Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։23

Ա. Լոպուխին

«Նրանք Իմ ժողովրդին պետք է սովորեցնեն տարբերել սուրբը՝ անսուրբից, և նրանց բացատրեն, թե ինչն է անմաքուր և ինչը՝ մաքուր»։ [23] (Սինոդական թարգ․)
   

    Քահանաներից ակնկալվող վերոթվարկյալ պահանջներն ավելի շուտ արտաքին ու բացասական բնույթ էին կրում։ Այժմ մատնանշվում են դրական և ներքին բնույթ ունեցող պահանջները, որոնց կատարումը քահանային ավելի մեծ սրբության էր հասցնում։ Միայն իր կերպարով արդեն քահանան, նախևառաջ,  համարվում էր երկրի վրա սրբության (այսինքն` ա'յն զորության, որը քահանային կանգուն էր պահում) պահապանը: Միայն քահանային էր տրված ամեն տեսակի սրբության նկատմամբ իրական ճանաչողության և հաղորդակցության զգացումն ունենալու շնորհը, քանի որ երկրի վրա գտնվող ամեն սուրբ բան պատկանում է Աստծուն և կրում է Նրա կնիքը: Քահանաները մարդկանց սովորեցնում են սրբությունը տարբերակել անսուրբից՝ այդպիսով իսկ պաշտպանելով Աստվածության գաղափարը աշխարհային որևէ երևույթի հետ (նկատի են առնվում հեթանոսությանը բնորոշ երևույթները) խառնակումից: Բացի այդ` քահանաները ուսուցանում են նաև տարբերել մաքուրը, (այսինքն՝ երկրային այն ամենը, ինչը որ արժանի է Աստծուն մերձենալուն) անմաքուրից (հմմտ. Ղևտ. 9:10, ինչպես նաև` Եզեկ. 11-16, 21), Եզեկ. 22:26, Մաղ. 2:7):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ:
(Արարատ թարգ․) Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն սուրբի և անսուրբի տարբերությունը և անմաքուրի ու մաքուրի տարբերությունը հասկացնեն նրանց։
(Գրաբար) Եւ զժողովուրդն իմ ուսուսցեն ընտրե՛լ ‘ի մէջ սրբոյն և պղծոյն. և ‘ի մէջ անարատին և արատաւորին: