Ա. Լոպուխին
«Եվ ես եկա Թել-Ավիվ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քոբար գետի մոտ, և կանգ առա այնտեղ, որտեղ որ նրանք ապրում էին, ու յոթ օր ապշահար մնացի այնտեղ՝ նրանց մեջ»։ (Սինոդական թարգ․)[15]
Մինչև տեսիլքը «Թել Ավիվը» մարգարեի սկզբնական բնակավայրը չէր, քանի որ նա ասում է, որ եկել է այնտեղ, և ոչ թե վերադարձել է, չնայած որ այդ բնակավայրը նույնպես գտնվում էր Քոբար գետի վրա, այսինքն՝ գետի շրջակա տարածքում, առափնյա շրջանում։ Հավանաբար Քոբար գետի շրջակա տարածաշրջանում բնակվում էր համեմատաբար ավելի նշանավոր մի հրեական գաղութ, որտեղ կենտրոնացած էր տեղի հրեական վարչակազմը, ինչի մասին մենք կարող ենք եզրակացնել այն հանգամանքից, որ հենց այդ միջավայրում ենք հանդիպում «Հուդայի երեցներին» (Եզեկ․ 8:1, 14:1): Կասկած չկա, որ այս քաղաքի կամ գաղութի ունեցած մեծ դերակատարությունն էր պատճառը, որ Եզեկիելը, «տարագիրների մոտ գնալու» ընդհանրական բնույթ ունեցող հրամանին ունկնդիր լինելով, իր քարոզությունը չսկսեց այն վայրից, որտեղ ինքը բնակվում էր և որտեղ նա ինքն էլ «տարագիրների մեջ էր» (Եզեկ․ 1:1)։ Այլ մարգարեն քարոզության նպատակով գնում է Թել-Ավիվ, ինչպես որ Ամոսն իր մարգարեական կանչից հետո Թեկուայից գնաց Բեթղեհեմ, իսկ Երեմիան էլ Անաթոթից մեկնեց Երուսաղեմ: Ինչ վերաբերում է «Թել-Ավիվ»-ի անվանն ու գտնվելու վայրին, ապա պետք է ասել, որ ապացուցվել է հետևյալը․ Ասորեստանում, Միջագետքում և Սիրիայում կային բազմաթիվ վայրեր և քաղաքներ, որոնց Թել-Մելախից և Թել-Հարշիից Հրեաստան վերադարձած գերիները «Թել» նախանունով էին կոչում (Եզրաս 2:59 և Նեեմի 7:61): Բացի այդ հայտնի են նաև Թել-Բիրթե, Թել-Բազեր, Թել-Էդա և այլ բնակավայրերը։ «Թել» բառն արամեերեն նշանակում է «բլուր» և համապատասխանում է ասորերեն «տիլ» և նույնանման արաբերեն «տալ»՝ «կույտ» «շեղջ» բառերին: Առանձնապես հաճախակիորեն այս բառը կիրառվում է աղյուսների կույտերի վերաբերությամբ, որոնք շատ ու շատ հաճախ հանդիպում էին Բաբելոնի ավերակներում։ Իսկ ահա այս «Թել-Ավիվ» անվան երկրորդ բաղադրիչը՝ «Ավիվ»-ը, զուտ եբրայեցերեն մի բառ է և նշանակում է «հասկ»։ Հետևաբար, ամբողջական անունը կնշանակի «բլուր կամ հասկերի կույտ» (Հերոնիմոս Երանելի), իսկ այդպիսի անվանումն էլ կարող է խոսել այդ վայրի բերրիության մասին։ Սակայն արամեա-բաբելոնական բառի համակցությունը եբրայական բառի հետ խիստ կասկածելի է, քանի որ բաբելոներենում «հասկ» բառը «սուբուլտու»-ն է, իսկ ահա «ավիվ» բառն էլ առհասարակ գոյություն չունի բաբելոնական լեզվում։ Եվ միանգամայն անհավանական է (ինչպես կարծում է Կրեչմարը), որ հրեա գերիները վերաբնակեցված լինեին բերրի վայրերում (ուշագրավ է, որ Պեշիթոն «Թել Ավիվ» անունը թարգմանում է «վշտի բլուր»), այլ ավելի շուտ հնարավոր է, որ տեղահանված հրեաները բնակեցվել էին ավազային կուտակումներով լեցուն հսկայական տարածքներում, որոնք կոչվում էին «թիլ-աբուբի» և որոնք սփռված էին ամբողջ Բաբելոնով մեկ։ Այդ «անանուն» հողակտորներից մեկի վրա Նաբուգոդոնոսորը գործնականում կարող էր բնակեցնել հրեաների հիմնական մասին, որպեսզի նրանք կարողանային մշակել այն։ Եվ այդ հողակտորի անունն էլ հետագայում դարձավ հատուկ անուն՝ հրեականացվելով կամ դիտավորությամբ փոխվելով, որպեսզի գալիք ժամանակներում հրեաները կարողանային պարծենալ այն մտքով, որ հեթանոս Նաբուգոդոնոսոր թագավորը, որն իր արքունիքում տեղ էր հատկացրել իմաստուն Դանիելին, նրա եղբայրներին բնակության համար տվել էր լավագույն հողակտորը, ինչպես մի ժամանակ փարավոնն էր այդ նույն պատվին արժանացրել Հովսեփի եղբայրներին: «Թել-Ավիվ» անվանը նմանահունչ է հնագույն Թալլաբա քաղաքի անվանումը, որը, սակայն, 37 աստիճան լայնության և 54 աստիճան հեռավորության վրա ու շատ ավելի հյուսիսային հատվածում է գտնվում, քան Եզեկիելի Թել-Ավիվ քաղաքն էր, ուստի և չի համապատասխանում 1։1-ին համարում վկայված Քոբարին մերձակա տեղայնությանը։ Սակայն այդ Թալլաբա քաղաքը համապատասխանում Եզեկիելի կողմից նախորդիվ մատնանշված Քոբար գետի վտակներից մեկի՝ Եփրատի առափնյա շրջանում գտնվող Կարքեմիշ քաղաքին։ Յոթանասնից թարգմանությունը «Թել-Ավիվ» բառը հատուկ անուն, քաղաքի անվանում չի համարել (հավանաբար այն պատճառով, որ այն դրված է առանց նախադրյալի, ինչն իսկապես տարօրինակ է և անընդունելի իր կոպիտ հնչեղության պատճառով) և թարգմանել է «բարձրացված» (հայերեն թարգմանության մեջ՝ «վերացած») իմաստով («tala»՝ «կախել» բառից, այսինքն՝ Յոթանասնից թարգմանության համաձայն, տեքստն այսպիսի իմաստ է ունեցել․ «․․․եկել է հոգեկիր գերիների մոտ․․․») և «շրջել» («ավիվ» բառի փոխարեն տարընթերցելով գրելաձևով նման «ասով» կամ «սավիվ»՝ այդպիսով, փաստորեն, հանգելով հետևյալին․ «Շրջեցի Քոբար գետի բնակիչների մոտ) նշանակությամբ:
«Եվ կանգ առա այնտեղ, որտեղ որ նրանք ապրում էին» - սա դժվար մեկնաբանելի մի հավելում է, հատկապես երբ այս նախադասությունը դիտարկում ենք իր այն տեսքով, որով հանդես է եբրայական բնագրում․ «Ովքեր ապրում էին այնտեղ» (“touV ontaV ekei”)։ Թերևս ամենաճշգրիտ բացատրությունն այսպիսի տեսք պիտի ունենա․ «Քոբարում ապրողներին» («այնտեղ», այսինքն՝ Թել-Ավիվում): Եվ այն ենթատեքստում, որը նրան հաղորդում է ռուսերեն թարգմանությունը, այս արտահայտությունը, ըստ երևույթին, միայն ա՛յն կարող է նշանակել, որ մարգարեն գնացել է ոչ թե առհասարակ Թել-Ավիվ, այլ այդ բնակավայրի հատկապես այն շրջանը, որտեղ բնակվում էին հրեա գերիները։ Սակայն ռուսերեն թարգմանության մեջ, ինչպես որ սլավոնականում էլ է, եբրայեցերեն «վաեշեր»՝ «և որոնք» արտահայտության փոխարեն տարընթերցում են «վայեշեվ» «և նստեց», այսինքն՝ կանգ առավ:
«Ու յոթ օր ապշահար մնացի այնտեղ՝ նրանց մեջ» - «Ապշահար», եբրայեցերեն՝ «մաշմիմ», որն այլ կերպ թարգմանվում է «վշտի մեջ» (Եզրաս 9:3, 4; Դան․ 8:27): Ապշանքը կամ զարմացումը, բնականաբար, առաջանում է տեսիլքից։ Իսկ ահա տխրությունն էլ կարող էր առաջանալ 14-րդ համարում մատնանշված պատճառներից որևէ մեկի «կողմից»։ Մյուս թարգմանիչներն այս բառը թարգմանում են «լռության մեջ» (Բերթոլետ), «անգիտակիցության և համր անձայնության մեջ» (Կրեչմար), և այս երկու պարագայում էլ ապշությունն առաջանում է տեսիլքի պատճառով (այսինքն՝ Եզեկիելը միայն հետզհետե է ուշքի գալիս այն վիճակից, որի մեջ նա ընկել էր տեսիլքի ժամանակ): Յոթանասնից թարգմանության մեջ այս հազվագյուտ բառը թարգմանվում է «anastrefomenoV»՝ «գնալով», այսինքն՝ մարգարեն յոթ օր շրջել է գերիների մեջ՝ հավանաբար ծանոթանալով նրանց հետ և ուսումնասիրելով իր գործունեության հետագա շրջանակը։ Այդ վիճակում, ինչպիսին էլ որ այն լիներ, մարգարեն մնաց յոթ օր շարունակ. հրեաների համար ընդունված էր, որ հանդիսավոր վշտի ժամանակահատվածը տևում էր յոթ օր (Հոբ 2:13, Ծննդ. 40:10 և շատ այլ տեղիներ)։ Ընդհանուր առմամբ, 7-ը խորհրդանշական թիվ է, որը վերաբերում է Աստծո գործերին, իսկ ահա Եզեկիելի համար էլ՝ որպես քահանայի, այն հատուկ նշանակություն ուներ իր աստվածապաշտական կիրառության մեջ, օրինակ՝ ծիսական մաքրության, նվիրագործման ծիսակատարության առումներով (Ելք 29:29, Ղևտ․ 8:33 հմմտ․ Եզեկ․ 39:9, 12, 14): Մարգարեի՝ Թել-Ավիվ ժամանումը չէր կարող գաղտնի մնալ այնտեղի բնակիչների համար (դա է մատնացույց անում «նրանց մեջ» նկատառումը և Յոթանասնից թարգմանության տարընթերցումը. «Գնալով (քայլելով) նրանց միջով»)։ Իր տարօրինակ հոգեկան վիճակով և արտաքին տեսքով ու գուցե նաև իր հետ կատարվածի առնչությամբ համառ լռությամբ (Քոբարյան տեսիլքի նկարագրության մեջ, առ ի համեմատություն մյուս մարգարեների, նկատելի չէ այն իրողությունը, որ դա անմիջապես Եզեկիել մարգարեի կողմից պատմվում է որևէ մեկին), Եզեկիելը պետք է որ զարմանք և հետաքրքրասիրություն առաջացներ, և դա էլ մարդկանց հոգիներում հող նախապատրաստեց մարգարեի հետագա խոսքերի ընկալման համար:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ: Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ էին: Ու դադար առնելով եօթը օր նստեցի նրանց մէջ:
(Արարատ թարգ․) Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։
(Գրաբար) և մտի վերամբարձ ‘ի մէջ գերութեանն, և շրջեցայ առ բնակչօքն Քոբար գետոյ որ էին անդ. և նստայ աւուրս եւթն դադարեալ ‘ի մէջ նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: