Եզեկիելի մարգարեության մեկնություն 39։11

Ա. Լոպուխին

«Եվ այդ օրը այսպես պիտի լինի․ Գոգին գերեզմանի վայր պիտի տամ Իսրայելում՝ Անցորդների հովտում՝ ծովի արևելյան կողմում, և նա պիտի արգելափակի անցորդներին, և այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ զորաբանակը, և այն պիտի կոչեն «Գոգի զորաբանակի հովիտ»»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   Գոգն իր գերեզմանն է գտնելու հենց այն երկրում, որտեղ մի ժամանակ ավար է փնտրել, սակայն այդ գերեզմանը սուրբ չի լինելու, ինչպես մյուս բոլորը, այլ առանձնահատուկ զզվանք առաջացնող մի վայր է լինելու։

   «Գերեզմանի վայր պիտի տամ Իսրայելում» - բառացիորեն՝ «այն տեղը, որտեղ գերեզմանն է» (որտեղ կարող էր նրա համար գերեզման լինել)։ «Որտեղ» - եբրայեցերեն՝ «շամ» բառը Յոթանասնից թարգմանությունը տարընթերցել է «շեմ» - «անուն», դրա համար էլ այս թարգմանության հեղինակներն այդ բառը թարգմանում են «հատուկ մի տեղ», «նշանավոր վայր», կամ էլ, ինչն ավելի բնական է և ինչը որ տեսանելի է այս պարագայում՝ «անվանված», «այսպես կոչված»։

   «Գերեզման․․․Իսրայելում» - եբրայեցերենում՝ «Քեբեր-բե-Իսրայել»․․․

   «Անցորդների հովտում՝ ծովի արևելյան կողմում» - «Անցորդների հովիտ» անունով այդպիսի մի տարածք չի հայտնաբերվել: Եթե ​​«ծով» ասելով նկատի ունենանք Միջերկրական ծովը, ապա այդպիսի մի հովիտ կարող էր լինել Մեգիդդոն, որով և անցնում էր Եգիպտոսի ու Եփրատի միջև գլխավոր ռազմական և առևտրային ճանապարհը։ Այդ հովիտը պատմության մեջ հայտնի էր որպես պատերազմների վայր (Հոսիան հենց այդտեղ էր զոհվել)։ Բայց «ծով» հասկացության ներքո չի կարելի նկատի ունենալ Միջերկրական ծովը, քանի որ այդ պարագայում նրանից դեպի արևելք ընկած երկիրը կլիներ ամբողջ Պաղեստինը։ Ավելի բնական կլինի այդ «ծով»-ի ներքո հասկանալ Մեռյալ ծովը։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ «օվերիմ» - «անցորդներ» բառը տարընթերցենք որպես «ավարիմ», ապա մենք այստեղ մատնանշում կտեսնենք «Ավարիմ» լեռնային շրջանի վրա, որտեղ որ գտնվում էր հրեաների համար այդքան մեծ արժեք ունեցող Նեբո լեռը (Բ Օրին. 32:19), որն իրականում ընկած է Մեռյալ ծովից դեպի արևելք։ Սակայն դա լեռնային շրջան էր, և ոչ թե հովիտ («գե»), ինչն այստեղ «պարտադիր» պայման էր։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, «ծով» հասկացության ներքո, ինչպես որ Թարգումում է, պետք է հասկանալ Գեննեսարեթի լիճը, իսկ անցորդների (այլ կերպ ասած՝ թափառականների, քարավանների) հովիտը (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «poluandrion», սլավոներենում՝ «վայր, որը հայտնի է իր բազմաթիվ թաղումներով, ըստ Հերոնիմոս Երանելու՝ «մեծ գերեզմանոց») պետք է փնտրել այս լճին հարող Անդրհորդանանի ա՛յն հատվածում, որտեղ գտնվում են Քուբուր-Բեն-Իսրայել անունը կրող վերոնշյալ գերեզմանները։ Այս նույնականացումն էլ ավելի մեծ ուժ է ստանում՝ ելնելով այն ​​հանգամանքից, ըստ որի՝ հենց այդ վայրերում են հաստատվել սկյութների մեծ մասը, որոնց հետ իսկ, որոշակի տվյալների համաձայն, կարելի է համեմատել Գոգին․ հենց այդ լճի մոտ էր, որ ամբողջ քաղաքը՝ հին Բեթսանը, վերանվանվեց «Սկյութոպոլիս»։ Այդ տեղավայրը շատ հարմար էր Գոգին «հուղարկավորելու» համար նաև ա՛յն տեսանկյունից ելնելով՝ ըստ որի՝ տվյալ տարածքը գտնվում էր ապագա Սուրբ Երկրի (որը 47-րդ և 48-րդ գլուխների համաձայն՝ պիտի տարածվեր միայն մինչև Հորդանան) տարածքից դուրս, այնպես որ Գոգի գերեզմանատեղին չէր պղծելու Սուրբ Երկրի տարածքը, ինչի մասին որ մարգարեն այստեղ այդքա՜ն շատ էր մտահոգվում: Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է՝ «բազմաթիվ թաղումներ» (տե՛ս ավելի վերևում)՝ ծովի արևելյան կողմը եկածների համար», այսինքն՝ ըստ Թեոդորետոս Երանելու այստեղ նկատի են առնվում Իսրայելի երկրի վրա արևելքից հարձակում գործածներից շատերը, որոնք թաղված էին այդ վայրում․ այս համատեքստում խոսքն ասորեստանցիների մասին էր։

   «Եվ նա պիտի արգելափակի անցորդներին» - պրոֆեսոր Օլեսնիցկին ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ Անդրհորդանանի գլխավոր քարավանային ճանապարհի, այսպես կոչված, «արքայական» ճանապարհի վրա, որը ձգվում էր Գեննեսարեթի լճից մինչև Դամասկոս՝ այն վայրում, որտեղ այդ ճանապարհն անցնում էր «Էռ-Ռուկադ» կամրջով և որտեղ այդ կամուրջն արդեն փակում է անցնող-գնացող քարավանների ճանապարհը, մենք հանդիպում ենք դամբարանների մի հսկայական դաշտի, որը ճանապարհի երկու կողմերով ձգվում է երկար կիլոմետրեր շարունակ ու դուրս է գալիս հիմնական ճանապարհի վրա՝ բառացիորեն արգելափակելով նրան: Ավելի քիչ հավանական է այսպիսի բացատրությունը․ «արգելափակել»՝ եբրայեցերենում՝ «խոսեմեթ» բառը գործածված է Երկրորդումն Օրինաց գրքի 25:4-րդ համարում՝ ունենալով կալս անող եզին հացահատիկ օգտագործելուց կանխելու նշանակությունը, այսինքն՝ արտահայտելով բերանը փակելու իմաստը։ Սրա հիման վրա էլ այստեղ այդ բառին տրվում է բերանն ​​ու քիթը փակելու նշանակությունը. նշյալ հովիտն անցորդներին կստիպի, գարշահոտությունից դրդված, իրենց քթները փակել։ Յոթանասնից թարգմանության մեջ մի փոքր այլ կերպ է տարընթերցվում՝ «և կփակեն բնության բերանը», ասել է թե՝ այնպես կանեն, որ «այդ հովիտն ավելի շատ նմանվի գերեզմանի և առանձնացվի ու տարբերվի Սուրբ Երկրից» (Հիտցիգ):

   «Գոգի զորաբանակի հովիտ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «բազմաթաղ» (մեծ գերեզմանոց) – «poluandrion Gog», եբրայեցերեում՝ «գեյ-գամոն-Գոգ»։ Լատիներենում «զորաբանակ» բառը կարող է թարգմանվել «lеgio» (Գենգստենբերգ), բայց ավելի ստույգ այն թարգմանվում է ռուսերենում՝ «հորդա» (Օլեսնիցկի):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին: Եւ շիրիմը կոչուելու է «Գոգի հօտի գերեզման»:
(Արարատ թարգ․) «Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն Գոգի բազմության ձոր։
(Գրաբար) Եւ եղիցի եղիցի. անուանի գերեզման յԻսրայէլի. զշիրիմ եկելոցն 'ի կողմանց ծովուն, և շինեսցեն շուրջ զափամբք ձորոյն և թաղեսցեն անդ զԳովգ, և զամենայն ժողովս նորա. և կոչեսցի Գե՛հ գերեզման Գովգայ: