Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։12

Ա. Լոպուխին

«Եվ նրանց ամբողջ մարմինը, և նրանց մեջքերն ու նրանց ձեռքերը, և նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց բոլոր չորս անիվները»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   Այստեղ կարելի է զուգահեռներ տանել 1:18-րդ համարի հետ, սակայն եթե անգամ տեքստն այս պարագայում փոփոխության չի ենթարկվում, այնուամենայնիվ այն կրում է զգալի լրացումներ. ոչ միայն անիվներն էին, որ աչքեր ունեին, այլ նաև քերովբեները, ինչպիսին որ էին Հայտնության քերովբեները (Հայտն․4:6): Ասես վախենալով այն բանից, որ ընթերցողը չի պատկերացնի այս տեսիլքի ողջ զարմանահրաշությունն ու ահավորությունը, մարգարեն մանրամասնորեն մատնանշում է, թե քերովբեների վրա հատկապես ո՛ր մասում էին աչքերը. նրանց ամբողջ մարմինը պատված էր աչքերով՝ նույնիսկ ա՛յնպիսի մասերը, ինչպիսիք են մեջքը, ձեռքերը և թևերը։ Այս համարի վավերականության վրա կասկածի ստվեր գցում է այն իրողությունը, որ սույն գլխի ներկայիս բաժինը նվիրված է անիվների նկարագրությանը, և այդ դեպքում դժվար թե մարգարեի խոսքն այդքան հանկարծակիորեն և կտրուկ անցում կատարեր դեպի քերովբեները, ընդ որում՝ դրանք նշելով մեկ դերանվան միջոցով։ Այդ իսկ պատճառով էլ Հերոնիմոս Երանելին, ռաբբիների և մյուս մեկնիչների նման, ենթադրում է, որ այստեղ հիշատակվող մարմնի մասերը մատնանշելով մենք նկատի ունենք անիվի մասերի փոխաբերական անվանումը. մարմինը անիվի հանգույցն է, մեջքը՝ եզրերը, ձեռքերը՝ անվահեծերը, թևերը՝ շրջանակները: Ի դեմ, հարկ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անիվի այս բոլոր մասերի եբրայեցերեն անվանումներն իրենց կառուցվածքով նման են այս համարում թվարկված մարմնի մասերի անուններին, և այդ մասերն էլ թվով ճիշտ այնքան են, որքան անիվի հիմնական բաղկացուցիչ բաղադրիչները՝ համենայն դեպս եթե դիտարկենք, թե դրանք քանիսն էին տվյալ ժամանակահատվածում՝ համաձայն Գ Թագավորաց 7։33-րդ համարի վկայության։ Միանգամայն հնարավոր է, որ այս վերջին հատվածը (Գ Թագ․ 7։33), որում խոսվում էր Սողոմոնի տաճարում եղող պղնձե ավազանների անիվների մասին, կարող էր հայտնվել մարգարեի մտքի հորիզոնում՝ հատկապես եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Եզեկիելի տեսիլքում անիվի բուն գաղափարը ներշնչված է եղել վերոնշյալ ավազանների ունեցած անիվների պատկերից։ Եվ քանի որ անիվի մասերի անունները ներկայացնում են որպես շատ հազվադեպ օգտագործվող բառեր, ուստի ենթադրվում է, որ դրանք տեքստում դյուրությամբ կարող էին «վնասվել» և փոխարինվել մարմնի մասերի ավելի ծանոթ անուններով: Բազմաթիվ աչքեր ունենալու խորհրդանշական իմաստը ըմբռնելու համար տե՛ս 1։18-րդ համարի բացատրությունը:

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով:
(Արարատ թարգ․) Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։
(Գրաբար) Եւ ամենայն մարմինք իւրեանց, և ձեռք, և թևք նոցա, և անիւք, լի՛ էին աչօք՝ շուրջ զչորեքումբք անուովք նոցա: