Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։12

Ա. Լոպուխին

«Որովհետև նրանք ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար ամբարշտության գայթակղություն եղան, ուստի Ես Իմ ձեռքը բարձրացրի նրանց վրա, - ասում է Տեր Աստված, - և նրանք պատիժ կկրեն իրենց մեղքի համար»։ [12] (Սինոդական թարգ․)
   

    Ղևտացիների կռապաշտությունն էլ ավելի աններելի մեղք է համարվում իրենց, քան թե` ժողովրդի համար, քանի որ ղևտացիները մտադիր էին ուղղակիորեն ծառայել Աստծուն, սակայն սկսեցին ծառայել կուռքերին. և այժմ` նոր տաճարում, ղևտացիները պիտի ծառայեն ոչ այնքան Աստծուն, որքան այն ժողովրդին, որին նախկինում, իրենց ունեցած հեղինակավոր դիրքից ելնելով, սեփական օրինակով գայթակղության մեջ էին գցել («ամբարշտության գայթակղություն», սլավոներում` «անարդարության տանջանք» - տե'ս Եզեկ. 7:19-րդ համարում «անօրինության պատճառ» արտահայտության բացատրությունը:»): Աստված երդումով («Ես Իմ ձեռքը բարձրացրի նրանց վրա» - տե՛ս Եզեկ. 20:5-րդ համարի բացատրությունը) նրանց պատիժ է խոստանում այս աղաղակող (հենց սա էլ առաջացնում է երդման անհրաժեշտությունը) մեղքի համար:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ իրենք սպասաւորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրաւութեան համար էլ Իսրայէլի տունը տանջանքների է մատնուել: Դրա համար է որ ձեռքս բարձրացրի նրանց վրայ, - ասում է Տէր Աստուած, - եւ ըստ իրենց անիրաւութիւնների էլ նրանք պատժուելու են:
(Արարատ թարգ․) Որովհետև նրանց ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար անօրենության գայթակղություն եղան, ուստի երդվեցի նրանց վերաբերյալ,- ասում է Տեր Աստված,- որ կկրեն իրենց անօրենությունների պատիժը։
(Գրաբար) փոխանակ զի էին նոքա սպասաւորք առաջի կռոցն նոցա. և եղև տանն Իսրայէլի այն ‘ի տանջանս անիրաւութեան։ Վասն այնորիկ ամբարձի զձեռն իմ ‘ի վերայ նոցա ասէ Տէր Աստուած. և ընկալցին ըստ անօրէնութեան իւրեանց.