Ա. Լոպուխին
«Եվ Հոգին բարձրացրեց ինձ ու տարավ ինձ։ Եվ ես գնում էի դառնությամբ, տագնապած հոգով, և Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր»։ (Սինոդական թարգ․)[14]
«Եվ Հոգին բարձրացրեց ինձ ու տարավ ինձ։ Եվ ես գնում էի» - Չի կարելի վստահաբար ասել, որ դա քամու միջոցով մարգարեի հրաշազարդ տեղափոխությունն էր օդի միջով։ Բացի այն, որ նմանատիպ ենթադրությունն ինքնին մեծապես տարօրինակ կլիներ, դրան այս պարագայում հակասում է նաև «Ես գնում էի» («Ես քայլում էր») արտահայտությունը։ Հետևաբար մարգարեն իրականում քայլում էր, սակայն քայլում էր՝ Հոգով պարուրված: Այստեղ ակնհայտորեն նկատի է առնվում կիսահրաշագործ, կիսաբնական փոխադրումը մի տեղից դեպի մյուսը, որին ենթարկվել են նաև մյուս մարգարեները՝ Եղիան (Գ Թագ․ 18:12), Եղիսեն (Դ Թագ. 2:11) և նույնիսկ առաքյալները (Գործք Առաքելոց 8:39): Թե դա իրականում ինչ էր ներկայացնում իրենից, դժվար է ասել։ Այդ արտասովոր ճանապարհորդությունը մարգարեն կատարեց «դառնությամբ, տագնապած հոգով»։ Եվ դեռ ավելին, այն առանձնահատուկ հոգեվիճակը, որի մեջ գտնվում էր Եզեկիելն իրեն հայտնված տեսիլքում, դեռևս ամբողջովին չէր լքել մարգարեին. «Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր»։
«Տագնապած հոգով» - եբրայեցերենում՝ «համատ» (apax legomenon): Ավելի ճիշտ կլինի այն թարգմանել՝ «դողահարության մեջ»։ Ընդունված տեսակետ է համարվում այն, որ մարգարեին պատած դառնությունն ու դողը Իսրայելի ամբարշտության պատճառով են եղել: Սակայն հազիվ թե այդ ամբարշտությունը մարգարեի համար տեսանելի դարձավ միայն իր այս վերջին տեսիլքի ժամանակ։ Այս իսկ պատճառով էլ, հավանաբար, ավելի արդարացի կլինի մարգարեի դառնությունն ու դողը բացատրել այն հանգամանքով, որ մարգարեն ինքն էլ գիտակցում էր իրեն սպասվող ծառայության ծանրությունը, և նրա մարդկային բնությունն էլ ընդվզում էր այդ ամենի դեմ (հմմտ․ Երեմիայի հետևյալ բացականչության հետ. «Չեմ մարգարեանալու»։ Մարգարեության կանչվելուց հետո Եզեկիելի գլխում մեկը մյուսից ավելի բարդ մտքեր պիտի առաջանային․ նա Եղիայի, Եսայիայի, Երեմիայի հետնորդն է, նրանց գործը շարունակողը։ Սակայն մի՞թե հնարավոր է շարունակել գրեթե կործանված գործը։ Աստծո Փառքի այս մեծագույն նախանձախնդիրներն ի՞նչ արդյունքի հասան իրենց գործադրած այդ անհավատալի ջանքերով: Իսրայելն ավելի լա՞վը դարձավ. «Նրանք համառ են, ինչպես իրենց հայրերը, մինչև այս իսկ օրը», - այսպես ասաց Իսրայելի մասին Ինքը՝ Տերը, Ով Եզեկիելին մարգարեության էր ուղարկել։ Իզուր չէ, որ մարգարեին ևս երկու հայտնություն, ևս երկու կանչ էր անհրաժեշտ (Եզեկ․ 3:16, 3:22 և շարունակությունը) իր համընդհանուր հասարակական ծառայությանն անցնելու համար: Յոթանասնից թարգմանության հեղինակները չէին համարձակվում այստեղ ինչ-որ դառնության և հուզմունքի վերաբերյալ միտք տեսնել. առաջին հասկացությունը նրանք փոխադրում են «բարձրանալ» բառով («metewro»), այսինքն՝ մարգարեն օդում քայլել է կիսով չափ բարձրացած վիճակով։ Այս թարգմանությունը «mar»-ի փոխարեն «ram» տարընթերցելու արդյունք է։ Իսկ ահա երկրորդ արտահայտությունն էլ փոխադրել են հետևյալ կերպ․ «Իմ հոգու ձգտմամբ», այսինքն՝ զորեղ եռանդով։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին:
(Արարատ թարգ․) Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։
(Գրաբար) Եւ Հոգի Տեառն վերացո՛յց զիս և բարձրացոյց, և երթայի՛ համբարձեալ ‘ի դիմել հոգւոյն իմոյ։ Եւ ձեռն Տեառն եղև ‘ի վերայ իմ զօրութեամբ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: