Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։[1] (Սինոդական թարգ․)
Սեդեկիայի անհավատարմությունը։ Եթե 16-րդ գլխում որպես Երուսաղեմի անկման պատճառ ներկայացվում է նրա ողջ անցյալն ու ամբողջ ժողովրդի մեղքերը, ապա 17-րդ գլխում որպես այդ պատճառ ներկայանում է Երուսաղեմի տվյալ պահի քաղաքականությունը և թագավորի դավաճանությունը, որը վերջինիս ծայրահեղ կարճատեսության հետևանքն էր (այդ նույն կերպ է «վարվում» 22-րդ գլուխը՝ 23-րդ գլխի վերաբերությամբ): Քաղդեական զորացող իշխանության համատեքստում Հրեաստանի անկախությունն անհնարին թվացող մի երևույթ էր և այդժամ գոյության միակ հնարավորությունը, որը, ճիշտ է, համեստ, բայց և հուսալի տարբերակ էր, Բաբելոնի հանդեպ ունեցած կախյալ (վասալական) վիճակն էր։ Սակայն այդ հնարավորությունից «օգտվելու» փոխարեն Սեդեկիան դավաճանեց Նաբուգոդոնոսորին, որին նա պարտական էր իր գահին բազմելու համար, և անհուսալի դաշինք կնքեց փարավոնի հետ: Որևէ կասկած չկար, թե դա ինչով պիտի ավարտվեր՝ նկատի ունենալով քաղդեացիների հզորությունը և հատկապես ա՛յն հանգամանքը, որ Յահվեն Սեդեկիայի դավաճանությունն անհավատարմություն էր համարում անձամբ հենց Իր նկատմամբ։ Մարգարեն այս գաղափարը զարգացնում է նախ փոխաբերական իմաստով՝ այն արտահայտելով առակի տեսքով (2-10-րդ համարներ), իսկ այնուհետև արդեն ուղղակիորեն՝ առակի բացատրության միջոցով (11-21-րդ համարներ), և իր խոսքը եզրափակում է ավելի լավ ապագայի մասին կանխասացությամբ (22-24-րդ համարներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: