Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։7

Ա. Լոպուխին

«Որովհետև եթե Իսրայելի տնից և Իսրայելի մեջ բնակվող օտարազգիներից որևէ մեկը երես թեքի Ինձնից և իր կուռքերը զետեղի իր սրտում ու իր ամբարշտության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա՝ նրա միջոցով ինձ դիմելու համար, ապա Ես՝ Տերս, մի՞թե Ինձնից պատասխան կտամ նրան»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ Իսրայելի մեջ բնակվող օտարազգիներից» - սույն բանաձևը հաճախակիորեն հանդիպում է Հնգամատյանում (Ղևտ․ 17:8, 10 և այլ տեղիներ), սակայն Եզեկիելն այստեղ միայն առաջին անգամն է, որ օգտագործում է այն, ինչը կարող է վկայել արդեն իսկ իր ապրած ժամանակաշրջանում պրոզելիտիզմի (հավատափոխություն կամ նորահավատություն․ երբ ծագումով այլ ազգի պատկանող անձինք ընդունում էին հրեությունը) երևույթի լայն տարածման մասին։ Այն ուշադրության մասին, որը մարգարեն հատկացնում է պրոզելիտներին, վկայում են 22:7-րդ, 29-րդ և 47:22-րդ համարները, որոնցում նա ընդգծված կերպով ճանաչում է նրանց իրավահավասարությունն ի ծնե հրեա եղող իսրայելացիների հետ: Այս իսկ պատճառով էլ մարգարեն պրոզելիտներից պահանջում է հավատի և բարոյականության միևնույն մաքրությունը, ինչպես նաև Մովսեսի օրենքի պահպանությունը (Ելք 12:19, Ղևտ․ 17:10 և այլ տեղիներ)։ Համարի սկզբնահատվածում սլավոներեն և ռուսերեն թարգմանությունների տարբերության վերաբերյալ տե՛ս 4-րդ համարի բացատրությունը։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքները դնի իր առջեւ ու գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում:
(Արարատ թարգ․) որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։
(Գրաբար) Քանզի այր ոք՝ այր 'ի տանէդ Իսրայէլի, և յեկաց և պանդխտացդ Իսրայէլի, որ օտարասցի յինէն, և դիցէ զխորհուրդս իւր 'ի սրտի իւրում, և զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի երեսաց իւրոց. և եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ զիս. ե՛ս Տէր պատասխանի՛ տաց նմա ըստ այնմ զոր 'ի մտին ունիցի