Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։25

Ա. Լոպուխին

«Մեռած մարդուն նրանցից ոչ ոք չպիտի մոտիկ գնա, որպեսզի անմաքուր չդառնա․ միայն հանուն հոր և մոր, հանուն որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ նրանք կարող են իրենց անմաքուր դարձնել»։[25] (Սինոդական թարգ․)
   

    Քահանայից ակնկալվող նշված պահանջներին ավելացվում է ևս մեկը, որը, ակնհայտորեն, նվազ կարևոր է, սակայն անհրաժեշտ պայման է քահանայի սրբության ամբողջականության և կատարելության, այդ սրբությունն անկորնչելի պահելու համար. քահանան չպետք է մոտենա (եբրայեցերենում` «bo», սլավոներենում` «թող չգան», և ոչ թե միայն` չշոշափեն - Ղևտ. 21:1-3-ում` «պղծվել», սակայն թե արդյոք խոսքը դիպչելու կամ մոտենալու մասին է` ոչինչ չի ասվում) մահացած մարդու (Յոթանասնից թարգմանության մեջ` «մարդու հոգու վրա»): Հեթանոսությունը նույնպես նմանատիպ հրահանգներ էր տալիս իր քրմերին. Յուպիտերի Ֆլամինիայի մասին խոսվում է Noct. Attic. Ч, 15-ում. «Երբևէ չգնաք այն տեղը, որտեղ դիակների այրում են կատարում, և երբեք չդիպչեք մահացածներին»: Ղևտ. 21:1-3-րդ համարների համաձայն` բացառություն էր արվում միայն ամենամոտ ազգականների դեպքում, չնայած որ վերջիններս նույնպես անմաքուր էին, ինչի մասին միտումնավորաբար ասվում է. «Հանուն նրանց (իրենց ամենամոտ ազգականների) նրանք (քահանաները) կարող են իրենց անմաքուր դարձնել» (սլավոներենում ավելի ստույգ և ավելի արտահայտիչ լինելու համար գործածվում է «պղծվել» բառը): Ահա այսպիսին է Աստծո խոնարհումը մարդկային տկարությունների նկատմամբ: Հատկանշական է, որ`

    ա) քահանայի արյունակից ազգականների թվում բացառվում է նրա այն քույրը (ոչ դուստրը), որն ամուսնացել կամ անցել է այլ տոհմի կազմի մեջ,

    բ) քահանայի կինը նույնպես ներառված չէ այս ցանկի մեջ, քանի որ թվարկված մյուս անձանց հետ արյունակցական որևէ կապ չունի, ինչը լույս է սփռում Եզեկ. 24:15-րդ և նմանօրինակ այլ համարների վրա: Եթե ներկայիս օրենքը դիտարկենք Եզեկիելի վերաբերությամբ` այն համատեքստում, որ նա իսկապես քահանա էր, ապա բոլորովին պարզ կդառնա Աստծո պատվիրանը, որը Եզեկիելին պատգամում էր չսգալ իր կնոջ մահը: Ղևտ. 21:10-րդ համարը քահանայապետին արգելում է «պղծվել» նույնիսկ իր  ամենամերձավոր ազգականների մահվան դեպքում, մինչդեռ Եզեկիելը նոր տաճարի տեսիլքում ընդհանրապես չի խոսում քահանայապետի կերպարի մասին։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Մարդու դիակի մօտ թող չգան, որ չպղծուեն, բացի հօր կամ մօր, որդու կամ դստեր, եղբօր կամ չամուսնացած քրոջ դիակից:
(Արարատ թարգ․) Եվ մեռած մարդու մոտիկ չպիտի գնան, որպեսզի անմաքուր չլինեն, այլ միայն իր հոր և մոր, որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ մոտիկ գնան. կարող են անմաքուր լինել։
(Գրաբար) Եւ ‘ի դի՛ մարդոյ մի՛ մտցեն պղծիլ. բայց թէ ‘ի հօր կամ ‘ի մօր՝ և յուստերս և ‘ի դստերս՝ ևս յեղբօր և ‘ի քեռ՝ որ առն չիցէ տուեալ՝ պղծեսցին: