Ա. Լոպուխին
«Երբ Ես ամբարիշտին ասեմ. «Մահով պիտի մեռնես», իսկ դու նրան չխրատես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր անօրեն ճանապարհից, որպեսզի նա ապրի, ապա այդ ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, և Ես նրա արյունը քո ձեռքերից կպահանջեմ»։ (Սինոդական թարգ․)[18]
«Երբ ես ամբարիշտին ասեմ» - այսինքն՝ «քեզ կհանձնարարեմ խոսել Իմ անունից: Հնարավոր է, որ բացի առանձին անհատներից «ամբարիշտ» (անօրեն), և ավելի ուշ էլ՝ «արդար» անունների ներքո պետք է հասկանալ «մի իդեալականացված էակի, որն անձնավորում է ողջ ժողովրդին» (Գենգստենբերգ):
«Մահով պիտի մեռնես» - Առաջին անգամ սահմանված լինելով որպես դրախտային պատվիրանը զանց առնելու պատիժ (Ծննդ․ 2։17)՝ այս սպառնալիքն այստեղ էլ նույն իմաստն ունի՝ իր մեջ բովանդակելով երկրային բոլոր աղետները, որոնց գագաթնակետը մահն է:
«Իսկ դու նրան չխրատես» - «վախի, ծուլության կամ կամայականության պատճառով» (Հերոնիմոս Երանելի):
«Նրա արյունը քո ձեռքերից կպահանջեմ» - Այս արտահայտությունը նույնպես («Մահով պիտի մեռնես» արտահայտության նմանողությամբ) փոխառված է Ծննդոց գրքից (Ծննդ․ 9:5 հմմտ․ 13:22): Անփույթ մարգարեն Աստծո կողմից պատժվում է որպես մարդասպան (մահվան մատնվելով): «Եթե մարմնական մահվան համար մեղավորը համարվում է այդքան ծանր հանցագործ, և դա այն դեպքում, որ մարմինն ամեն դեպքում պետք է մեռներ, ապա որքա՜ն ավելի ծանր է հոգու մահվան մեջ մեղավորի հանցանքը, քանի որ այդ մեռած հոգին հավերժ կապրեր, եթե լսեր իրեն հասցեագրված խրատական խոսքը» (Սբ. Գրիգոր Աստվածաբան):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու:
(Արարատ թարգ․) Երբ ես ամբարիշտին ասեմ. Անպատճառ պիտի մեռնես, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։
(Գրաբար) Յորժամ ասիցե՛մ ցանօրէնն, թէ մահո՛ւ մեռանիցիս. և դու ո՛չ զգուշացուցանիցես նմա, և ո՛չ խօսեսցիս զգուշանալ անօրինին, և դառնալ ‘ի չա՛ր ճանապարհաց իւրոց և կեալ. անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, և զարիւն նորա ‘ի ձեռաց քոց խնդրեցից։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: