Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։8

Ա. Լոպուխին

«Բայց նրանք ապստամբեցին Իմ դեմ և չուզեցին լսել Ինձ. ոչ ոք պղծությունները դեն չնետեց իր աչքերի առաջից և չլքեց Եգիպտոսի կուռքերին։ Եվ Ես ասացի․ «Նրանց վրա պիտի թափեմ Իմ զայրույթը, նրանց վրա պիտի սպառեմ Իմ բարկությունը Եգիպտոսի երկրում»»։ [8] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ Ես ասացի» - «ասացի Ինքս Ինձ», որ նույնն է թե՝ «որոշեցի»։

   «Նրանց վրա պիտի թափեմ Իմ զայրույթը» - ասել է թե՝ «կորստյան պիտի մատնեմ նրանց» (հմմտ․ 13բ, 7։8 և այլ տեղիներ)։ Ելից գիրքը դեռևս Եգիպտոսում Իսրայելին ոչնչացնելու Աստծո մտադրության մասին չի խոսում (բացառությամբ որոշակի ակնարկների, ինչպիսին էր, օրինակ, 14:12-րդ համարը): Այսինքն՝ Եզեկիելն այստեղ լրացնում է Ելից գրքի տեղեկությունները՝ ամենայն հավանականությամբ որոշ այլ բանավոր կամ գրավոր աղբյուրներից, ճիշտ այնպես, ինչպես որ  ժամանակ առ ժամանակ վարվում էր նաև Պողոս առաքյալը՝ Հին Կտակարանի պատմության առնչությամբ: Այստեղ մարգարեն ակնհայտորեն նկատի ունի եգիպտական ​​ճնշումը, որի ազդեցության ներքո գտնվող եբրայական ժողովուրդը միանշանակ արժանի էր ոչնչացվելու՝ եթե հաշվի առնենք հրեաների գործած մեղքերը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սակայն նրանք ապստամբեցին իմ դէմ, չուզեցին ինձ անսալ: Իւրաքանչիւր ոք իր աչքերից գարշելի կուռքերը դէն չնետեց: Եգիպտացիների ճանապարհը չթողեցին: Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ՝ եգիպտացիների մէջ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս:
(Արարատ թարգ․) «Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։
(Գրաբար) ապստամբեցա՛ն յինէն, և ո՛չ կամեցան լսել ինձ. իւրաքանչիւրոք զգարշելիս իւր յաչաց իւրոց ո՛չ ընկէց 'ի բաց, և զգնացսն Եգիպտացւոց՝ ո՛չ թողին. և ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ 'ի վերայ նոցա, կատարել զբարկութիւն իմ' ի նոսա 'ի մէջ Եգիպտացւոցն։