Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։16

Ա. Լոպուխին

«Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու, և վիրավորվածին վիրակապելու եմ ու հիվանդին զորացնելու եմ, իսկ պարարտին ու կռվարարին բնաջնջելու եմ. նրանց հովվելու եմ արդարությամբ»։ [16] (Սինոդական թարգ․)
   
   Տերն Ինքն է հոտի համար անելու այն, ինչ Նա պահանջում էր հովիվներից (հմմտ․ 4-րդ համար․ բացատրությունը տե՛ս այնտեղ)։ Իսկ այստեղ հավելվել են հետևյալ խոսքերը․ «Իսկ պարարտին ու կռվարարին բնաջնջելու եմ»։ Թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով՝ բացատրվում է 18-րդ և 19-րդ համարներում։ Յոթանասնից թարգմանությունը, Պեշիթո և Վուլգաթա թարգմանությունները «էշմոռ» - «բնաջնջել» բառի փոխարեն տաընթերցել են «աշմիդ» - «պաշտպանել» («ու կռվարարին» արտահայտությունը Յոթանասնից թարգմանության մեջ բաց է թողնված, իսկ Վուլգաթայում թարգմանված է «fortem»)։ Այս տարընթերցման կողմնակիցները փաստարկում են, որ ոչ հաջող ոչխարների ոչնչացումը հոտին հովվելու տարօրինակ միջոց կլիներ։ Սակայն ոմանք էլ առարկում են այս նկատառմանը՝ ասելով, որ Աստված սովորական հովիվ չէ։ Եբրայեցերեն տեքստի իմաստն այստեղ որպես լավ անցում է ծառայում դեպի հաջորդող համարները և շաղկապվում է դրանց հետ սույն խոսքով. «նրանց հովվելու եմ արդարությամբ», սլավոներենում ավելի ստույգ՝ «դատաստանով եմ փրկելու քեզ», իսկ թե ինչպիսի՞ դատաստանով, տե՛ս 20-րդ համարում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կորածին փնտռելու եմ, մոլորուածին՝ յետ դարձնելու, վիրաւորուածին՝ փաթաթելու, հիւծուածին՝ զօրացնելու. գէրին ու հզօրին՝ պահելու: Բոլորին արածացնելու եմ արդարութեամբ”:
(Արարատ թարգ․) «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։
(Գրաբար) Զկորուսեալն՝ խնդրեցից, և զմոլորեալն՝ դարձուցից, զբեկեալն՝ պատեցից, և զվտեալն՝ զօրացուցից, զգէրն և զհզօրն՝ պահեցից. և արածեցից զնոսա իրաւամբք: