Ա. Լոպուխին
«Բայց Ես պիտի վերադարձնեմ նրանց գերությունից, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը՝ նրանց մեջ»։ [53] (Սինոդական թարգ․)
«Պիտի վերադարձնեմ նրանց գերությունից» - Սոդոմի առնչությամբ կարելի է հասկանալ միայն այդ քաղաքի վերականգնումը: Այսպիսով՝ այս հատվածը բովանդակում է փառքի Արքայության գալստյան ժամանակների մասին ամենահուսադրող կանխատեսումներից մեկը, Արքայություն, որը չի գա ավելի վաղ, քան ննջեցյալների հարությունը։ Միայն դրանից հետո կարող է վերականգնվել գետնի տակ անցած Սոդոմը, չնայած որ, իհարկե, ոչ թե իր նախկին տեսքով, այլ մեկ ուրիշ՝ անհայտ կերպարանքով։ Այդուհետև միայն, ինչպես որ լավագույնս ցույց է տալիս 37-48-րդ գլուխների միջակայքում գտնվող այս հատվածը, մարգարեն կարող է ակնկալիք ունենալ նաև Հուդայի և Իսրայելի՝ գերությունից վերջնական վերադարձին (հմմտ․ Եսայու մարգարեությունը՝ Եգիպտոսի վերականգնման մասին, Ես 29:11-րդ համար և շարունակությունը): Այս հատվածի այլատեսակ ըմբռնումները թուլացնում են նրա ողջ զորությունն ու այս հատվածում առկա ուրախությունը։ Սակայն մեկնիչներից մեկն այստեղ կանխագուշակություն է տեսնում հեթանոսների՝ Եկեղեցի մուտք գործելու մասին․ ըստ այդ մեկնության՝ հեթանոսները ներկայացված են Սոդոմի կերպարի ներքո, մինչդեռ Սամարիան մարմնավորում է հերետիկոսների կերպարանքը (Որոգինես, Հերոնիմոս Երանելի և ուրիշներ): Մյուսների կարծիքով՝ Սոդոմն այստեղ մարմնավորում է մովաբացիներին և ամմոնացիներին, որոնց Երեմիան 48։47-րդ և 49։30-րդ համարներում խոստանում է վերականգնում կործանումից: Նորագույն շրջանի ռացիոնալիստ (բանապաշտական ուղղության ներկայացուցիչ) մեկնաբանները կարծում են, որ Սոդոմի վերականգնման մասին վարկածը Եզեկիելին միայն մի պահ էր անհրաժեշտ առաջ քաշել՝ ելնելով վիճահարույց խնդրին լուծում տալու հրամայականից, որից հետո արդեն կարիք չկար այդ կանխագուշակումի ազդեցությունը տարածել գալիք ժամանակների վրա, ուստի և այդ մասին մարգարեն լռում է ապագա ժամանակների մասին իր հետագա հայացքներն արտահայտելիս (խոսքը 47-րդ և 48-րդ գլուխների մասին է)։ Համաձայն սույն տեսակետի՝ Եզեկիել մարգարեի առաջ քաշած այս վարկածը Երուսաղեմի վերականգնման գաղափարի զուտ տրամաբանական հետևանք էր․ Սոդոմի վերականգնումը Եզեկիելի համար անհրաժեշտություն էր այնքանով, որքանով որ այդ վայրի (Սոդոմի) աշխարհագրական դիրքը գտնվում էր ապագա ժամանակների համար խոստացված երկրի սահմաններում:
--------------------------------
[53](Էջմիածին թարգ․) Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու,
(Արարատ թարգ․) Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ,
(Գրաբար) Եւ դարձուցից զդարձուածս նոցա, զդարձուածս Սոդոմայ՝ և զդստերաց իւրոց. և դարձուցից զդարձուածս Շամրնի, և զդստերաց նորա. և դարձուցից զդարձուածս քո 'ի միջի քո.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: