Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։15

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ նա գերեզման իջավ, Ես սուգ արեցի նրա համար, նրա համար ծածկեցի անդունդը և կանգնեցրի նրա գետերի ընթացքն ու արգելափակեցի հորդառատ ջրերը, և Լիբանանը խավարեց նրա համար, ու դաշտի բոլոր ծառերը տրտմեցին նրա պատճառով»»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   Նկարագրվում է այն տպավորությունը, որը Եգիպտոսի կործանումը կթողնի բնության և մարդկանց վրա։ Այդ կործանման հետևանքով բնությունը դրականորեն վախի և ափսոսանքի մեջ կհայտնվի:

   «Նրա համար ծածկեցի անդունդը» - ստորգետնյա ջրերը, որոնք աճեցնում և սնում էին մայրիին՝ Եգիպտոսին, կդադարեն հոսելուց և կսառչեն՝ Եգիպտոսի կործանման հետևանքով իրենց պատած տրտմությունից: Սա մի զորավոր պատկեր է, որն ակամա մտքի ընթացքն ուղղորդում է Եգիպտոսից և Նեղոսից էլ այն կողմ, դեպի հոգևոր աշխարհ և նրա խորհրդավոր ու մարդկությանը անհայտ պատմությունը:

   «Կանգնեցրի նրա գետերի ընթացքը․․․» - ա՛յն գետերի, որոնք սնուցում էին մայրուն․ դա արվեց որպես տրտմության նշան:

   «Եվ Լիբանանը խավարեց նրա համար» - քանի որ հենց մայրին էր Լիբանանի զարդարանքը։ Արդյո՞ք այստեղ թաքնված չէ սատանայի անկման և այդ իրադարձության՝ բնության և ամբողջ աշխարհի վրա ունեցած արտացոլանքի վերաբերյալ գաղափարը (հին շրջանի մեկնիչներն այս բոլոր գլուխներում այդպիսի մի թաքնված միտք էին տեսնում): Երկրային ամբողջ զորության անկումը, բնականաբար, խորապես ապրումակցվում է նաև բնության կողմից (հմմտ. Եզեկ․ 32:7-րդ համար և այլ տեղիներ):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ նա գերեզման իջաւ, անդունդները նրա վրայ սգացին: Խափանեցի նրա գետերը, խցանեցի յորդ ջրերը, ու տխրեց նրա վրայ Լիբանանը. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքուած մնացին:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում էջ ‘ի դժոխս՝ սո՛ւգ առին ‘ի խերայ նորա անդունդք. և արգելի զգետս նորա, և խի՛ց արկի ջուրց բազմաց. և տխրեցա՛ւ ‘ի վերայ նորա Լիբանան, և ամենայն ծառք դաշտի լքան վասն նորա: