Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։14

Ա. Լոպուխին

«Բայց սա առավել ավելացրեց իր պոռնկությունները, որովհետև տեսնելով պատի վրա փորագրված տղամարդկանց՝ քաղդեացիների պատկերները՝ ներկերով նկարված»։ [14] (Սինոդական թարգ․)
   
   «Առավել ավելացրեց․․․» - Երուսաղեմը չբավականացավ ասորեստանյան պաշտամունքը սեփականելով, որով Սամարիան հագուրդ էր տվել իր հեթանոսական հակումներին, այլև Երուսաղեմը տարվեց քաղդեական պաշտամունքով և, դեռ ավելին, տարվեց այդ կռապաշտությամբ՝ նույնիսկ առանց ականատես եղած լինելու այդ պաշտամունքը բնութագրող բոլոր պատկերներին: Արևելքում, երբ կինը գտնվում էր մեկուսացման մեջ, այդ դեպքում նա կարող էր սիրահարվել օտար «տղամարդկանց»՝ ըստ այդ մարդկանց պատկերների նրանց մասին պատկերացում կազմելով։ Եվ ահա, Երուսաղեմի՝ քաղդեացիների հանդեպ առաջին համակրանքը Եզեկիելը ներկայացնում է այնպես, որ ասես այդ պատկերների միջոցով ժողովրդի մեջ ցանկություն է առաջանում քաղդեացիների նկատմամբ, և այդ քաղդեացիներին իրենց մոտ կանչելու համար Երուսաղեմը պատգամաբերներ է ուղարկում այդ քաղդեացիների մոտ: Իրականում, հնարավոր է, եղել է ընդհակառակը․ քաղդեական պատկերները երուսաղեմացիների պատերին վրա են հայտնվել քաղդեացիների հետ երկարատև ծանոթությունից և նրանց սովորույթները յուրացնելուց հետո: Մարգարեն այստեղ գործադրում է հռետորական ազատություն՝ ասես աչք փակելով օբյեկտիվ ժամանակագրության վրա: Սակայն հնարավոր է, որ Նինվե գերեվարված իսրայելացիները (հմմտ. Երեմ․ 29:3), տեսնելով այդ քաղաքի ապարանքները, պատկերների միջոցով իրենց հայրենակիցներին ծանոթացրել են քաղաքի գեղեցիկ ու տեսարժան վայրերին։ Նինվեի հուշակոթողները, Նեմրութի, Կորսաբադի և Կույունջիկի ապարանքներն իրենց պատերին ունեն պատկերներ, որոնք ամբողջովին համապատասխանում են Եզեկիելի սույն նկարագրությանը։ Դրանք պատկերում են թագավորների, իշխանների, զորահրամանատարների, ինչպես նաև՝ պատերազմական տեսարաններ: Իսկ ահա բաբելոնացիներն ու ասորեստանցիներն իրենց ծագումով և սովորույթներով այնքան սերտորեն էին միմյանց կապված, որ Նինվեի ապարանքների պատկերները կարող էին լավագույնս պատկերացում փոխանցել նաև Նաբուգոդոնոսորի կողմից կառուցված Բաբելոնի ապարանքների մասին։ Ի դեպ, այս Նաբուգոդոնոսորի թողած արձանագրությունների ուսումնասիրությունը վերջինիս ներկայացնում է հիմնականում որպես շինարար-արքա և գրեթե ոչինչ չի ասվում Նաբուգոդոնոսորի նվաճումների մասին (մինչդեռ ասորեստանցի մյուս արքաների արձանագրություններում մշտապես խոսվում էր նրանց կատարած նվաճումների մասին): Պատկերները գծագրված («փորագրված») էին պատերի վրա, իսկ այդ «գծապատկերների» խորշերը լցված էին «ներկերով» (եբրայեցերենում՝ «շաշար»,  ըստ Յոթանասնից թարգմանության, որի հետ համաձայնում է նաև Կիմխին, կրաքար («մինիում»), այսինքն՝ կարմիր կապարի օքսիդ («miltoV», սլավոներենում՝ «շարամի»), ըստ Կիմխիի ՝ «cinnabar» (կարմրավուն հանքանյութի տեսակ է)։ Պատկերների հետագա նկարագրությունը ցույց է տալիս, որ այստեղ խոսքը ոչ թե կրոնական և դիցաբանական պատկերների մասին է (ինչպես Եզեկ․ 8:10-րդ համարի պարագայում էր), այլ՝ պատերը զարդարող սովորական որմնանկարների։ Հատկանշական է այն դատապարտողական խոսքը, որը մարգարեն հնչեցնում է օտարամուտ մշակույթի տարրերի ներմուծման վերաբերյալ և որով մարգարեները հիմնականում ընդդիմանում էին օտար ազգերի ներկայացուցիչներին «պատկանող» արվեստի ներթափանցման բոլոր տեսակի փորձերին։ Մյուս կողմից էլ՝ այս հատվածը հետաքրքրական է նրանով, որ այն ցույց է տալիս, թե իսրայելացիները հայրենի երկրի սահմաններից դուրս որքան քիչ էին իրենց հեռու պահում այն ամենից, ինչն իրենց տպավորում էր (Բերթոլետ):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Սա խրուեց իր պոռնկութեան մէջ: Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով,
(Արարատ թարգ․) Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված,
(Գրաբար) Եւ յաւե՛լ ‘ի պոռնկութիւնս իւր. և ետես արս նկարեալս յորմս պատկերս Քաղդեացւոց՝ նկարեալս գրչաւ ‘ի նկարս.