Գործք Առաքելոցի մեկնություն 2:1

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-3. Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ:
   
    Դեռևս Հոգու գալստյան մանրամասների մեջ չխորացած՝ նախ անհրաժեշտ է ճշտել օրը, մանավանդ որ նորից է զատկի օրվա խնդիրը առնչվում դրա հետ։ «Ի կատարեալ աւուրցն պենտեկոստէից»,- գրում է Ղուկասը։ Հունարեն պենտեկոստէ նշանակում է յիսունք կամ յիսներակ, որ մեզանում նաև հինունք է ասվում, որ զատկից հիսուն օր հետո կատարվելիք տոնն էր։ Տոնի գլխավոր նշանակությունը Սինայական օրենքների տվչությունն է, որ իբր տեղի է ունեցել Զատկից կամ Եգիպտոսից դուրս գալուց հիսուն օր հետո։ Բուն արարողությունը նոր հունձքի երախայրիքը նվիրելու և ճաշակելու օրենքն էր, որի համար հրեաները այդ օրը «Տօն երախայրեաց հնձոց» էին կոչում։ Օրենքը հրամայում էր Աստծուն նվիրել նոր ցորենի պաներ, այսինքն՝ նկանակներ, զոհել յոթը որոջ, մի զվարակ, և երկու խոյ։ Հրամայված էր, որ մինչև չարվի այս նվերն ու զոհը, նոր ցորեն չուտեն․ «Եւ զամենայն մուրկ փխրեալ մի՛ ուտիցէք մինչեւ յօրն յորում մատուցանիցէք պատարագս»։ Տոնի օրը որոշում էին հետևյալ կերպ․ զատկի երկրորդ օրվանից սկսելով՝ հաշվել յոթը յոթնյակ։ Քառասունինն օրն ամբողջացնելուց հետո, հիսուներորդ օրը կատարել տոնը Ղրտ. 23:15։ Այսինքն՝ Պենտեկոստեն տոնվում է զատկի 51-րդ օրը և զատկի երկրորդ օրվա հետ միևնույն յոթը յոթնյակում է ընկնում։ Արդ, մենք պաշտպանելով այն տեսակտը, թե զատիկը՝ նիսան 15-ը ուրբաթ օրն էր, և սկսելով շաբաթից, պետք է հաշվվեին յոթը յոթնյակներ, և յոթներորդ ուրբաթին հաջորդող շաբաթ օրը՝ Հիսուսի մահվան և հարության տարում Պենտեկոստե պիտի եղած լիներ։ Ղուկասը չի գրում, թե ի՞նչ օր տեղի ունեցավ Հոգու գալուստը և որևէ փաստ կամ պատմությունների ընթացքում որևէ նշան չկա ասելու, թե օրը շաբաթ չէր, այլ՝ միաշաբթի։ Շատ հավանական է, որ քրիստոնեությունը խորհրդով Հոգու գալուստը միաշաբթի բերեց՝ համաձայնեցնելով հարության օրվա հետ և Պենտեկոստեն ոչ թե հրեական զատկից, այլ Հիսուսի հարությունից կամեցավ հաշվել։ Սակայն առանց այդ դիտողության էլ Ղուկասը չի ասում, թե եղելությունը «Յաւուրն Պենտեկոստէի» տեղի ունեցավ, այլ, ըստ բնագրի, «Ի կատարել աւուրն Պենտեկոստէի» կամ, ըստ մեր թարգմանության, «Ի կատարել աւուրն Պենտեկոստէից», ասել է, թե Պենտեկոստեի տոնական օրն անցնելուց հետո և ճիշտ Պենտեկոստեի շաբաթ օրվան հաջորդող միաշաբթի օրը։ Ուստի, թե՛ Ղուկասի խոսքը ճշտելով և թե՛ Միաշաբթին պահելով, մեր պաշտպանած զատկի օրվա հաշիվը արգելքի չի հանդիպում և նիսանի 15-ը շաբաթ օր տանողները և Հիսուսի վերջին ընթրիքի զատկական լինելը մերժողները իրենց կարծիքին նպաստավոր փաստ չեն ունենում։ Իսկ այդ տարվա միաշաբթին մայիսի 28-ն էր լինում։ Կարող ենք նաև ասել, որ եթե Հոգու գալստյան նշանավոր եղելությունը տեղի է ունեցել Պենտեկոստեի տոնի առավոտյան ժամը երեքին, ապա ո՛չ Հիսուսին հետևողների խումբը կարող էր վերնատանը լինել և ո՛չ էլ բազմություն կարող էր խմբվել այնտեղ, այլ ամենքն էլ կգտնվեին տաճարում կատարվող արարողությանը։ Ուստի շատ ավելի հարմար է ընդունել, թե Հոգու գալուստը տեղի է ունեցել տոնին հաջորդող օրը։
    Վերնատանը գտնվողների համար Ղուկասն ասում է, թե՝ «էին ամենեքեան միաբան ի միասին», և քանի որ ո՛չ թիվ է տալիս, ո՛չ բացատրություն, ապա ընդունված կարծիքն այն է, թե պետք է ամենեքեան բառը հասկանալ որպես ավելի վերևում հիշված «Անուանց իբրեւ հարիւր եւ քսանից» խմբին վերաբերող և Սուրբ Հոգու շնորհների իջնելը տարածել ողջ բազմության վրա հավասարապես, քանի որ ամենքը հավասարապես, այլ ոչ թե միայն Տասներկուսը, հոգով զորանալու, մտքով լուսավորվելու և ավետարանի համար աշխատելու անհրաժեշտությունն ունեին։
    Սուրբ Հոգու գալստյան բուն իմաստն աշակերտների վրա Աստվածային շնորհների ներքնապես հեղումն է, ներքին զորություն, որ ազդում է նրանց հոգու վրա, լուսավորում միտքը, ուղղում սիրտը, զորացնում կամքը, փարատում վարանումը, ներշնչում է արիություն և ազդեցություն գործելու կարողություն տալիս։ Այդ էր, որ անհրաժեշտ էր առաքյալներին, այդ էր, որ խոստացել էր Հիսուս և, վերջապես, այդ էր, որ հատուկ ու հայտնի կերպով նույն օրը պարգևվեց Վերնատանը եղողներին։ Շնորհն իմանալի էր, հոգևոր և ներքին։ Սակայն Ավետարանի հաղթության նշանակությունը պետք է տեսանելի, նյութական և արտաքին ձևով էլ հայտնվեր ժողովրդին, որ ապրում էր արտաքին երևույթներով և այն զգալիորեն պետք է ներգործեր աշակերտների վրա, որոնց վրա դեռ շատ տակար էր հոգևոր վիճակի ազդեցությունը։ Դա էր բուն պատճառը, որ ավետարանի սկզբնավորման շրջանում հաճախ էին հրաշքներ ու հրաշալիքներ կատարվում և միևնույն պահանջների հետևանքն էր, որ աշակերտների վրա Հոգու զորության ու շնորհների իջնելը և հանգչելը արտաքին նշաններով ի հայտ եկավ։ Սրբազան պատմիչը հիշատակում է երեք պարագաներ․
    1․ Հնչիւն յերկնից եկեալ իբրեւ սաստիկ հողմոյ,
    2․ Բաժանեալ լեզուք իբրեւ ի հրոյ,
    3․ Սկսան խօսիլ յայլ լեզուս։

    Առաջին հրաշալի նշանը փոթորիկի հանած հնչյունների նման ձայնն էր, որ ընդհանուր ու տարածված չէր, որովհետև միայն «Ելիք զամենայն տունն յորում նստէին», այսինքն՝ առաքյալների և հետևողների սովորական կենտրոն դարձած վերնատունը։ Հրաշալիքը բացահայտող նշանն այդ մասնավորումն է, հակառակ դեպքում օտարոտի չպիտի լիներ փոթորկի առաջանալը, ինչքան էլ որ անսովոր լիներ Պաղեստինում մայիս ամսվա վերջին փոթորկի հանդիպելը։ Երկրորդ հրաշալիքը փոքրիկ բոցերն էին, որոնք թռչկոտելով օդում՝ մեկական հատ իջնում էր ներկաներից յուրաքանչյուրի գլխին։ Չպետք է հարկադրված լինենք հրեղեն լեզվին բացատրություն տալ և ստեղծել տարօրինակ լույսի կամ բոցի պատկերներ՝ լեզվի նմանություն ստանալու համար, որովհետև ճրագի փոքրիկ բոցերն արդեն իսկ լեզվի նման են։ Երևացածները փոքրիկ բոցիկներ են, որոնք պատմիչը նկարագրում է լեզուների նմանությամբ և նրանց մեծության մասին ոչինչ չի ասում, ուստի կարող ենք ենթադրել նաև, որ դրանք շատ մանր բոցիկներ էին։
Այդ երկու նշանները վերաբերվում են նյութական բնությանը և մթնոլորտային երևույթներին և ազատամիտ մեկնիչները ցանկանում են օդում հանկարծակի հայտնված լուսեղեն կետերի և փոթորկի պատահումով բացատրել եղելությունը։ Սակայն նրանց նպատակն է, մերժել ցանկացած հրաշք ու հրաշալիք, ինչը մեր սկզբունքի մաս չի կազմում։ Մենք գրում ենք հավատացյալ ժողովրդի համար և նպատակ չունենք քրիստոնեկան հավատքի և հայտնված կրոնի հիմքերը քննադատել, որով էլ հրաշքներն ու հրաշալիքները բնական երևույթների վերածելու անհրաժեշտությունը չենք զգում, և ինչպես ավետարանական պատմության հրաշքները, այնպես էլ Պենտեկոստեի հրաշալի երևույթները, որպես գերբնական զորության բացառիկ ներգործություններ, տարակուսանքնով չենք ընդունում։
    Նյութական երևույթների կողքին ունենք նաև առաքյալների ու աշակերտների վրա ներգործած հոգևոր զորությունը, որը հրեաների վախից թաքնվածներին հանկարծ համարձակ և աննկուն քարոզիչներ է դարձնում, Հիսուսին հետևող լինելով հանդերձ, դժվարությունների չբախվելու համար փախչողներին արիասիրտ նահատակների է վերածում, Գալիլիայի ծովակի անուս ձկնորսներին՝ Աստվածուսույց վարդապետների է փոխակերպում և այսպես ավետարանը Երուսաղեմից սկսելով՝ տարածում և հաստատում է «մինչեւ ի ծագս երկրի»։ Հին Սուրբ Հայրերը նկատում են, թե Հոգու գալուստը Պենտեկոստեի տոնին հարակցելը խորհրդավոր նշանակություն ունեցավ, որովհետև հին տոնը Սինայական օրենքների տվչության և Հին Ուխտի հռչակման հիշատակն էր։ Նույն տոնը նաև քրիստոնեական օրենքների տվչության և Նոր Ուխտի հռչակման հիշատակը եղավ։ Ինչպես հին տոնին բնության երախայրիքներն էին ընծայում Աստծուն, նոր տոնին էլ բանական երախայրիքներն Աստծուն ընծայվեցին, խոսեցին Քրիստոնեական Եկեղեցու անդրանիկ քարոզիչները և մկրտվեցին անդրանիկ հավատացյալները։