիթեռնիկը, և այդ պահին կրկին իր երազը հիշեց. հարյուր տոկոսով արդեն վստահ էր, որ դա էր Աստծո կամքը: Ուրեմն պատրաստ էր հանգիստ սրտով գնալու ամեն տեղ, ուր որ թիթեռնիկը խլեր և տաներ իրեն:
Հաջորդ մասը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: