Եզեկիելի մարգարեության մեկնություն 2։5

Ա․ Լոպուխին

«Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբ տուն են, միևնույն է թող իմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ»։
(Սինոդական թարգ․)[5]

   

   Մարգարեն չպիտի լռի, և դա անկախ այն հանգամանքից՝ նրան լսո՞ւմ են, թե՞ ոչ։ Չնայած որ, նկատի ունենալով Իսրայելի բնորոշ բացահայտ համառությունը, կասկածի տեղիք չի մնում, որ Իսրայելն ավելու շուտ չի լսում մարգարեի խոսքերը, այնուամենայնիվ խոսքն այստեղ քարոզության ակնթարթային հաջողության մասին չէ. Եզեկիելի գործունեության արդյունքներն ապագայում է, որ պիտի բացահայտվեն, երբ իրականություն կդառնան նրա կանխասած մարգարեություններն ու հիմնականում սպառնալիքները՝ այդպիսով Եզեկիելին «հռչակելով» որպես մարգարե։ Եվ եթե իսրայելացիները նրան ընդունում են որպես ճշմարիտ մարգարե, ապա այդպիսով, միևնույն ժամանակ, Նրա՛ն, Ով խոսեց մարգարեի միջոցով, ընդունում են որպես Ճշմարիտ Աստված, իսկ դա էլ ոչ այլ ինչ է, քան առաջին նախապայմանն ապագայում Իսրայելի դարձի գալու համար: Յոթանասնից թարգմանությունը եբրայական տեքստի հետ համեմատությամբ հետևյալ տարբերությամբ է աչքի ընկնում սույն համարի սկզբնահատվածում․ «Եթե լսեն և վախենան» (սա հրեաների համար ավելի համապատասխան տարբերակ էր, ինչպիսին որ նաև «գօիմ» բառի բացթողումն էր 3-րդ համարում)։ Այս տարբերությունն արդյունք էր այն բանի, որ «նրանք» մասնիկը «թե»-ից բացի նշանակում է նաև «եթե» (Հեսու 24:15, Ժող․ 2:13), իսկ երկրորդ բայը «յեհդալու»-ի («զանց առնեն») փոխարեն տարընթերցվում է «յեդհալու» (վախենան): «Ապստամբ տուն» արտահայտությունը Եզեկիել մարգարեի կողմից Իսրայելի վերաբերությամբ կիրառվող այնքա՜ն սիրելի անվանում է, որ այդ անվանումը գրեթե անձնանուն (հատուկ անուն) է դարձել իսրայելացիների երկրի համար, և դա այնքանով էր հավանական, որ սկզբնական շրջանում հրեական բոլոր հատուկ անունները հասարակ (ընդհանուր նշանակություն ունեցող) գոյականներ էին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եթէ պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնողների տուն են) եւ կամ ամբողջովին ընդունեն, որ դու նրանց մարգարէն ես, -
(Արարատ թարգ․) Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։
(Գրաբար) Եթէ իցէ լուիցե՞ն կամ սարսեսցե՞ն, զի տուն դառնացողա՛ց են. և կամ բնաւ ծանիցեն թէ մարգարէ՛ ես դու ‘ի մէջ նոցա։