Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։10

Ա. Լոպուխին

«Այլև ղևտացիները, որոնք հեռացան Ինձնից Իսրայելի ուրացության ժամանակ, որոնք, թողնելով Ինձ, թափառեցին իրենց կուռքերի հետևից, պատիժ պիտի կրեն իրենց մեղքի համար»։[10] (Սինոդական թարգ․)
   

    Իր մեջ եղող հեթանոս սպասավորների ներկայությունը չհանդուրժելով՝ սրբարանը չէր կարող հանդուրժել նաև իր օրինական սպասավորներին՝ Ղևիի հետնորդներին («ղևտացիներ» ասելով այստեղ նկատի է առնվում Ղևիի ամբողջ ցեղը), որոնք իրենք էլ Իսրայելի ուրացության ժամանակ լքեցին Յահվեին՝ կռապաշտության մեջ ընկնելով։ Աստվածապաշտական գործընթացում իրավասությունների սահմանափակման մասին խոսվում է 11-14-րդ համարներում։ Քննադատական ​​դպրոցի ներկայացուցիչներն այս հատվածում տեսնում են Հնգամատյանի կողմից առաջադրված` քահանաների և ղևտացիների միջև առկա տարբերության պատմական բացատրությունը. ղևտացիներ էին դառնում Ղևիի ցեղից սերող այն անձինք, որոնք մինչև միաստվածության հաստատումը և պաշտամունքի կենտրոնացումը Երուսաղեմում եղել էին բարձունքների և գյուղական տաճարների սպասավորներ, իսկ ահա որպես քահանաներ մնացին սադովկեցիների` երուսաղեմյան ազնվական տոհմի ներկայացուցիչները։ Պատմական հանգամանքների պատճառով առաջացած այս աստիճանակարգությունը Հնգամատյանի կողմից վերածվեց մինչև իսկ ղևտացիների և քահանաների միջև առկա ծագումնաբանական տարբերության։ Դա ապացուցվում է այն հանգամանքներով, որ

    1) Երկրորդումն Օրինաց գրքում ղևտացիները կարծես թե հավասար էին քահանաներին,

    2) Եզեկիելի մարգարեության մեջ այս հավասարությունը վերացվում է և շեշտվում է նրանց միջև առկա տարբերությունը,

    3) այսպես կոչված «Քահանայական օրենսգրքում» (որը Ղևտացվոց գրքի մի մասն է համարվում) այս տարբերությունը վերագրվում է արդեն Մովսեսի ժամանակներին (Սմենդ)։ Չխոսելով այս վարկածը հաստատող այլ, կամայական փաստարկումների մասին (օրինակ՝ Երկրորդումն Օրինաց գրքի մասին, որտեղ, բովանդակային ընդհանրականության պատճառով, որևէ հիմք չկա կանգ առնելու քահանաների և ղևտացիների տարբերության վրա)` պետք է նշենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նաեւ ղեւտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորուել էր, մոլորուել-հեռացել իմ ճանապարհից՝ հետեւելով իրենց խորհուրդներին, - նրանք էլ են պատժուելու ըստ իրենց անօրէնութիւնների:
(Արարատ թարգ․) Այլև ղևտացիները, որոնք ինձնից հեռացան, երբ Իսրայելը մոլորվեց, մոլորվեցին ինձնից և իրենց կուռքերին հետևեցին, պիտի կրեն իրենց անօրենությունների պատիժը։
(Գրաբար) Այլ և Ղևտացիքն որք հեռացան յինէն ‘ի մոլորել ժողովրդանն. որ մոլորեցան յինէն զհետ խորհրդոցն իւրեանց, և ընկալցին ըստ անօրէնութեանց իւրեանց: