Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։1

Ա․ Լոպուխին

1-3․ «Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ քո առաջ է, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տան հետ»»։ [1] «Այնուհետև ես բացեցի բերանս, ու Նա ինձ տվեց մագաղաթը, որպեսզի ուտեմ այն»։ «Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կերակրի՛ր քո որովայնը և լցրո՛ւ ներսդ այս մագաղաթով, որ Ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և այն մեղրի պես քաղցր էր իմ բերանում»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի մուտքն իր ծառայության մեջ։ Մագաղաթն ուտելը։ Տերը մարգարեի հայացքը շեղում է մագաղաթին նայելուց՝ նրան հիշեցնելով այն ուտելու վերաբերյալ Իր հաստատակամ պահանջի մասին («կե՛ր․․․կե՛ր»․ ասել է թե՝ դե կե՛ր վերջապես․ սլավոնական տեքստում այդ հրամանը («կե՛ր») հնչում է միայն մեկ անգամ, տե՛ս 1-ին համարը)։ Եվ մարգարեն իր շուրթերով ընդունում է մագաղաթը (2-րդ համար)՝ դեռևս, սակայն, չհամարձակվելով կուլ տալ այն։ Բայց Տերը հստակ և որոշակիորեն պահանջում է դա անել, այսինքն՝ ուտել մագաղաթը (և դա պահանջում է արդեն երրորդ անգամ): Սա, անշուշտ, նշանն է այն բանի, որ մարգարեն պետք է ներքուստ յուրացներ իրեն հաղորդված Աստծո խոսքը, այսպես ասած՝ այդ մագաղաթն իր ներսում միաձուլի իր մարմնին ու արյանը, որպեսզի հետագայում՝ քարոզչության ժամանակ, կարողանա այդ խոսքերը դուրս հանել իր ներսից և առանց սպառվելու խոսել։ Ուտելով մագաղաթը՝ մարգարեն նկատեց, որ, հակառակ իր սպասումների, այն քաղցր և ոչ թե միայն քաղցր, այլև նույնիսկ չափազանց քաղցր էր, ինչպես մեղրը: Սա նշան էր այն բանի, որ Աստծո խոսքը, որը բովանդակվում էր մագաղաթի մեջ, մարդու համար մշտապես «ուրախություն և սրտի ցնծություն» է (Երեմ․ 15:16, Սաղմ․ 118: 103)։ Դա նշան էր այն բանի, որ «անսահմանորեն հաճելի է լինել Բարձրյալի գործիքն ու քարոզիչը, իսկ ինչ վերաբերում է աստվածային ամենադժվարին ճշմարտություններին, ապա հոգևոր գիտակցություն ունեցող մարդու համար այդ ճշմարտություններն ունեն ուրախացնող և խաղաղեցնող հատկություն» (Գենգստենբերգ): «Մագաղաթ ուտելը հին ժամանակների և Արևելքի համար այնքան էլ տարօրինակ խորհրդանիշ չէր, որքան որ մեզ համար է տարօրինակ թվում։ Մենք խստագույնս տարբերակում ենք մարմնական ու հոգևոր կյանքը և կարծում ենք, որ սնունդը ծառայում է միայն մարմնական կարիքների բավարարմանը։ Հին ժամանակների մարդու համար սնունդն ավելին էր, քան միայն ֆիզիկական ուժի ամրապնդումը։ Հին Արաբիայում կերակրի շուրջ հաղորդակցությունը ծառայում էր որպես կյանքի (հասարակական) հաղորդակցության սկիզբ՝ միմյանց հետ մեկ սեղանի շուրջ ճաշակողներին շղթայելով նաև հոգևո՛ր ձգտումներով։ Կերակուրն ապահովում է արյան անմիջական սնուցումը, իսկ արյունն էլ, իր հերթին, հոգու «բնակավայրն» է։ Չպետք է մոռանալ, որ դրախտի ծառի պտուղն ուտելով հնարավոր էր հասնել հոգևոր իմացությանը տիրապետմանը։ Եվ, վերջապես, կարելի է հիշել նաև Երկնքի արքայության մեջ մատուցվող ընթրիքի վերաբերյալ քրիստոնեական գաղափարախոսությունը» (Բերթոլետ)։ Յոթանասնից թարգմանության մեջ 1-ին համարում բացակայում է եբրայական «կե՛ր այս մագաղաթը» նախադասությունը, քանի որ այս թարգմանության հեղինակներն այն համարվում են Երեմիայի մարգարեության 15:18-րդ համարից ազդեցության հետևանք, իսկ ահա 3-րդ համարում էլ «որովայն» բառի փոխարեն Յոթանասնից թարգմանությունն առաջարկում է «բերան» տարընթերցում, որը, հավանաբար, գրչագրի սխալի՝ «stomacon» բառը «stoma sou» արտահայտության հետ շփոթելու հետևանքն է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր իսրայէլացիների հետ»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ զոր ինչ գտանե՛ս ‘ի դմա՝ կե՛ր. կե՛ր մանր զմատեանդ զայդ. և գնա՛ և խօսեա՛ց ընդ որդիսն Իսրայէլի։