Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ երկրի ժողովրդին. «Այսպես է ասում Տեր Աստված Երուսաղեմի բնակիչների, Իսրայելի երկրի մասին․ «Նրանք իրենց հացը տրտմությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը վհատությամբ պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի զրկվի իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անիրավության պատճառով»։ [19] (Սինոդական թարգ․)
«Երկրի ժողովրդին» - այս արտահայտությունը սովորաբար մատնանշում է երկրի ողջ բնակչությանը (Դ Թագավորներ 21:24) կամ հասարակ ժողովրդին (22:29)։ Այդ նույն տրամաբանությամբ էլ այստեղ «երկրի ժողովուրդ» արտահայտության ներքո կարելի է հասկանալ ա՛յն թագավորի հպատակներին, որի մասին մինչ այժմ խոսվում էր. թեև մարգարեն այլևս չի ապրում նրանց մեջ և չի կարող բառի բուն իմաստով խոսել նրանց հետ («պատմել նրանց»), այնուամենայնիվ այն աշխուժությունը, որով նա հետևում է իր հայրենիքի ճակատագրին, նրան թույլ է տալիս իր ազգակիցների մեջ տեսնել այդ հայրենիքի ներկայացուցիչներին։ Եվ ի դեպ, մարգարեն գրում է մի ժամանակի համար, երբ բոլորը պետք է հասկանան, թե ի՛նչ է իրենց ասել մարգարեն։
«Որովհետև» - սլավոներենում ավելի ճշգրիտ՝ «որպեսզի»։ Ամբողջ ողբերգությունն այն է լինելու, որ Երուսաղեմի ժողովուրդը և առհասարակ հրեաները, վախի պատճառով կատարյալ շփոթության մատնվելով, իրենք իսկ են նպաստելու այն բանին, որ իրենց համար նախատեսված չարափառ վախճանն ավելի շուտ վրա հասնի:
«Նրանց երկիրը» - այսինքն՝ Երուսաղեմը։ Յոթանասնից թարգմանության մեջ դերանունը բացակայում է։
«Լիությունից» - բնակիչներից, ձեռնարկներից, հարստությունից։
«Անիրավության պատճառով» - տե՛ս Սաղմ․ 106։34։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են:
(Արարատ թարգ․) Եվ ասա՛ երկրի ժողովրդին. Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են. "Նրանք իրենց հացն անձկությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը սարսափով պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի ամայանա իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենության պատճառով։
(Գրաբար) ասասցես ցժողովուրդ երկրին. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցբնակիչս Երուսաղեմի յերկիրն Իսրայէլի. Զհա՛ց իւրեանց կարօտութեամբ կերիցեն, և զջուր իւրեանց ապականութեամբ արբցեն. զի ապականեսցի երկիր լրիւ իւրով, զի յամպարշտութեան են ամենայն բնակիչք նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: