Ա․ Լոպուխին
«Եվ նրանց թևերի տակ մարդու ձեռքեր կային՝ նրանց չորս կողմերում»։(Սինոդական թարգ․)[8]
Քանի որ «ձեռքերը» որոշում են մարդու գործունեության հնարավորության սահմանները և քանի որ «ձեռքերն» են ամենանշանակալից ձևով տարբերակում մարդուն՝ կենդանիներից, որոնց պարագայում ձեռքերի բացակայության պատճառով գործունեություն ծավալելն անհնարին է դառնում, և նրանց է մնում միայն իրենց կյանքը (սնուցումը) ապահովելը, ըստ այսմ էլ քերովբեների՝ ձեռքեր ունենալու առանձնահատկությունը նպատակ է հետապնդում մատնանշելու նրանց կարողությունը մարդկային գործունեությանը նմանվող գործունեություն ծավալելու հարցում: Մարգարեի աչքերի համար, բնականաբար, չէր կարող ահասարսուռ ու զարմանալի չլինել մարդկային գործողություններին հատուկ այս նրբին առանձնահատկության համադրությունը կենդանու տարերային զորության հետ։ Քանի որ Եզեկիել մարգարեին երևացած արարածները թևավոր էակներ էին, հետևաբար նրանց մարմնի ձեռքերի բնական տեղում գտնվում էին իրենց թևերը, և մարգարեն բնական տարակուսանքով է լցվում ա՛յն հարցի առնչությամբ, թե այդ դեպքում որտե՞ղ կարող էին լինել քերովբեների ձեռքերը։ Եվ ի վերջո Եզեկիել մարգարեն նկատում է, որ քերովբեների ձեռքերը «նրանց թևերի տակ էին»։ Նկատի առնելով քերովբեներից յուրաքանչյուրի ձեռքերի քանակի վերաբերյալ մարգարեի լռությունը՝ մեկնիչների կողմից հարցեր առաջացան այս առթիվ, և մեկնիչները քերովբեների ձեռքերը համարակալեցին 1-ից մինչև 16-ը՝ յուրաքանչյուր քերովբեի համար առանձին: Չորս դեմք ունեցող քերովբեի յուրաքանչյուր կողմում երկու ձեռքից ավելի չէր կարող լինել, քանի որ հակառակ պարագայում արդեն նրանց ձեռքերի թիվը կկորցներ մարդկային ձեռքերի հետ համեմատության առանցքը, իսկ այդ դեպքում էլ մարգարեն կանդրադառնար դրան։ Սակայն չի կարող այնպիսի մի հարց առաջանալ, թե քերովբեն քանի ձեռք կարող էր ունենալ․ չէ՞ որ մարգարեն անկարող էր միաժամանակ տեսնել քերովբեի բոլոր չորս կողմերը (այլ, ամենայն հավանականությամբ, միայն մեկ կողմը), իսկ այն, ինչ մարգարեն չէր տեսել, չէր էլ կարող փաստել, թե դա գոյություն ունի, մանավանդ որ այստեղ մենք գործ ունենք տեսիլքի, այլ ոչ թե արտաքնապես տեսանելի իրողության հետ։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց:
(Արարատ թարգ․) Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։
(Գրաբար) և ձեռն մարդոյ ‘ի ներքոյ թևոց նոցա ‘ի չորեսին կողմանս նոցա. և երեսք նոցա
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: