Գործք Առաքելոցի մեկնություն 2:14

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

14-36. Պետրոսը, Տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ակա՛նջ դրէք. սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. այլ՝ այս ա՛յն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով. «Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին,- ասում է Աստուած, -որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ,եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները տեսիլներեւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայայն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ,եւ նրանք պիտի մարգարէանան: Եւ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցոյց տամ,իսկ ներքեւում, երկրի վրայ՝ նշաններ.արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ. արեգակը խաւար պիտի դառնայ,եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն,քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը: Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք,որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի»: Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան: Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.«Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց,եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելուեւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի. ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն ցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»: Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝«Նրա անձը գերեզմանում չթողնուեց,եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»: Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.«Տէրն ասաց իմ Տիրոջը՝նստի՛ր իմ աջ կողմը, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակիբրեւ պատուանդան դնեմ»: Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»:
   
    Երուսաղեմցի և լեզու չիմացող հրեաների կողմից աշակերտների երեսին նետված նախատինքը, թե՝ գինովացածներ են և բերանը եկածը դուրս են տալիս, վշտացրեց առաքյալներին։ Նրանք նկատեցին, որ երբ մի կողմից երկյուղած բազմությունը զարմանում է Աստծու հրաշքներից ու սքանչանում, մյուս կողմից մի լիրբ խումբ հանդգնում է ծաղրել Աստվածային գործերը։ Ուստի ցանկացած պատշաճ բացատրություններ տալ և այն նոր նորափետուր զորությամբ ու համարձակությամբ, որն արդեն ստացել էին Սուրբ Հոգուներգործությամբ, առաջ անցան և Տասներկուսն էլ խմբովին ներկայացան Ամբոխին։ Պետրոսը, որ արդեն վարժված էր առաջ նետվելու և համարձակ խոսելու, բոլորին անունից սկսեց խոսել․ «Տեղացի հրեաներ և դրսից եկածներ, ամենքդ, որ գտնվում եք Երուսաղեմում, մեծ ուշադրությամբ լսեք ասածս։ Այս ձեր իմացածը չէ, և այս բազմությունը, որ մեզ հետ է, գինովացածների խումբ չէ, քանի որ դեռ նոր է լուսացել, հազիվ ժամը երեքը լինի, դեռ խմելու ժամանակը չէ, որ գինովացած լինենք։ Եթե Սուրբ Գրոց պատգամներն ուսումնասիրած լինեիք և ուշադրությամբ հետևեիք մարգարեությունների կատարմանը, շուտով կիմանայիք, որ Հովելի մարգարեությունն է այժմ կատարվում։ Հովելն ասել էր․ «Եւ եղիցի յետ այսորիկ յաւուրս յետինս, ասէ Աստուած, հեղից յոգւոյ իմմէ ի վերայ ամենայն մարմնոյ, եւ մարգարէասցեին ուստերք ձեր եւ դստերք ձեր, և երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն, և ծերք ձեր և դստերք ձեր, և երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն, և ծերք ձեր երազովք յերազեսցին։ Եւ ի վերայ ծառայից իմոց, եւ ի վերայ աղախնանց իմոց յաւուրսն յայնոսիկ հեղիցյոգւոյ իմմէ, եւ մարգարէացին, և տաց նշանս յերկինս ի վեր, եւ նշանս յերկիր ի խոնարհ՝ արիւն եւ հուր եւ մրրիկ ծխոյ, արեգակն դարձցի ի խաւար, եւ լուսին՝ յարիւն, մինչեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ եւ երեւելի․ և եղիցի ամենայն որ կարդասցէ զանուն Տեառն՝ կեցցէ» (Հովել, 2:28-31)։ Ահա այդ մարգարեությունն է,- շարունակում է Պետրոսը,- որ այսօր կատարվում է․ Աստծու Հոգին իջնում է Իսրայելի զավակից եղող այրերի և կանանց վրա․ Աստծու ծառաներն էլ, աղախիններն էլ նույն Հոգու զորությամբ փառաբանում են Աստծուն, և այնպիսի մեծ հրաշքներ են կատարվում, կարծես թե արևն ու լուսինն էին խավարում, մրրիկի նման հուր ու արյուն էին թափում երկրի վրա։ Պետք է, ուրեմն, Աստծու այդ նշանավոր օրվա եկած լինելը ճանաչել և ձեզանից ով այդ ճշմարտությունը ճանաչի ու դառնա դեպի Աստված, այդպիսին հավիտենական կյանքը ստացած կլինի»։
    Պետրոսի ճառի այդ առաջին մասը օրվա հրաշքը բացատրելու և պաշտպանելու նպատակն ունի։ Հովելից մեջբերած վկայությունը բառ առ բառ նույնն է, միայն «յաւուրս յետինս» բառերը չկան Հովելի բնագրում, և դրանք, թեև այլ օրինակներում չկան, սակայն, որպես բացատրություն, կարող են ավելացված լինել Պետրոսի կողմից։ Աստծու ծառաների և աղախինների հիշատակությունն ակնարկում է վերնատանը Տիրամոր և յուղաբերների ներկայությանը։ Մարգարեական պատգամի ողջ ուժը «Հեղից յոգւոյ իմմէ» բառերն են, որ Սուրբ Հոգու էջքն ու Վերնատանն աշակերտների վրա հանգչելն է նշանակում։ Վերջին հատվածում էլ հորդոր է կարդացվում ներկա հրեաներին, որպեսզի իրենցից ամեն մեկը «կարդասցէ զանուն Տեառն», և հետևի Տեր Հիսուսի վարդապետությանն ու այդպես կեցցէ։ Նրանք, ովքեր ցանկանում են Խուսափել լեզուների շնորհի ուղիղ բացատրությունից, գտնում են, թե ո՛չ Հովելն է խոսում լեզուների մասին, ո՛չ էլ Պետրոսն է լեզուների դեպքը մեկնում, այլ, պարզապես, առկա է մարգարէասցին խոսքը՝ տեսիլս տեսցեն բացատրությամբ։ Արդ՝ մարգարեության շնորհը բոլորովին տարբեր է լեզուների շնորհից, ինչպես շեշտում է Պողոսը Ա Կորնթ. 14:5, և մարգարեության շնորհը իր լեզվով փառաբանություններ, ապագայի համար բարեմաղթանքներ ու կանխատեսություններ անելն է։ Սակայն մենք լեզուների շնորհին վերաբերող փաստերը ոչ թե մարգարեությունից, այլ պատմությունից պիտի քաղենք և Պետրոսի ջատագովության մեջ ընդհանուր կերպով գտնում ենք Աստվածային ներշնչումների և Սուրբ Հոգու ներգործությունների ազդեցությունը, որ կարող է հայտնվել տարբեր ձևերով և այդ տարբերությունը չի փոխում արդյունքի աղբյուրը և պատճառի նույնությունը։
    Պետրոսի ճառի երկրորդ մասը Հիսուսի հարության պաշտպանությունն է՝ դարձյալ փաստերով հաստատված, եղելության համար՝ իրենց վկայությունը, իսկ խորհրդի համար՝ Դավթի մարգարեությունը բերելով։ Քանի որ առաջին մասն ավարտել էր «որ կարդասցէ զանուն Տեառն՝ կեցցէ» խոսքերով, ապա անմիջապես սկսում է բացատրել, թե ինչպես պետք է կանչեն զանուն Տեառն։ «Իսրայելացինե՛ր,- շարունակում է Պետրոսը,- հիմա լսեցինք, թե ինչպես պետք է վարվենք, որ զանուն Տեառն կանչելով, արժանանք հավիտենական կյանքին։ Հիսուս Նազովրեցին, ում աշակերտներն ենք մենք, Աստծու կողմից է ուղարկված, որ իր պաշտոնը հաստատեց զօրութեամբ և նշանօք եւ արուեստիւք։ Դրանք բոլորն էլ ձեր աչքի առջև կատարվեցին, և դուք էլ կարող եք վկայել։ Սակայն Աստվածային կամաց անքնների խորհրդով թույլ տրվեց, որ դուք նրան հեթանոսներին մատնեք և, խաչի վրա գամելով, սպանել տաք։ Արդ, այդ Հիսուս մեռած չի մնացել։ Նա հարություն է առել, նա հաղթել է մահին։ Դավթի մարգարեություններում նույնպես ասված է, թե անհնար է, որ Մեսիան ընկճված մնար մահվան իշխանության ներքո։ Սաղմոսում գրված է․ «Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն ժամ, զի է ընդ աջմէ իմմէ, զի մի՛ սասանեցայց։ Վասն այսորիկ ուրախ եղեւ սիրտ իմ, եւ ցնծացաւ լեզու իմ, եւս եւ մարմին իմ բնակեսցէ յուսով, զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն, ծանուցէր ինձ զճանապարհս կենաց, լցուցէր զիս ուրախութեամբ երեսաց քոց» Սաղմ․ 15:8-11։ Այս խոսքերը Դավիթն է ասել, բայց իր մասին չէր կարող ասած լինել, որովհետև այդ խոսքերն իր վրա չճշմարտվեցին, ինքն ի դժոխս մնաց, այսինքն՝ մահվան իշխանության ներքո մնաց անկենդական աշխարհում, մեռավ ու թաղվեց, մարմինն ապականվեց, գերեզմանն էլ իր ոսկորներով մեր աչքի առջև է։ Ուստի, քանի որ խոսքերն իրեն չեն վերաբերում, մարգարեական են Մեսիայի համար, ինքը, որպես մարգարե, իմացել էր, թե Աստված իր զավակից պիտի հաներ Մեսիային․ «Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո» Սաղմ․ 131:11։ Սկզբից էր իմացել նաև, թե Մեսիա-Քրիստոս հարություն պիտի առնի․ «Զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն» Սաղմ․ 15:10։ Եվ սա, իրավամբ, Հիսուսի վրա ճշմարտվեց․ «Զի ոչ թողաւ ոգի նորա ի դժոխս, եւ ոչ մարմին նորա ետես զապականութիւն»։ Այս Հիսուս է, որ հարություն առավ և ում համար մարգարեությունները կատարվեցին, և մենք ամենքս, որ այստեղ ենք, այդ ամենի ճշմարտությունն ենք վկայում։ Նույն Հիսուս, Աստվածային կարողությամբ, երկրից համբարձվեց, Երկնավոր Հորից ընդունեց Սուրբ Հոգու ավետավոր շնորհները և նույն բաները երկնքից մեր վրա սփռեց։ Եվ ինչ որ դուք այժմ կատարված տեսաք, Հիսուսի միջնորդությամբ՝ Սուրբ Հոգու շնորհների երկրի վրա սկսվելն էր։ Մեսա-Քրիստոսն է, որ երկինք համբառնելով, Երկնավոր Հոր աջ կողմում պիտի բազմեր, ինչպես ասել էր Դավիթը․ «Ասաց Տէր ցտէր իմ, նիստ ընդ աջմէ իմմէ, մինչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց» Սաղմ․ 109:1։ Արդ, երկինք բարձրացողը Դավիթն ինքը չեղավ երբեք, այլ Մեսիա-Քրիստոսի համար ասաց, որովհետև մահն ու անապականությունը, հարությունն ու համբարձումը, բոլորն էլ Հիսուսի վրա կատարվեցին, և սրանք էլ Մեսիայի հատուկ նշաններն էին, պետք է Իսրայելի ժողովուրդը ճշմարտությամբ ընդունի ու հավատա, թե այն Նազովրեցի Հիսուս, ում դուք խաչեցիք, նա ինքն է Աստծու կողմից որոշված ու խոստացված Օծյալ-Մեսիա-Քրիստոսը և իրավամբ մեր Տերը»։
    Պետրոսի այդ ճառը առաքելական անդրանիկ քարոզությունն է և մեզ ցույց է տալիս թե» Հիսուսի կողմից ավանդված մարգարեությունների մեկնության ոճը և թե՛ առաքյալների քարոզությունների ձևը։ Բացահայտ տեսնում ենք, որ ամբողջ ուժը կենտրոնացնում են Հիսուսի հարության վրա և այն ամենայն համարձակությամբ ու վստահությամբ հռչակում բազմամբոխ ժողովրդի առջև, ուր, անշուշտ, քիչ չէին նաև քահանայապետերն ու դպիրները և ոչ ոք չէր հանդգնում նրանց հայտարարությունը սուտ հանել։ Իսկ երբ վերնատանը գտնվողների համար ասում է, թե «ամենեքին մեք վկայ եմք», պետք է հասկանալ, որ հարյուր քսանն էլ ևս Հիսուսի երևումներին արժանացած անձեր էին, ինչը դժվարության տեղիք չի տալիս, քանի որ մինչև հինգ հարյուր անձի միանգամից երևալու մասին գիտենք (Գործ. 1:3