Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։24

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, ասա՛ նրան․ «Դու մի անմաքուր երկիր ես, որն անձրևով չի ոռոգվել ցասումի օրը»։ [24] (Սինոդական թարգ․)
   
   Բոլոր տեսակի հասարակական հարաբերությունների շրջանակներում իր կատարյալ այլասերվածությամբ Երուսաղեմը նմանվում էր մի երկրի, որը չէր կարող որևէ պտուղ տալ, քանի որ Աստծո բարկությունը արգելք է հանդիսացել այդ երկրին անձրև շնորհելու հարցում: Այս համեմատության զորությունը հասկանալու համար պետք է հիշել, թե Պաղեստինի համար անձրևն ինչ նշանակություն ուներ. անձրևի պակասն այդ երկիրը վերածում է ոչ ավել, ոչ պակաս անապատի: Հնարավոր է, որ այդ ժամանակ Աստված իսկապես սկսեց իրագործել Հուդային բազմիցս ուղղած Իր սպառնալիքը, համաձայն որի՝ հրեա ժողովրդի ամբարշտության պատճառով Աստված նրանց անձրև չի պարգևելու (Բ Օրին. 11:17 և այլ տեղիներ):

   «Անմաքուր» - սա ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն ոչ միանշանակ արտահայտության, որը Յոթանասնից թարգմանությունը համատեքստին ավելի համահունչ փոխադրությամբ տարընթերցում է՝ «անանձրև»:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ասա՛ դրան. «Դու այն երկիրն ես, որ չես թրջւում. քեզ վրայ անձրեւ չի կաթել զայրոյթի օրը:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել։
(Գրաբար) Որդի մարդոյ ասա՛ ցդա. Դու՝ ա՛յն երկիր ես որ ո՛չ թանաս. և ո՛չ եկն անձրև ‘ի վերայ քո յաւուրս բարկութեան.