Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։26

Ա. Լոպուխին

«Եվ նախասրահի կողքերում ու տաճարի կողային սենյակներում և փայտե մակերեսի վրա այս ու այն կողմից կային վանդակապատ պատուհաններ՝ արմավենիներով»։ [26] (Սինոդական թարգ․)
   

   Մարգարեին մնում էր միայն խոսել նախասրահի ներքին հարդարման մասին։ Քանի որ այս նախասրահը, սրբարանի և Սրբություն Սրբոցի համեմատությամբ, առավել նվազ սրբազան մի վայր էր, ուստի նախասրահի պատերն այլևս զարդարված չէին քերովբեների պատկերներով, այլ միայն՝ վանդակապատ (Յոթանասնից թարգմանությունն այս հատվածում ունի «թաքնված» տարընթերցումը - տե՛ս 16-րդ համարի բացատրությունը) պատուհաններով, որոնք այստեղ, քերովբեների «բացակայության» ու նաև ա՛յն բանի շնորհիվ, որ պատի վրա առավել ցածրադիր տեղ էին զբաղեցնում, ավելի շատ էին աչքի ընկնում՝ ասես գրավելով վերոնշյալ սրբազան պատկերների տեղը։ Յուրաքանչյուր պատուհան իր երկու կողմերում, ինչպես քերովբեն՝ սրբարանում, ընդմիջարկված էր արմավենիների (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և չափերը», ինչը արդյունքն է այն բանի, որ այս թարգմանության հեղինակները «տիմորիմ» բառի մեջ «ռոշ» տառի փոխարեն տարընթերցել են «դալետ») զարդարանքով։ Այսպես զարդարված էին նախասրահի միայն կողային պատերը (ռուսերենում՝ «կողքերում», եբրայեցերենում՝ «կիտպօտ», ու ոչ թե՝ «կիրօտ», ընդհանրապես «պատեր»), ինչպես նաև տաճարի (եբրայեցերենում՝ «տան»․ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տաճարի կողմերը» - «pleura») կողային սենյակները ու ինչ-որ «ուբբիմ»-ներ՝ մի բառ, որը չի համապատասխանում ռուսերեն թարգմանության բացատրությանը՝ «և փայտե մակերեսի վրա»։ Գուցե այս բառը 25-րդ համարում կիրառված «ավ» բառի հոգնակի ձևն է։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ezugwmena», այսինքն՝ սենյակները միացված էին մեկը մյուսին, ինչին սլավոներենը հավելում է «փայտերով» (հնարավոր է՝ դա «ավ» բառի «էց» տարընթերցման կրկնօրինակումն է)՝ մի նկատառում, որը բավականին հետաքրքրական մի մանրամասնություն է հաղորդում, սակայն այստեղ այդ հավելումն անտեղի է։ Իմիջիայլոց, 43-րդ գլխում խոսվում է հենց այս սենյակների մասին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած:
(Արարատ թարգ․) Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։
(Գրաբար) և պատուհանք ծածուկք։ Եւ չափեաց յայսկոյս յայնկոյս զյա՛րկս կամարին, և զկողմանս տանն խառնեալ ընդ միմեանս: