Ա. Լոպուխին
«Դուք ճեղքերի մեջ չեք մտնում և Իսրայելի տունը պարսպով չեք պատում, որ Տիրոջ օրը պատերազմում ամուր կանգնած լինեք»։ (Սինոդական թարգ․)[5]
Ճշմարիտ մարգարեն պետք է ոչ թե քանդի, այլ կառուցի: Նախորդ պատկերին մարգարեն ուղղակիորեն ավելացնում է բոլորովին ուրիշ պատկեր, որը նրան կարող էր ներշնչված լինել Երուսաղեմի առաջիկա պաշարման կանխատեսումից։ Երբ թշնամու բանակի կողմից պաշարված քաղաքի պարիսպներում ճեղքեր են բացվում, ամենաքաջ պաշտպաններն իրենց ամբողջ պաշտպանությունը կենտրոնացնում են դրանց վրա («մտնում են ճեղքերի մեջ») և փորձում են հնարավորինս արագ փակել դրանք («պարսպով են պատում»):
«Ճեղքեր» - դրանք բարոյական փչացվածությունը և ժողովրդի թուլություններն են, որոնք այդ մարդկանց սպառնում են կործանումով ու «պահանջում» են, որ մարգարեն ճիշտ ժամանակին հանդիմանություն և շտկում ներարկի դրանց մեջ:
«Պարիսպ» («պատ») – այդ խրատն ինքնին, ինչպես նաև ժողովրդի համար մարգարեի աղոթական բարեխոսությունը, որը ճշմարիտ մարգարեի սքանչելի իրավունքն ու պարտականությունն է, ի զորու են, ծայրահեղ դեպքում մի որոշ ժամանակը մեկ անգամ, «կանգնել» Աստծո բարկության ճանապարհին (Եզեկ. 22:30, Երեմ. 15:1, Ես․ 63:10): «Պարսպով չեք պատում» արտահայտության փոխարեն Յոթանասնից թարգմանությունն «առաջարկում» է հետևյալ տարընթերցումը․ «Հոտեր ժողովեցին Իսրայելի տան շուրջ», այսինքն՝ ցանկանում է ասել, թե պատճառ դարձան, որ «թշնամիներն արշավեն Իսրայելի դեմ», և, իմիջիայլլոց, սույն համեմատությունը վերցված է վայրի կենդանիների հարձակումներից խաղողի այգին պաշտպանելու նպատակով այն ցանկապատելու պատկերից։
«Տիրոջ օրը» - տե՛ս Ես․ 2։12-րդ համարը: Եզեկիելի ապրած ժամանակաշրջանում Տիրոջ օրվա գալուստը հատկապես մոտ էր թվում. ամենամոտ իմաստով դա Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի գրավման օրն էր (հմմտ․ Սոփ 1:7, Հով․ 1:15, 2:1, Ամ․ 5:18)։ Եզեկիելն այստեղ, փաստորեն, պատկերում է ոչ այլ ինչ, քան իր կոչմանը շաղկապված առաջադրանքները՝ համաձայն Եզեկ․ 3։16-21-րդ համարների, այն է՝ ի վիճակի լինել իր շուրջը եղող հայրենակիցներին կործանումից փրկելու՝ գալիք արհավիրքի ժամանակ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Հօտեր ժողովեցին Իսրայէլի քո տան վրայ, ու չհաստատուեցին այն խօսքերը, որ նրանք խօսում էին Տիրոջ անունից,
(Արարատ թարգ․) Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։
(Գրաբար) և ո՛չ կացին 'ի հաստատութեան. և ժողովեցին հօտս 'ի վերայ տանդ Իսրայէլի, և ո՛չ հաստատեցան ոյք խօսէին յանուն Տեառն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: