Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և ասա՛ նրանց՝ այդ հովիվներին. «Այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենք իրենց էին արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն»։ [2] (Սինոդական թարգ․)
Թագավորին, մարգարեին և ժողովրդական կյանքի ցանկացած առաջնորդին Հովվի կերպարով ներկայացնելը, ինչպես որ այստեղ անում է մարգարեն (հիմնականում խոսքը Հուդայի թագավորության վերջին ժամանակների և հետաքսորական շրջանի մասին է) հանդիպում է դեռևս Օս․ 13:6-րդ, Գ Թագ․ 22:17-րդ և Ես․ 40:1-ի համարներում։ Եվ չնայած որ դա մեկնիչների կողմից էլ ավելի վաղ բացատրվել է ա՛յն հանգամանքով, որ իր թագավորությունից առաջ Դավիթը հենց հովիվ է եղել, բայց այնուամենայնիվ մարգարեական գրականության մեջ այն սկսել է օգտագործվել Երեմիա մարգարեի ժամանակներից (Երեմ․ 13:17-րդ համար և շատ ուրիշ տեղիներ, Զաք 10:3 և այլ տեղիներ, Հովհ. 10-րդ գլուխ)։ Այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ասորա-բաբելոնական սեպագիր արձանագրությունների ազդեցությամբ, որտեղ կիրառվում է «ռեուտու, ռեու» բառը (հմմտ․ եբր․ «ռով»), որ նշանակում է «հովիվ»․․․Այն պետք է որ ասորիների կողմից փոխառված լինի աքքադացիների լեզվից կամ գուցե նույնիսկ նրանց նախորդներից, որոնց համար այդ բառը մի սովորական անվանում էր՝ բնութագրելու համար ցանկացած կառավարչի (այդպես էր կոչվում, օրինակ, Ներիգլիսսորը)։ Իսկ թագավորական ամբողջական տիտղոսն էր՝ «ռեու կենու», ասել է թե՝ «հավատարիմ, խելացի հովիվ» (Sanh. I, 8. Del. Z. - Wort. 602)։ Պերոզը պատմում է, որ աշխարհի առաջին թագավոր Ալորուսն Աստվածությունից հովվի տիտղոս է ստացել (հմմտ. Iliod. II, 243. Суrор. VIII, 2, 13)։
«Վա՜յ» - սլավոներենում՝ «օլե», հունարենում՝ «w», Վուլգաթայում՝ «vae» (հմմտ․ Մատթ․ 23—րդ գլուխ)։
«Չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն» - հենց ինչով էլ որ պայմանավորված էր նրանց գոյությունը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Իսրայէլի այդ հովիւների վրայ, մարգարէացի՛ր ու ասա՛ այդ հովիւներին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ո՛վ հովիւներդ Իսրայէլի, մի՞թէ հովիւներն իրենք իրենց են արածացնում. չէ՞ որ հովիւները հօտեր են արածացնում:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ մարգարեա՛ց ‘ի վերայ հովուացդ Իսրայէլի, մարգարեա՛ց՝ և ասասցես ցհովիւսդ. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ո՛ հովիւք Իսրայէլի. միթէ հովիւք զանձի՞նս արածեն. ո՞չ հովիւք զխաշինս արածեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: